Հայերեն   English   Русский  

​Մնացականյանների տուն. հին Երևանի մի փոքրիկ անկյուն Կողբացու փողոցում


  
դիտումներ: 15462

Եթե զբոսաշրջիկներն այցելեն Երևան ու հանգրվանեն Կողբացի 22 հասցեում գտնվող «Վիլլա Դելենդա» հյուրատանը, ապա հյուրատան դիմաց տեղադրված տեղեկատվական վահանակից կիմանան, որ իրենք գտնվում են հին Երևանի պատմամշակութային շենքերից մեկում՝ կառուցված XIX դարավերջին։

Մնացականյանների տուն

Մնացականյան եղբայրների բնակելի տուն՝ կառուցված 1898 թվականի մարտի 14-ին

Հազվադեպ է պատահում, երբ հին շենքերի ոչ միայն ճշգրիտ տարեթիվն է պահպանված, այլև ամիսն ու ամսաթիվը: Տանտերերը՝ Գեղամ և Հովհաննես Մնացականյանները, տունը կառուցելիս հավանաբար մտածել են սերունդներին այդ հիշողությունը փոխանցելու մասին և հենց շենքի ճակատին՝ մի մասում՝ հայերեն, մյուսում՝ ռուսերեն, արձանագրել են. «Մնացականյան եղբայրք, 1898, 14/3», «Бр. М., 1898, 14/3»։


Ովքե՞ր էին Մնացականյան եղբայրները

Գեղամ և Հովհաննես եղբայրներն առևտրականներ էին։ Նրանք առաջինն էին, որ Երևանում՝ Աստաֆյան (Աբովյան) փողոցում, բացեցին ոսկյա իրերի և գոհարեղենի խանութ՝ եվրոպական զարդերի նորաձև շունչը բերելով Գերմանիայից, Լեհաստանից և Ռուսաստանից:

1916 թվականին Գեղամ Մնացականյանը վախճանվում է: Եղբայրը՝ Հովհաննեսը, շարունակում է վարել խանութի գործերը մինչև 1917 թվականի հեղափոխությունը: 1919 թվականին Հովհաննեսն ընտանիքով տեղափոխվում է Ռոստով, որտեղ առանձնատուն ուներ և խնայողություններ բանկում։ Սակայն հասնելով տեղ՝ իմանում է, որ խորհրդային իշխանությունները բռնագրավել են իրենց ունեցվածքը։ Հովհաննեսը գալիս է Հայաստան, սակայն իշխանությունները նրան են վերադարձնում ընդամենը մի փոքրիկ անկյուն իր առանձնատանը: Շուտով Հովհաննեսը նույնպես մահանում է, իսկ նրանց ժառանգները դեռ ապրում են Երևանում:

Մնացականյանների ժառանգները

Լևոն Սահակյանը Գեղամ Մնացականյանի ծոռն է: Պատմում է, որ տան ձախ հատվածը, որտեղ հյուրատունն է, պատկանել է Գեղամին, աջ հատվածը՝ Հովհաննեսին:

Մնացականյանների տուն

Գեղամը մահացել է տան կառուցման ժամանակ: Լևոն Սահակյանի խոսքով՝ տան հատվածում եղել է Մնացականյան եղբայրների պապական տունը, և նրանք տունը կառուցել են հին տան քարերով: Երբ Գեղամը մահացել է, կինն է ավարտին հասցրել տան իրենց հատվածի կառուցումը: Գեղամն ունեցել է 3 երեխա՝ 2 աղջիկ, մի տղա: Աղջիկները ժառանգներ չեն ունեցել, իսկ տղան՝ Լևոնը, ունեցել է մի աղջիկ՝ Նելլին, որն էլ իր որդուն՝ զրուցակցիս, անվանակոչել է իր հոր` Լևոն Մնացականյանի (Գեղամի որդու) անունով: Նելլին ամուսնացել է Վլադիմիր Սահակյանի հետ, և նրանք ապրել են Նելլիի հոր՝ Լևոն Մնացականյանի տանը:

Նելլին երկար տարիներ Չայկովսկու դպրոցում եղել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, մահացել է 2006 թվականին:

Լևոն Սահակյանն ասում է, որ Մնացականյան եղբայրները միայն ոսկու վաճառականներ չեն եղել, այլև հայտնի առևտրականներ և զբաղվել են նաև կահույքի ներկրմամբ եվրոպական տարբեր երկրներից, ինչպես նաև գորգերի արտահանմամբ:

Մինչև 1990-ականների վերջերը Գեղամ Մնացականյանի ժառանգներն ապրել են իրենց պապական տանը: Սակայն Լևոն Սահակյանը ստիպված է եղել վաճառել տունը, քանի որ այն վատ վիճակում էր, հիմնանորոգման կարիք ուներ, իսկ իրենք հնարավորություն չունեին: Գնորդին՝ իտալացի Մոնտալոյին, վստահել էին, քանի որ խոստացել էր շենքը հիմնանորոգել՝ պահպանելով արտաքին տեսքը:

Մնացականյանների տուն

Ինչ վերաբերում է Գեղամ Մնացականյանի եղբոր՝ Հովհաննեսի ժառանգներին, ապա, ինչպես գրել ենք, Հովհաննեսն ընտանիքով տեղափոխվել էր Ռոստով և, ըստ Լևոն Սահակյանի, վերադարձել է 1923 թվականին, երբ իմացել է, որ սովետական իշխանությունները որոշել են իր տունը քանդել, տեղը այլ բնակելի շենք կառուցել: Նա վերադառնում է, շենքը հանձնում իշխանություններին, որտեղ իրեն մի փոքրիկ հատված են տալիս ապրելու: Հետաքրքիր է, որ Գեղամի կինն ու երեխաները շարունակում են զբաղեցնել իրենց հատվածն ամբողջությամբ:

Հովհաննես Մնացականյանը 2 դուստր է ունեցել՝ Դուշիկն ու Թերեզան, վերջինս ժամանակին հայտնի մանկաբույժ էր: Իսկ Դուշիկը երաժիշտ էր, մանկապարտեզում երաժշտության դասեր էր տալիս: Երկու քույրերն էլ ժառանգներ չեն ունեցել, բայց հետագայում Դուշիկը մի աղջիկ է որդեգրել:

Փաստորեն Մնացականյանների շառավիղներից այսօր Լևոն Սահակյանն է մնացել, որն ունի 2 աղջիկ, 3 թոռ:

Մնացականյանների տուն

Խանամիրյաններ՝ Մնացականյանների տան հնաբնակները

Մնացականյանների տունը երկու մասից է բաղկացած: Հյուրատունը գտնվում է Ձախ թևում, իսկ աջում՝ Կողբացի 22/1 հասցեում, բնակելի հատված է, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ ապրում են հին երևանցիներ՝ Խանամիրյանների գերդաստանը: Նոնա Խանամիրյանը դժվարությամբ է համաձայնում հարցազրույց տալ: Ասում է, թե լավ գիտի մեր այցելության բուն պատճառը. «Ձեզ մի բան է հետաքրքրում… Դուք ինչ-որ մեկի կողմից եք ուղարկված: Միշտ էլ հենց շենքը գերակա շահ ճանաչելու որոշումը թարմացնում են՝ սկսում են լրագրողներ ուղարկել: Բայց ես էս տանը ապրել եմ, ապրում եմ ու պիտի ապրեմ»,- անբեկանելի տոնայնությամբ ասում է տիկին Նոնան, և իմ փորձերը համոզելու, որ այս անգամ սխալվում է, ապարդյուն են անցնում: Տիկին Նոնան ավելի լավ գիտի, քանի որ ո՛չ առաջինն եմ, ո՛չ էլ վերջինը: Հուսանք, որ հոդվածը կարդալուց հետո գոնե կհամոզվի, որ բացառություններ միշտ էլ լինում են:

Ինչևէ, Նոնա Խանամիրյանը պատմում է, որ իր պապը 40-ականներին տունը գնել է Մնացականյանների ժառանգներից: «Էստեղ հիմա Խանամիրյանների երեք եղբայրների ժառանգներն են ապրում: Բայց ես հիշում եմ նաև Մնացականյաններին: Նրանց քույրն էլ ատամնաբույժ էր»,- ասում է նա:

Հետո տիկին Նոնան վերադառնում է ցավոտ թեմային՝ կառավարության՝ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու արդեն որերորդ որոշմանը:

Նշենք, որ դեռև 2009 թվականի փետրվարին Երևանի Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել էր «գերակա շահ»: Հենց այս հատվածում պետք է իրականացվի «Հին Երևան» ծրագիրը, որը տարեցտարի հետաձգվում է ներդրումների բացակայության պատճառով: «Հին Երևան» ծրագրով տարածքում բնակելի հատվածներ չեն նախատեսվում, այն առևտրահասարակական նշանակության գոտի է լինելու, ուստի ծրագրի իրականացումից առաջ բնակիչները պետք է լքեն իրենց տները:

Մնացականյանների տուն

«Այսինքն՝ քարուքանդ են անում, հին երևանցիներին էլ հետը վերացնում: Ես էստեղ եմ ծնվել և մոտ 60 տարի է՝ էստեղ եմ ապրում ու չեմ պատրաստվում ուրիշ տեղ գնալ,- ասում է տիկին Նոնան ու հավելում, որ գերակա շահ ասվածը պետք է արդարացված լինի լուրջ գործոններով,- քիչ թե շատ հասկացող մարդը լավ գիտի, որ պետության համար գերակա շահ կարող է ճանաչվել շատ քիչ դեպքերում՝ կարևոր տրանսպորտային հանգույցի կառուցում և այլն: Բացի այդ, պետության համար գերակա շահը մի անգամ են ընդունում, իսկ հիմա ամեն տարի էդ որոշումները թարմացնում են, քանի որ ամեն տարի չեն կարողանում ծրագիրն իրականացնել: Հայրս՝ այս տան ժառանգորդը, մահացել է 2009 թվականին, հորեղբայրս՝ մյուս ժառանգորդը, 2010 թվին: Բայց ամեն տարի հանգուցյալների անունով Երևանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակից նամակ է գալիս, մեզ տարածքի օտարման վերջնաժամկետ են նշանակում»:

Նոնա Խանամիրյանն ասում է, որ եթե իրենց հետ հաշվի նստեն, նորմալ առաջարկներ ներկայացնեն, միգուցե իրենք քննարկեն իրենց պապական տներից հրաժարվելու հարցը: Բայց լավ գիտենք, թե Երևանի կենտրոնում որքան մարդ է այս տարիներին դարձել գերակա շահի զոհ, և հիմա հատուկենտ պահպանված հին շենքերի բնակիչները չեն ուզում դառնալ հերթական զոհը:

Թե ինչպես է իտալացին կրծքով պաշտպանել պատմամշակութային շենքը

Մնացականյանների տուն

«Վիլլա Դելենդա» հյուրատունն ու խեցեղենի ցուցասրահը, որոնք տեղակայված են Կողբացի 22 հասցեում՝ Մնացականյանների տան ձախ հատվածում, պատկանում են Հայաստանում բնակություն հաստատած իտալացի բարերար, Իտալիայի պատվո հյուպատոս, «Հոգ ընտանիքին» հիմնադրամի նախագահ Անտոնիո Մոնտալտոյին, որը շենքը գնել է 2001 թվականին, Մնացականյանների ժառանգներից:

Երբ իտալացին շենքը գնել է, այն կիսաքանդ ու խարխուլ էր: Նա հիմնանորոգել է, վերականգնել շենքի արտաքին տեսքը, մասամբ նաև ներքինը: Հյուրատան ողջ ինտերիերը հին հայկական միջավայրով է ձևավորված, և օտարերկրացի հյուրերն այստեղ իսկապես կարող են զգալ հին Երևանի շունչը: Շենքի նկուղային հատվածում գործում է նաև Գյումրիում պատրաստվող խեցեղենի յուրահատուկ ցուցասրահը:

Հիմնադրամի տնօրեն Անտոնիո Մոնտալտոյի օգնական Լուսինե Դավթյանն ասում է, որ հյուրատան և խեցեղենի ցուցասրահի ողջ հասույթը տրամադրվում է Սպիտակի և Գյումրու արվեստի դպրոցներին, Հայաստանի մարզերում և Արցախում Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններին: «Հիմնադրամի ընդհանուր գաղափարախոսությունը երկու ուղղություն ունի. առաջինը հնի պահպանությունն է՝ շենքի պահպանում, վերականգնում, պատմական միջավայրի ապահովում, երկրորդը՝ ուսուցում և աշխատանք»:

Մնացականյանների տուն

Ի դեպ, Մոնտալտոն նման մի պատմամշակութային հուշարձան-շենք էլ ձեռք է բերել Գյումրիում, վերականգնել, և այժմ այն նույնպես ծառայում է իբրև հյուրատուն: Իսկ Մոնտալտոն Երևանից տեղափոխվել է Գյումրի:

Լուսինե Դավթյանն ասում է, որ երբ Մոնտալտոն ձեռք է բերել Մնացականյանների շենքը, այդ ժամանակվանից սկսած՝ պարբերաբար շենքի նկատմամբ ոտնձգություններ են եղել, սակայն հակառակ կառավարության՝ տարածքը գերակա շահ ճանաչելու մասին որոշումներին, հակառակ ամեն ինչի, իտալացին իրականացրել է վերականգնման աշխատանքներն ու բառիս բուն իմաստով սեփական կրծքով պաշտպանել պատմամշակութային շենքը քանդման կամ այլ վտանգներից: Մոնտալտոյի շնորհիվ շենքն այսօր պահպանված է, ունի գեղեցիկ, խնամված տեսք, իսկ ներքին միջավայրն ամբողջությամբ հին հայկական է: Այն իսկապես մի կտոր Հին Երևան է մեր մայրաքաղաքում, որն արժե պահել ու պահպանել՝ հարկ եղած դեպքում՝ առանց փոփոխությունների ներառելով «Հին Երևան» նախագծի մեջ:

Մնացականյանների տուն

Ինչ վերաբերում է շենքի բնակիչներին, ապա ցավալի է, որ «Հին Երևան» ծրագրով բացառվում է բնակելի հատվածի գոյությունը: Մինչդեռ Հին Երևանը միայն հին շենքերը չեն, և եթե ուզում ենք իսկապես վերականգնել պատմամշակութային միջավայրը, ապա պետք է ուրախ լինել, որ այդ շենքերում դեռ ապրում են հնաբնակներ, հին երևանցիներ, որոնց կյանքն ու կենցաղը այդ միջավայրի անբաժանելի ու արժեքավոր մասն են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: