Հայերեն   English   Русский  

​Երեխան և արևահարությունը


  
դիտումներ: 3083

Այժմ հանգստի ու ծովի մասին երազանքի իրականացման սեզոն է: Երեխաների հետ ծովափին հանգստանալն էլ իր առավելություններն ու հետևանքներն ունի:

Երեխաները չեն սիրում լողափին հանգիստ պառկել: Հասկանալի է, դա նրանց համար ձանձրալի ժամանց է: Ու դա, ի դեպ, շատ լավ է: Չէ՞ որ արևահարության հետևանքները կարող են լրիվ փչացնել հանգիստը:

Ե՛վ բարկամ, և՛ թշնամի

Չնայած ուլտրամանուշակագույն ճառագայթների բարերար դերին (բարելավում է քունը, բարձրացնում տրամադրությունը, իմունիտետը, օգնում է ծանր մետաղների դուրսբերմանը, սպիացնում վերքերը, իսկ որ ամենակարևորն է, ապահովում է ոսկրերի ու ատամների համար շատ կարևոր D վիտամինի սինթեզը), դրանք կարող են վտանգլ առողջությունը: Բոլոր առավելությունները միայն չափավոր արևահարության դեպքում կարելի է ստանալ (ստվերում): Իսկ եթե արևի կիզիչ ճառագայթների տակ մնալու ժամանակը երկարաձգվի, այն էլ՝ 11-16-ը ժամանակահատվածում, ապա մի շարք խնդիրների տեր կդառնաք՝ արևայրուքների, ակնեի սրացման, որոնք չարյաց փոքրագույնն են նման դեպքերում:

Դա սպառնալիք է թե՛ մեծերի և թե՛ երեխաների համար. մեծանում է մաշկի քաղցկեղի, կրծքագեղձի ուռուցքների առաջացման հավանականությունը: Եվ ընդհանրապես, ցանկացած ուռուցքային հիվանդության դեպքում պետք է զգուշավոր լինել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից: Բացի այդ, արևայրուքով տարվելու դեպքում (առանց արևապաշտպան ակնոցի, քսուքի, գլխարկի) տեսողության վատացման ու արևային հարված ստանալու վտանգը լրջանում է:

Վերջապես, ուլտրամանուշակագույնի ավելցուկը թուլացնում է տեղային ու ընդհանուր իմունիտետը, ինչը կարող է հանգեցնել քրոնիկ հիվանդությունների առաջացման, եղածի սրացման:

Արևայրուքը ցանկալի չէ հետևյալ դեպքերում.

-Սպիտակամաշկ, բաց գույնի մազերով երեխաներն արևահարված տեսք ունենալու համար պետք է երկար ժամանակ անցկացնեն արևի տակ, ինչը հղի է լուրջ խնդիրներով:

-4-5 տարեկանից փոքր երեխաների մոտ արևահարությունը կարող է շատ հիվանդություններ (օրինակ՝ ռևմատիկ) առաջացնել:

-Շատ խալեր ունեցող երեխաների դեպքում, եթե մանավանդ դրանք խոշոր են, ոչ հարթ եզրերով ու անսովոր գույնի:

-Նրանց, ովքեր վերջերս են վարակիչ կամ մրսածության հիվանդություն տարել ու թույլ իմունիտետ ունեն. արևի ճառագայթների ազդեցությամբ իմունային համակարգն էլ ավելի կթուլանա:

-Սիրտ-անոթային և ուրիշ քրոնիկ հիվանդությունների (շաքարային դիաբետ, վահանագեղձի հիվանդություններ), ինչպես նաև աուտոիմունային հիվանդությունների պարագայում (օրինակ՝ կարմիր գայլախտի):

-Մարմնի բարձր ջերմություն կամ սուր հիվանդություններ ունեցող երեխաներին:

-Լյարդի հիվանդություններ, ֆունկցիայի խանգարումներ ու արևի հանդեպ գերզգայնություն ունեցողներին (ոչ ավելի մեկ ժամից):

-Դեղորայք ընդունողներին. դրանց մեծ մասն ուժգնացնում է մաշկի զգայնությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, մեծանում է այրվածքների վտանգը:

Ընդհանրապես արևի տակ պառկել կարող են միայն նրանք, ովքեր կատարյալ առողջ են: Պետք է սկսել աստիճանաբար, 10-15 րոպեից սկսած, իսկ հետո օրեցօր երկարաձգել այդ ժամանակը: Ընդ որում, մինչև ժամը 11-ը և 16-ից հետո, քանի որ այդ ժամանակ արևայրուք ստանալու հավանականությունը փոքր է:

Ի դեպ, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն աչքերի համար նույնքան վտանգավոր է, որքան մաշկի: UVF ճառագայթները վատ ազդեցություն են թողնում ծիածանաթաղանթի, բյուրեղիկի ու ցանցաթաղանթի վրա, մեծանում է ցանցաթաղանթի դիստրոֆիայի ու կատարակտի վտանգը, ֆոտոկերատիտի ռիսկը (ցանցաթաղանթի այրվածքի հետևանքով առաջացած բորբոքում), կոպերն են վնասվում, չոր աչքի համախտանիշ է առաջանում: Ուլտրամանուշակագույնի ազդեցությամբ հետագայում մի քանի անգամ մեծանում է աչքի տեսողության աստիճանական կորստի հանգեցնող հիվանդության զարգացումը:

Ժամանակ առ ժամանակ պետք է մաքուր ջուր խմել, շոգին երեխաները ավելի շատ խոնավություն են կորցնում, քան մեծերը, ուստի դրա պակասը պետք է լրացնել: Մի բան պետք է հիշել, որ արևահարություն ստանում են ոչ միայն արեգակի ճառագայթների տակ պառկած վիճակում, այլև սպորտային խաղերի, այսինքն՝ թե՛ շարժման ժամանակ և թե՛ ջրում աշխույժ թռվռալիս: Եվ ավազից կամ ջրից անդրադարձող արևը նույնպես խիստ է «կծում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: