Հայերեն   English   Русский  

​Լրագրողի մտածած բիզնես մոդելն էլ կարող է լինել հետաքրքիր և հաջողված


  
դիտումներ: 10365

Ազատ շուկայական, տնտեսական պայմաններում ամենակարևոր նախապայմաններից է հավաստի, օբյեկտիվ ու ստույգ տեղեկատվության առկայությունը:

Բիզնեսմենները, ֆինանսիստները, վելուծաբանները, մեկնաբաններն ու տեսաբանները, առհասարակ տնտեսական, ֆինանսական թեմաներով հետաքրքրվողները, այս ոլորտում վերլուծություններ անողները հաճախ խնդիր են ունենում անհրաժեշտ տվյալները, տեղեկատվությունը ստանալու, համադրելի թվեր գտնելու, վերլուծելու հարցում: Տնտեսական հոդվածներ, վերլուծություններ գրելու համար հաճախ պատահում է, որ մի ամբողջ օր տեղեկատվական աղբյուրների վրա ես ծախսում:

Այս բացը լրացնելու մտայնությամբ էլ հայտնի տնտեսական լրագրող և մեկնաբան Բաբկեն Թունյանը որոշել ու ստեղծել է b4b.am հարթակը, որը շատ կարճ ժամանակահատվածում՝ 7-8 ամիսների ընթացքում, հասցրել է գրավել տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների, փորձագետների ու մասնագետների, բիզնեսմենների ու ֆինանսիստների ուշադրությունը և վստահություն ներշնչել:

Այս հարթակը նաև բավականին հետաքրքիր մոդել ունի՝ աշխատում է երկու ուղղությամբ: Մի ուղղությունը ֆինանսական, տնտեսական լրատվությունն է, որը հասանելի է բոլորին և մատուցում է տնտեսական ու ֆինանսական հավաստի, ճշգրիտ և օպերատիվ լրատվություն: Մյուս ուղղությունը տարբեր աղբյուրներից տնտեսական ու ֆինանսական տվյալներ հավաքում ու մշակումն է, համադրումը, տվյալների շտեմարանների ստեղծումը՝ զուգահեռաբար համապատասխան գործիքակազմ առաջարկելով, որպեսզի ցանկացողներն այդ շտեմարաններից ավելի հեշտ, արագ ու արդյունավետ օգտվեն: Երկրորդ ուղղությունը, սակայն, գործում է բաժանորդագրության սկզբունքով. մարդիկ, կազմակերպությունները, ընկերությունները, պետական ու մասնավոր կառույցները կարող են բաժանորդագրվել, ու նրանց արդեն հասանելի են դառնում տվյալների շտեմարաններն ու դրանցից օգտվելոււ գործիքակազմը:

Փաստորեն այս հարթակն առաջին հերթին ճկուն գործիք է, որով կարելի է հետաքրքիր վերլուծություններ անել: «Այսինքն՝ հարթակը պետք է տարբեր աղբյուրներից այդ ամբողջ ինֆորմացիան հավաքեր մի տեղ, հաշվետվություններից առանցքային ցուցանիշները հավաքեր մեկ ընդհանուր բազայում, մշակեր, բերեր համադրելի տեսքի ու ավտոմատ այնպիսի գործիքակազմ առաջարկեր, որ քո ուզած ինֆորմացիան, քո ուզած ժամանակամիջոցի համար համեմատեիր մեկ ուրիշ ինֆորմացիայի հետ: Օրինակ՝ X ընկերության շահույթն այսինչ տարիների համար համեմատել այդ ընկերության ոլորտի ընդհանուր ցուցանիշների հետ: Այդ ամենը, ինչ որ ասում եմ, պետք է լիներ ու արդեն փաստորեն կա»,- «Անկախի» հետ զրույցում ներկայացրեց B4b.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանը:

Այս հարթակը ստեղծելու գաղափարն առաջացել է մոտ 5-6 տարի առաջ, երբ նրա հիմնադիրը լրագրողների խմբով այցելում է ԱՄՆ, որի շրջանակներում լինում է նաև «Բլումբերգում»: Այնտեղ հայ լրագրողներին ներկայացնում են, թե ինչպես են աշխատում «Բլումբերգի» տեղեկատվական համակարգերը, ինչ պահանջարկ ունեն, ինչպիսի բիզնես մոդելով են հաջողությամբ գործում, թե ինչպես, ի տարբերություն լրատվական բազմաթիվ կազմակերպությունների, որոնք համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից տուժել էին, «Բլումբերգը» չէր տուժել: Այդ ամենից հարթակի հիմնադիրը խիստ տպավորվել է և որոշել Հայաստանում էլ մի նման հարթակ ստեղծել:

«Բայց հասկանալի էր, որ այդ գաղափարը Հայաստանում անհնար էր իրականացնել, որովհետև մեզ մոտ ինֆորմացիան փակ է, արժեթղթերի շուկա չկա, բացի այդ, գործարարներին ու հասարակությանը լրջորեն նման տեղեկատվությունը չի հետաքրքրում: Բայց դրա փոքր մոդելը կարելի էր կիրառել: Այդ գաղափարն իմ ներսում «եփվելուց» հետո՝ 2011-12 թվականներին, մտածում էի, որ կարելի է ստեղծել նման հարթակ: Բայց դրա համար ռեսուրսներ էին պետք, որ չկային: Դիմեցի դրամաշնորհային մի քանի ծրագրերի ու մերժվեցի, ասացին՝ սա մաքուր բիզնես-պրոյեկտ է, իսկ իրենք բիզնես պրոյեկտներ չեն ֆինանսավորում, չնայած հիմնավորում էի, որ սա կնպաստեր ֆինանսական, տնտեսական տեղեկատվության թափանցիկությանը, կառավարության հաշվետվողականությանը, պրոֆեսիոնալ հարթակ կդառնար: Բայց ոչ ոքի այս միտքը հետաքրքիր չէր: Առանց անուններ տալու ասեմ, որ դիմել եմ նաև Հայաստանում բավականին հայտնի մի քանի գործարարների, բայց մի մասին դա ընդհանրապես չհետաքրքրեց, նրանց հետաքրքիր է, որ մի ապրանք այսօր այսինչ գնով ծախես, վաղը փողը հետ գա: Մյուս մասին էլ հետաքրքիր չէր, քանի որ սա ինչ-որ առումով երկարաժամկետ ներդրում էր պահանջում, ստանդարտ ապրանք չէր, չգիտեին՝ այդ գումարը ներդնելու դեպքում իրենց փող գալո՞ւ է, թե՞ ոչ, ու եթե գալու է, ապա ե՞րբ:

Ընկերներով երկար քննարկելուց, բոլոր հնարավոր ռիսկերը, առավելություններն ու թերությունները հաշվարկելուց հետո որոշեցինք ինքներս մտնել այս գործի մեջ, ամեն մեկս մեր մասով որոշակի ներդրում արեցինք ու ստեղծեցինք b4b.am-ը, որն արդեն 2016 թվականից սկսեց գործել»,- պատմեց Բաբկեն Թունյանը:

Որ նման մի ռեսուրս կարդարացներ իրեն, b4b.am-ի հիմնադիրը վստահ էր: Լինելով տնտեսագետ՝ նա 12 տարուց ավելի աշխատել և աշխատում է լրատվության ոլորտում և այսպես ասած՝ ներսից գիտեր, որ տնտեսական լուրջ լրատվության կարիք Հայաստանում կա, նաև վստահ էր, որ գործիքակազմը կհետաքրքրի հատկապես գործարարներին: Ու այդ վստահությունը հիմնավորվել էր մեծ թվով ֆինանսիստների, բանկիրների, ՈւՎԿ-ների, ապահովագրական ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների, ֆինանսական հատվածի թոփ-մենեջերների հետ բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների արդյունքում:

«Այդ բոլոր կարծիքներն ի մի բերելով՝ ստեղծեցինք այս համակարգը, որը բոլոր առումներով՝ արագությամբ, օպերատիվությամբ ու ամենակարևորը՝ ճշգրտությամբ բավարարում է օգտագործողների պահանջները: Այսինքն՝ եթե մարդը մեզ մոտ ինչ-որ թիվ տեսնում է՝ պետք է վստահ լինի, որ այդ տվյալը ճիշտ է, ու մենք դրա համար անձնական պատասխանատվություն ենք կրում, որովհետև եթե, օրինակ, ֆինանսների հետ գործ ունես, մեկ ստորակետի սխալը կարող է ամբողջ ինֆորմացիայի իմաստը փոխել ու այդ մի սխալը կարող է քո ամբողջ աշխատանքը հավասարեցնել զրոյի ու քեզ վարկաբեկել: Ուստի ժամանակ է պահանջվում, որ մարդիկ կամաց-կամաց սկսեն քեզ վստահել ու ինֆորմացիան վերլուծելիս սկսեն քեզ հղում անել: Բայց հիմա կամաց-կամաց այդ խոչընդոտը վերանում է»,- նշում է Բաբկեն Թունյանը:

Այս հարթակը ստեղծելու համար անհրաժեշտ ներդրումները հավաքեցին հիմնադիրն ու նրա ընկերները, որոնք վստահեցին Թունյանի գաղափարին: Հիմա հաջողությամբ գործում է b4b.am-ը և հաստատ դեռ շարունակելու է լուրջ հաջողություններ ունենալ: Արդեն 10 կազմակերպություն բաժանորդագրված է այս համակարգին և ակտիվորեն օգտվում է տվյալների բազաներից ու հարթակի գործիքակազմից: Իսկ կայքի լրատվական բլոկը հունիսի դրությամբ օրական 2-2.5 հազար այցելություն ունի, ինչը տնտեսական լրահոսի համար բավականին լավ թիվ է, բայց աճելու տեղ դեռ կա, և ամեն ամիս, նախորդի համեմատ, կայք այցելողների թվի 50-տոկոսանոց աճ է արձանագրվում: Ընդ որում, հատուկ շեշտ չի դրվում այցելությունների թիվը մեծացնելու վրա: b4b.am-ը, բացի լրատվական ու տեղեկատվական շատ կարևոր գործիք ու աղբյուր լինելուց, նաև բավականին հետաքրքիր բիզնես մոդելով աշխատող ռեսուրս է, որը չի ենթադրում գրանտներ, ինչ-որ քաղաքական կամ հասարակական խմբի «տակ մտնել» կամ պատվիրված լրահոս ապահովել, այլ մաքուր, օրինական, պրոֆեսիոնալ և ամենակարևորը՝ օբյեկտիվ ու օպերատիվ եղանակով նաև ֆինանսական խնդիրները լուծել:

«Այս ամենը ստեղծելու և հաջողելու համար, իմ կարծիքով, ամենակարևորը վստահությունն է. ինձ վստահել են: Երկրորդ՝ կարևոր է համառությունը: Եթե սկզբում պլանավորել էիր մի ինչ-որ գործողություն 1 ամսում անել, արդեն բուն գործելու փուլում պարզվում է, որ դրա համար առնվազն 4-5 ամիս է պետք, պլանավորել էիր սա հեշտ վաճառել, բայց պարզվում է, որ վաճառքն այնքան էլ հեշտ չէ, կամ պլանավորել էիր, որ մարդիկ միանգամից սրա կարևորությունը կհասկանան, բայց տեսնում ես, որ այնքան էլ այդպես չէ: Այս ամենը կարող է հիասթափեցնել: Իսկ չհիասթափվելու համար համառություն է պետք: Ինչպես նաև պետք է մի քիչ տեղյակ լինել այն գործից, որը սկսում ես: Իմ բախտն այնքանով է բերել կամ չի բերել, որ ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, միաժամանակ լրատվական դաշտում եմ աշխատում երկար տարիներ ու գիտեմ՝ լրատվական դաշտին ինչ է պետք և բիզնեսին ինչ է պետք: Այսինքն՝ հավասարակշռության ճիշտ կետը գտել եմ: Որովհետև կարող ես տնտեսությունից շատ լավ հասկանալ, բայց չիմանաս, թե այդ ամենն ինչպես մատուցել լրատվադաշտում, կամ հակառակը՝ շատ լավ լրագրող լինես, բայց չհասկանաս, թե տնտեսության մեջ ինչ է կատարվում: Չես կարող լինել միաժամանակ և՛ լավ տնտեսագետ, և՛ լրատվական լավ նյութեր մատուցես: Կարևոր հատկանիշներից մեկն էլ տեղյակ լինելն ու փորձն են: Եթե մի քանի տարի առաջ լիներ, միգուցե այս ամենի տակ չմտնեի, բայց հիմա համոզված եմ, որ այն, ինչ անում եմ, ընկալվելու է»,- նշում է հարթակի հիմնադիրն ու հավելում՝ ամենակարևոր նախապայմաններից մեկն էլ լավատեսությունն է:

Մեր զրուցակիցը նշում է՝ դժվարություններ միշտ էլ լինում են, հատկապես երբ աշխատում ես ու ավելի շատ ես ծախսում, քան վաստակում ես: Դա ճեղքվածք է առաջացնում, որն անմիջականորեն ազդում է թե՛ քեզ վրա, թե, որ ավելի վատ է, ընտանիքիդ: Ստիպված ես քեզ ու ընտանիքիդ ահագին բաներից զրկել, որ ձեռնարկումդ կիսատ չմնա: Բացի այդ, պետք է գիտակցես, որ ստիպված ես լինելու հրաժարվել ազատ ժամանակից, հաճախ աշխատել վաղ առավոտից մինչև շատ ուշ գիշեր: Իսկ դա այն ժամանակն է, որը կարող էիր ընտանիքիդ, ընկերներիդ նվիրել, բայց տրամադրում ես գործիդ, մինչև այն ընկնի հունի մեջ ու կայանա:

Այնուամենայնիվ, պետք է լավատեսորեն տրամադրվես ու եթե ինչ-որ գաղափար ունես, ապա անպայման պետք է այն սկսես, ոչ թե անընդհատ ասես՝ մեր երկրում ոչինչ հնարավոր չէ անել: Եթե անընդհատ դժգոհենք ու ասենք՝ ամեն ինչ վատ է, նշում է b4b.am-ի հիմնադիրը, ամեն ինչ հենց այդպես էլ կմնա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: