Հայերեն   English   Русский  

​Ո՞ւմ են հետաքրքիր խնդիրներդ, եթե ճանապարհ չես փակելու


  
դիտումներ: 8003

Անգամ կարկուտը փոխեց «ձեռագիրը», իսկ նրա դեմ պայքարի պատասխանատուները՝ ոչ:

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. այս ասացվածքը կարծես թելադրված է իրական կյանքի փորձից: Օրինակ՝ Արարատյան դաշտում ամեն տարի կարկուտը ծեծում է, այնպես է ծեծում, որ ամբողջ տարվա ընթացքում բոլորը մտածում են, թե դրա հետևանքներն ինչպես են վերացվելու:

Այս տարին էլ բացառություն չէր: Հունիսի սկզբին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը 80-100 տոկոսով վնասեց մարզի մոտ 10 գյուղի բերքը: Անգամ ԱԺ գեներալ-պատգամավոր Սեդրակ Սարոյանն է կռահել, որ ամեն տարի կարկուտը նույն գյուղերին «խփում ա», որ էդ կարկուտը «թուրքից բեթար ա», ու եթե թուրքի դեմ պայքարել կարողանում են, ապա կարկուտի դեմ՝ ոչ, չնայած հակակարկտային կայաններին ու կառավարության «գործադրած ջանքերին»:

Մի խոսքով՝ կարկտահարությունից տուժած գյուղացիները պարբերաբար փակում էին ճանապարհն ու պահանջում վնասների փոխհատուցում: Բանը հասավ անգամ ԱԺ, երբ նույն գեներալ պատգամավոր Սեդրակ Սարոյանը դիմեց վարչապետին ու խնդրեց օգնել տուժած գյուղացիներին՝ հետաքրքիր դիտարկում անելով, թե՝ եթե նրանց չօգնեն, «մի կեսը գնալու են ռուսաստանները, էն մի մասն էլ կմեռնեն, ինչքան ինֆարկտ էլ եղավ՝ գյուղնախարարն է պատասխան տալու»: Վարչապետն էլ խոստացավ, որ օգնությունը չի ուշանա: Բայց պարզվում է՝ սայլը տեղից չի շարժվել, ինչից էլ գեներալը զայրացել էր, ու այդ զայրույթը լրագրողները նկատեցին ԱԺ-ում գեներալի ու վարչապետի զրույցից ու Սեդրակ Սարոյանի դիտարկումներից:

Սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարը հունիսի 15-ին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին ասում է՝ կարկուտ միշտ եկել է, միշտ էլ կգա, թող գյուղացին որոշի՝ զբաղվե՞լ գյուղատնտեսությամբ, թե ոչ: Այսինքն՝ կարկուտի դեմ պայքարի հարցում հույսը թող կառավարությունից կտրի և դնի բացառապես իր և Աստծո վրա: Այդ դեպքում մի օբյեկտիվ հարց է առաջանում՝ գյուղնախարարությունից միշտ դժգոհ են. հիմա որոշեն՝ մեզ ընդհանրապես գյուղնախարարություն ու գյուղնախարար պետք են, թե ոչ, միևնույն է, մեր գլխի ճարն ինքնուրույն ենք տեսնելու:

Հունիսի 29-ին էլ Արագածոտնի մարզի մի քանի գյուղական համայնքներում կարկուտ տեղաց, որի հետևանքով գյուղացիական տնտեսությունները բավականին լուրջ վնասներ կրեցին: Ու քանի որ կարկուտը ծեծած տեղը ծեծելու անտանելի «բնավորություն» ունի, Արագածոտնի մարզի վրայով մի անգամ էլ «շրջայց» արեց հուլիսի 6-ին՝ ամբողջովին ավերելով մի շարք համայնքների ցանքատարածությունները, դաշտերն ու այգիները: Ու դրանից հետո գյուղացիները ոտքի ելան: Օրինակ՝ Արագածավան գյուղում բնակիչները փակեցին ճանապարհը: Ու հենց գյուղացիները փակեցին ճանապարհը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը հասավ «դեպքի վայր», ծանոթացավ գյուղացիների կրած վնասներին ու տեղում էլ ասաց, որ ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում կարկտահարությունից տուժել է 50 համայնք, վնասվածությունը հիմնականում 50 տոկոսից բարձր է, որոշ վայրերում այն հասնում է մինչև 100 տոկոսի, ու խոստացավ, որ հաշվարկները կկատարվեն, ակտերը կներկայացվեն կառավարություն, որից հետո որոշում կկայացվի, սակայն 50 տոկոս և ավելի վնասներ ունեցող բոլոր հողօգտագործողների համար աջակցություն ցուցաբերելու մասով հիմնականում քաղաքականությունը նույնն է լինելու:

Այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա: Ուրեմն՝ Արագածոտնի ու Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասների հետքերով գործադիրի ներկայացուցիչները գնացին, ամենաբարձր քաղաքական ամբիոնում հարցը հնչեց, որովհետև գյուղացիները փակել էին ճանապարհը: Բայց հետաքրքիր զուգադիպությամբ կարկուտն այս տարի «որոշել էր փոխել հանցավոր ձեռագիրը» ու ծեծել ոչ միայն ծեծած տեղը, այլև նոր տեղեր ծեծել: Մասնավորապես՝ հունիսի 29-ին մոտ կես ժամ ուժեղ և խոշոր կարկուտ տեղաց նաև Սյունիքի մարզում՝ Սիսիանի տարածաշրջանում, մեծ վնասներ պատճառելով մի շարք համայնքների:

Սիսիանի համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ համայնքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովի կատարած օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում տեղացած կարկուտը և կարկտախառն տեղատարափ անձրևը զգալի վնաս են հասցրել գյուղացիական տնտեսություններին, համայնքի բնակիչներին և ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարհներին: Լուրջ վնասներ են կրել աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքները, ոչնչացել են բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները, վնասվել է ցանքատարածությունների 60 տոկոսը, ինչպես նաև քաղաքի դեկորատիվ բուսականության գերակշիռ մասը: Օրինակ՝ Անգեղակոթ գյուղում կարկուտը ոչնչացրել էր ամեն ինչ: Բայց Սյունիքի մարզի համայնքների կրած վնասների մասին ոչ ոք չի շտապում հիշել: Որովհետև, եթե Արմավիրի ու Արագածոտնի մարզում գյուղացիները կյանքի դառը փորձից քաղած դասերով գիտեն, որ հենց աղետ պատուհասեց՝ պետք է անմիջապես ճանապարհ փակել, սոցիալական բունտ կազմակերպել ու դրանով ուշադրություն հրավիրել սեփական խնդիրների վրա, որ դա մնում է միակ փորձված ու գործուն տարբերակը, ապա Սյունիքում այդպիսի կարկուտը հազվադեպ հանդիպող երևույթ է: Այսինքն՝ Սյունիքի գյուղացիները դեռ չեն սովորել ու չեն իրացնում ճանապարհ փակելու արվեստը, հետևաբար՝ նրանց մասին չեն հիշում:

Ինչևէ, հուլիսի 10-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կարկուտից տուժած համայնքներին, նշեց, որ կառավարություն են ներկայացրել բոլոր մարզերի՝ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի տվյալները, որտեղ եղել է կարկտահարություն, որ օգնություն լինելու է: Բայց հետաքրքիր զուգադիպությամբ, երբ օրինակ, Սիսիանում հետաքրքրվում ենք կարկտահարությունից տուժածներից, թե որևէ մեկը իրենց կրած վնասը հաշվարկե՞լ է, գրանցե՞լ է կամ ասե՞լ է, թե փոխհատուցում կլինի, լսում ենք միևնույն պատասխանը՝ իսկ ո՞ւմ է հետաքրքիր իրենց դարդն ու ցավը:

Եվ իսկապես՝ իրենք էլ հո ճանապարհ չե՞ն փակում, ընդ որում՝ միջպետական ճանապարհ, որ միանգամից բոլորին հետաքրքրեն իրենց խնդիրները: Ու ոչինչ, որ շատ դեպքերում մարդիկ ապրուստի վերջին միջոցից են զրկվում: Կարևորը, որ ճանապարհ չփակեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: