Հայերեն   English   Русский  

​Բուժիչ հոտեր


  
դիտումներ: 3155

Հնում մարդիկ բուրավետ յուղեր էին կիրառում, որոնց որակներն այսօր ուսումնասիրում են ու համոզվում, որ որոշ հոտեր իսկապես բուժում են:

Ո՞ր յուղերն են, որ բացի հաճելի բուրմունքից, նաև բուժում ու տրամադրող մթնոլորտ են ստեղծում:

Եղեսպակ

Մարդկությունը եղեսպակը (շալֆեյ) հնագույն ժամանակներից է օգտագործել: Այն ժամանակ այդ բույսը շատ տարածված էր Կենտրոնական Ասիայում ու Միջերկրական ծովի երկրներում: Եղեսպակը հակաբորբոքային ազդեցության համար էին օգտագործում, այն նաև օգնում էր կծկումների ժամանակ: 2013 թ. ուսումնասիրություններ կատարվեցին, որոնք կրկին հաստատեցին այդ բույսին վերագրվող բոլոր հատկություններն ու կարծիքները: Եղեսպակի բույրն ու տերևներից պատրաստված եփուկն օգնում է կանանց որովայնացավերի ժամանակ, վերացնում սթրեսն ու բարելավում հիշողությունը:

Մասնագետների կարծիքով՝ հզոր հակաօքսիդանդ հատկությամբ օժտված այս բույսն օգնում է մաքրելու օրգանիզմը, խոչընդոտում անկայուն մոլեկուլների՝ ազատ ռադիկալների զարգացումը, որոնք, ի դեպ, նպաստում են արագ ծերացմանն ու քաղցկեղ են առաջացնում: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի է մոռանալ բժշկագիտական իմաստուն խոսքը՝ «այն, ինչը կարող է օգուտ տալ, այլ պայմաններում կարող է նաև վնասել»: Այլ կերպ ասած՝ չափը չպիտի անցնել:

Բժիշկները հղիներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ եղեսպակի բույրով պրոցեդուրաներից, դա կարող է վնասել նրանց ու անգամ կրծքի կաթից զրկել: Ինչպես և մյուս հոտավետ յուղերի դեպքում, թույլատրելի չափաբաժինն օրական 15-60 րոպե է, ոչ ավելի: Ժամանակը չարաշահելու դեպքում հնարավոր է՝ հակառակ ազդեցություն ստացվի:

Պղպեղային անանուխ

Այս բույսն առաջին անգամ սովորել են կիրառել Հին Եգիպտոսում, որտեղ բուրավետ յուղերի արտադրությունը բարձր մակարդակի վրա էր: Անանուխի տերևներ են հայտնաբերվել նաև մ.թ.ա. 1000 թվականով թվագրվող եգիպտական բուրգերում: Այսօր արդեն շատ մասնագետներ են հաստատել, որ անանուխի յուղը վերացնում է գրգռված աղիների համախտանիշը, օգնում է աղեստամոքսային խանգարումների ժամանակ, նվազեցնում տուբերկուլյոզային բորբոքումը:

Գիտական ամսագրերից մեկում հրատարակված հոդվածի համաձայն՝ 90 գ անանուխի և 50 գ քեմոնի յուղերը կանոնավոր գործածելու շնորհիվ ֆունկցիոնալ դիսպերսիայով տառապող հիվանդի վիճակի էական թեթևացում է եղել: Իսկ առողջ մարդկանց այն օգնում է սթրեսների դեպքում: Բոստոնի համալսարանի դոկտորներից մեկի հավաստիացումների համաձայն՝ անանուխի յուղը բարելավում է նաև հիշողությունը:

Նարինջ

Նարնջի հոտն ու յուղը մարդուն սթրեսադիմացկուն են դարձնում: Այս յուղի մեջ լինալոլ կա, որը թուլացնում է լարվածությունը, հանգստացնում նյարդերը, սիրտ-անոթային համակարգը: Այդ է պատճառը, որ հիմնականում այս յուղն են կիրառում մերսումների ժամանակ:

Առհասարակ ցիտրուսային հոտերը կիրառվում են որպես գլխացավից ազատվելու միջոց: Գուցե տարօրինակ թվա, սակայն նարնջի խտաթթուն օգնում է նաև աղիքային սուր հիվանդություն համարվող սալմոնելոզի դեպքում: 2008-ին հետազոտություն է կատարվել, որի համաձայն՝ նարնջի յուղը խոչընդոտում է սալմոնելոզի բակտերիաների բազմացումը: Journal of food science-ում տպագրված հոդվածի հեղինակը վստահեցնում է, որ այս յուղը գերազանց հակաբորբոքային միջոց է: Սակայն մի բացասական հատկություն ունի՝ ալերգեն է: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ամեն դեպքում կիրառելուց առաջ այլ յուղի հետ խառնել:

Դարչին

Եթե ուշադրության կենտրոնացում ու զգոնություն եք ուզում ունենալ, ապա այդ խնդիրը կարելի է լուծել դարչինի օգնությամբ: Դա հատկապես օգտակար է վարորդներին, որոնք դարչինի հոտից հանդարտվում են ու ավելի լավ կենտրոնանում: Դրա մասին հայտարարել են ԱՄՆ-ի համալսարաններից մեկի մասնագետները: Նրանք պարզել են նաև, որ դարչինի բույրն արագացնում է ու բարելավում շարժունակությունը: Նրանք համոզված են, որ դա կարող է հետագայում կանխել նաև Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Բացի նշված հատկություններից, դարչինը հակաբակտերիալ ու հակաբորբոքային հատկություններ ունի, կարող է մեղմել մրսածության հետևանքով առաջացած գլխացավն ու թուլացնել զարգացող հիվանդության ախտանշանները:

Նարդոս

Նարդոսը կամ լավանդան օգնում է անքնության, անհանգստության ու դեպրեսիայի դեպքում: Սակայն քչերը գիտեն, որ նարդոսի յուղն արագացնում է մազերի աճը: The Natural Medicines Comprehensive Database հետազոտական կենտրոնի գիտնականները հավաստիացնում են, որ նարդոսի յուղը շատ արդյունավետ է ազդում օջախային ալոպեցիայի դեպքում (մազաթափություն մարմնի մի հատվածում): Փոքր-ինչ շշմեցնող հատկության շնորհիվ այն կիրառվում է որպես ցավազրկող: Մասնագետները փորձել են նշիկների վիրահատությունից հետո երեխաների մոտ ինչ-որ կերպ թեթևացնել հետվիրահատական ցավը: Արդյունքը գոհացուցիչ է եղել: Նարդոսի բույրի ազդեցությամբ երեխաները նվազ ցավ են զգացել: Այս յուղն անգամ վերքերի սպիացմանն է նպաստում, իսկ եթե յոդի հետ խառնած կիրառվի, ապա այդ պրոցեսն էականորեն կարագանա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: