Հայերեն   English   Русский  

​Կրթության ֆինանսավորման նվազեցումն օրենքի խախտում է. Սերոբ Խաչատրյան


  
դիտումներ: 9076

Առաջիկա տարիներին կրճատվելու են պետբյուջեից կրթությանը հատկացվող գումարները։ Ըստ օրերս հաստատված կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ 2018-ին կրթությանը կհատկացվի ՀՆԱ-ի 2,19 տոկոսը, 2019-ին՝ 1,99 տոկոսը, իսկ 2020-ին՝ 1,85 տոկոսը։ Նշենք, որ այս տարի կրթությանն է հատկացվել ՀՆԱ-ի 2,39 տոկոսը։

Կրթության փորձագետների կարծիքով՝ ֆինանսավորման նվազեցումը հարցականի տակ է դնում կրթական բարեփոխումների արդյունավետությունը։

«Ընդհանրապես մենք այս պարագայում արդեն օրենք ենք խախտում։ Ունենք Ազգային ժողովի կողմից հաստատված «Կրթության զարգացման պետական ծրագիր» 2011-2015 թթ. համար, որն արդեն ավարտվել է և որի համաձայն՝ 2015-ին մենք արդեն պետք է ՀՆԱ-ի 4 տոկոսը հատկացնեինք կրթությանը։ Մենք ոչ միայն չհասանք սահմանված ցուցանիշին, այլև հազիվ մոտեցանք 3-ին, հետո քիչ-քիչ իջեցրեցինք»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում հատկապես մտահոգվում է անապահով ընտանիքների երեխաների կրթությամբ։

«Այս անկումը հարուստների երեխաների վրա որևէ անդրադարձ չի ունենա. նրանց մեծ մասը սովորում է մասնավոր դպրոցներում, հաճախում է մասնավոր պարապմունքների։ Այս անկումը հիմնականում կվերաբերի աղքատ երեխաներին, որոնց կրթության միակ հույսը, հենարանը դպրոցն է»,- ասում է նա։

Խաչատրյանը նշում է, որ դպրոցներն էլի կգործեն, դասեր կիրականացվեն, սակայն քանի որ կվատանա դպրոցի, հետևաբար նաև ուսուցիչների ֆինանսական վիճակը, կվատանա նաև մատուցվող կրթության որակը։

Նա նշում է, որ եթե ուսուցիչները համաձայնում են քիչ փողով աշխատել, դա դեռ չի նշանակում, որ չեն դժգոհում։ «Ամեն ինչ իր գինն ունի։ Այս իրավիճակում ուսուցիչներն ավելի վատ կսկսեն աշխատել»,- ասում է նա։

Խաչատրյանը կարծում է, որ ֆինանսավորման կրճատումը բացասաբար կանդրադառնա նաև բարձրագույն կրթական համակարգի վրա։ Բուհերն առանց այդ էլ ֆինանսական խնդիրներ ունեն, քանի որ նվազել է ուսանողների թիվը։ «Բուհերում էլ ներքին օպտիմալացում կա. ուսանողների թվի նվազման պատճառով դասընթացները կրճատվում են, ինչի հետևանքով նաև դասախոսների ծանրաբեռնվածությունն է նվազում»,- ասում է Խաչատրյանը։ Նա նշում է, որ հաջորդ տարի, երբ դպրոցների շրջանավարտների թիվն անհամեմատ փոքր է լինելու այս տարվա ցուցանիշից, անկումը բուհերում ավելի կտրուկ ու զգալի կլինի։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էլ, խոսելով կրթության ֆինանսավորման նվազեցումից, հարց է ուղղում երկրի վարչապետին. «Եթե ուզում եք բարեփոխումներ անել, բայց ֆինանսավորումը գնալով պակասեցնում եք, ինչպե՞ս եք բարեփոխելու»:

Բախշյանը նշում է, որ այս տարվա միասնական քննությունների արդյունքները փաստում են, որ մեր կրթության որակը, հատկապես՝ բնագիտական ոլորտում, սարսափելի է: Կրթական ոլորտի բարեփոխումների համար հատկացված գումարը բավարար չէ ։

Անդրադառնալով այն իրողությանը, որ բոլոր հնարավոր ամբիոններից պետական պաշտոնյաները կարևորում են կրթությունը, սակայն դրան զուգահեռ կրճատում ֆինանսավորումը, Խաչատրյանն ասում է. «Խոսքերով կարևորելն արդեն պետք է լուրջ չընդունենք։ Եթե մեկն ամբիոնից ասում է, որ կրթությունը կարևոր է, դա պետք է այլևս լուրջ չընդունենք, եթե դրա տակը գումար չկա»։

Որպես օրինակ՝ Խաչատրյանը մատնանշում է օրենքի դրույթը, որի համաձայն՝ այս տարվանից 12-ամյա կրթությունը պարտադիր է Հայաստանում. հիմնական դպրոցի շրջանավարտները կրթությունը պետք է շարունակեն ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Նա հարց է բարձրացնում՝ որքա՞ն գումար է ներդրվելու ծրագրի իրականացումն ապահովելու համար։

«Ունենք բազմաթիվ գյուղեր, որտեղից տրանսպորտ չկա քաղաք գնալու համար։ Եթե այդ գյուղի երեխան չի ուզում ավագ դպրոց գնալ, այլ ուզում է արհեստագործական կրթություն ստանալ, ինչպե՞ս ենք ապահովելու դա, գյուղում արհեստագործական հո՞սք ենք ստեղծելու, թե՞ նրա տրանսպորտի ծախսերն ենք հոգալու, որ մարզկենտրոն հասնի։ Առանց գումարի ծրագիր է։ Սրա հետևանքը կլինի այն, որ այդ երեխան կգնա, կգրանցվի գյուղի դպրոցում, բայց նորմալ չի հաճախի։ Այսինքն՝ թղթի վրա կունենանք, որ բոլոր երեխաները 12 տարի դպրոց են գնում, բայց փաստացի շատ երեխաների համար դա ձևական բնույթ կկրի»,- ասում է Խաչատրյանը։

Անդրադառնալով միջազգային պրակտիկային՝ նա նշում է, որ միջազգային փաստաթղթերով կրթության ֆինանսավորման շեմ է սահմանված ՀՆԱ-ի առնվազն 3 տոկոսը։

«Շեմը 3 տոկոս է, բայց մենք ուզում ենք 2 տոկոսից էլ իջնել։ 2 տոկոսից պակաս ֆինանսավորումն աննախադեպ ցածր է, շատ քիչ երկրներ կան, որ 2 տոկոսից քիչ են հատկացնում կրթությանը»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենց սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Հայաստանին մոտ երկրները սովորաբար կրթությանը հատկացնում են ՀՆԱ-ի 2-3 տոկոսը, իսկ կրթության ֆինանսավորման միջին ցուցանիշը ՀՆԱ-ի 4 տոկոսն է, չնայած կան երկրներ, որ մինչև ՀՆԱ-ի 7 տոկոսը հատկացնում են կրթությանը։

«Ինչ-որ շեմ կա, որը պետք է ապահովես, որ կարողանաս հույս ունենալ, թե այդքանով էլ կարելի է մի բան անել։ Բայց հիմա այդ շեմը մենք վաղուց հատել ենք»,- ասում է նա։

Ավելի վաղ Սերոբ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով կրթության ֆինանսավորման նվազեցմանը, գրել էր. «Եթե կրթության որևէ մասնագետի ասեք, որ ձեր երկիրը 2 տոկոսից ցածր է հատկացնում կրթությանը, ապա պարզապես լուրջ չեն ընդունի ձեզ։ Օրինակ՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը 2.2 տոկոս է տալիս կրթությանը, Բենինը և Բուրկինա Ֆասոն՝ 4 տոկոսից ավելի։ Այսպիսով, Հայաստանի կրթության կարգախոսը հետևյալն է. գեղեցիկ խոսքեր‚ հավակնոտ ծրագրեր‚ բայց ոչ մի կոպեկ փող»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: