Հայերեն   English   Русский  

​Երաշխավորություն


  
դիտումներ: 15827

Երաշխավորությանը շատ հաճախ առնչվում ենք բանկերում, երբ վարկառուից պահանջում են երաշխավոր ներկայացնել: Երաշխավորը պարտավորվում է պարտատիրոջ առջև պատասխանավություն կրել պարտապանի պարտավորության համար:

Այս ինստիտուտը հայտնի է դեռ հռոմեական իրավունքից: Հռոմեական իրավունքում երաշխավորության էությունը նույնն էր, ինչ հիմա. պարտատիրոջ առջև պարտապանի պարտավորությունների կատարման ապահովումը: Երաշխավորության պայմանագիրը Հին Հռոմում կնքվում էր բանավոր: Այդ պահից պարտատերը ձեռք էր բերում երկու պարտապան՝ հիմնական կամ գլխավոր պարտապան և լրացուցիչ (աքցեսոր) պարտապան:

Սկսենք քննարկել երաշխավորության իրավական կարգավորումները, որպեսզի ավելի լավ պատկերացնենք այս արդիական և հաճախ հանդիպող երևույթի էությունը:

Այսպես, երաշխավորության պայմանագրով երաշխավորն այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Երաշխավորությունը ծագում է գրավոր պայմանագրի հիման վրա, այլ կերպ, օրինակ՝ բանավոր կարգով տրված երաշխավորությունն անվավեր է:

Ինչպե՞ս և ի՞նչ ծավալով է ծագում երաշխավորի պատասխանատվությունը:

Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն: Համապարտությունը ենթադրում է, որ այն դեպքում, երբ պարտապանը չի կատարում պարտավորությունը, ապա պարտատերն իրավունք ունի պահանջ ներկայացնելու ինչպես պարտապանին, այնպես էլ պարտատիրոջը՝ անկախ պարտապանին նման պահանջ ներկայացրած լինել-չլինելու հանգամանքից: Պայմանագրով կամ օրենքով կարող է նախատեսված լինել նաև երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն: Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը, ներառյալ՝ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտատիրոջ՝ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով: Օրինակ՝ եթե դուք երաշխավոր եք վարկային պայմանագրով, ապա ձեր պատասխանատվությունը կներառի վարկառուի՝ վարկային պայմանագրով նախատեսված բոլոր դրամական պարտավորությունները, ներառյալ՝ վարկի մայր գումարի, դրա վրա հաշվեգրված տոկոսների, պարտավորությունները չկատարելու համար տույժերի, տուգանքների և այլ վճարների պարտավորությունները:

Համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջև պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

Շարունակելի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: