Հայերեն   English   Русский  

Կարեն Ասմարյան. «Հարկավոր է քայլ առ քայլ առաջ շարժվել»


  
դիտումներ: 6381

Հուլիսի 6-9-ը Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կայացավ 2017 թվականի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց 12 թիմերի պայքարում հաղթող ճանաչվեց ՀՀ պատանեկան հավաքականի թիմը: Կանանց պայքարում հավասարը չունեցավ և առաջնության հաղթողի կոչումը նվաճեց ԽՄՕՄՄ-ն:

«Անկախի» հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մեր թիմերի մասնակցությամբ առաջիկա մրցաշարերի և Հայաստանում լողափնյա վոլեյբոլի զարգացման ուղիների մասին:

- Պարոն Ասմարյան, լողափնյա վոլեյբոլի առաջնությանը հայտավորված էր տղամարդկանց 12 և կանանց 8 թիմ: Ընդհանուր առմամբ առաջնության խաղամակարդակն ինչպե՞ս կգնահատեք:

- Առաջնությունն անցավ բավական հետաքրքիր պայքարում, գրանցվեցին անակնկալ արդյունքներ: Այդ առումով պայքարը կարելի է ստացված համարել: Կանանց պայքարում հաղթող ճանաչվեց ԽՄՕՄՄ-ն, լեզվաբանական համալսարանի թիմը շատ հաջող հանդես եկավ և երկրորդ տեղը զբաղեցրեց: Ուրախալի է, որ «Նժդեհը» պատանեկան թիմով մասնակցեց և 3-րդ տեղը զբաղեցրեց: Առավել դիտարժան պայքարում անցավ տղամարդկանց առաջնությունը: Կանանց հետ համեմատած՝ խաղամակարդակի զգալի տարբերություն կա: Բնական է, որ ամենահետաքրքիրը եզրափակիչ հանդիպումն էր: Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը (ՀՀ պատանեկան հավաքական) բարձունքի վրա գտնվեց և հաղթեց ՀՀ երիտասարդական հավաքականը ներկայացնող Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի զույգին։

Հուլիսի 12-ից մեկնարկել է նաև ՀՀ պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են թիմեր Երևանից, Սևանից, Գավառից, Արթիկից և գյուղական համայնքներից:

Նշեմ, որ լողափնյա վոլեյբոլի զարգացման միտում է նկատվում, հետաքրքրությունը խաղի նկատմամբ մեծացել է, սակայն աշխատելու տեղ դեռ շատ ունենք:

- Ամռան ամիսները բավական ծանրաբեռնված են: Առաջիկայում մեր թիմերն ի՞նչ մրցաշարերի են պատրաստվում:

- ՀՀ առաջնությունն անցկացրինք այս շրջանում, որպեսզի մեր մարզիկները խաղային փորձ ձեռք բերեն, ինչպես նաև ավազին ընտելանան, քանի որ առաջիկայում մի շարք մրցաշարերի են մասնակցելու:

Օգոստոս-սեպտեմբեր ամիսները հագեցած են լինելու միջազգային մրցաշարերով:

ՀՀ պատանեկան թիմը (Ռազմիկ Հակոբյան, Արման Միսկարյան) օգոստոսի 3-7-ը Վիլնյուսում կմասնակցի արևելյան եվրոպական երկրների առաջնությանը:

Օգոստոսի 11-ին Կալինինգրադում Եվրոպայի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացվի արևելյան եվրոպական երկրների մրցաշար՝ «սաթէլիտ», որին կմասնակցի Աշոտ Բալաբեկյան-Անդրե Սիմոնի զույգը: Եվրոպայի ուժեղագույն թիմերն են մասնակցելու այդ խաղերին:

Օգոստոսին Էստոնիայում տղաների և աղջիկների թիմերը կմասնակցեն նաև միջմայրցամաքային գավաթի, որով 2018 թվականին Արգենտիանյում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի համար վարկանիշ ձեռք բերելու հնարավորություն կտրվի: Մեր ենթախմբում են հանդես գալու Ֆրանսիան, Պորտուգալիան, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան: Տղաների թիմից այս մրցաշարին սպասելիքներ ունենք, հուսանք՝ հաջող հանդես կգան, հաղթանակներ կտոնեն: Աղջիկների համար մրցաշարը փորձարարական կլինի:

- 2016-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Երևան օփեն» միջազգային մրցաշարը: Այս տարի նախատեսո՞ւմ եք անցկացնել որևէ մրցաշար:

- Սեպտեմբերի 8-10-ը Երևանում կանցկացվի արևելյան եվրոպական երկրների մրցաշար: Քանի որ ռեյտինգային է մրցաշարը, թիմերն առավել ակտիվ են մասնակցության հարցում: Ուրախալի է, որ բավական ուժեղ թիմեր են մասնակցության հայտ ներկայացրել:

Միայն մեկ դաշտով դժվար է առաջնություն կազմակերպել ու անցկացնել: Շուտով Երևան քաղաքում լողափնյա վոլեյբոլի մի քանի դաշտ կունենանք: Այժմ տարածքի որոնողական աշխատանքներով ենք զբաղված:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան բազմիցս Հայաստանում մրցաշար անցկացնելու առաջարկություն է ստացել աշխարհի ֆեդերացիայից: Բայց մենք առայժմ դրան պատրաստ չենք: Բացի մարզադաշտերի հարցից, նաև մի շարք ֆինանսական խնդիրներ կան, իսկ ֆեդերացիայի բյուջեն առայժմ մեծ ծախսեր անելու հնարավորություն չունի: Ոչ թե ցատկերով, այլ քայլ առ քայլ է հարկավոր առաջ շարժվել: Այդ է պատճառը, որ մենք այժմ հատկապես ուշադրություն ենք դարձնում պատանեկան վոլեյբոլին, և ուրախալի է, որ արդյունքներն արդեն իսկ տեսանելի են:

- Հուլիսի 1-2-ը ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց նաև լողափնյա վոլեյբոլի մարզչական սեմինար:

- Եվրոպայի ֆեդերացիայի հետ համատեղ լողափնյա վոլեյբոլի զարգացման ծրագիր ունենք: Այդ կապակցությամբ տարաբնույթ աշխատանքներ ենք իրականացնում: Մայիսին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնը Ստեփանակերտում անցկացրեց սեմինար ուսուցիչ մարզիչների հետ: Ուսուցիչներին գույք տրամադրեցինք: Դպրոցականների շրջանում անցկացրինք նաև մինի վոլեյբոլի առաջնություն, որն անսպասելի հաջող և հետաքրքիր ստացվեց. մի օրում 13 թիմ մասնակցեց առաջնությանը:

Ավանդույթը շարունակելով՝ հուլիսի 1-2-ը ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ.Առաքելյանի և մարզախաղերի ամբիոնի վարիչ Հ. Մելքոնյանի աջակցությամբ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում անցկացրինք մարզչական սեմինար: Շուրջ 25 ուսուցիչ մասնակցեց վերապատրաստման տեսական և գործնական դասընթացին: Մարզիչները հանձնեցին ստուգողական թեստը և ստացան որակավորման հավաստագրեր՝ հաստատված Եվրոպայի ֆեդերացիայի կողմից: Լողափնյա վոլյեբոլը տեխնիկայով, տակտիկայով զգալիորեն տարբերվում է դասական վոլյեբոլից: Կարևոր է նաև, որ մեր մարզիչները ծանոթ լինեն մրցականոններին:

- Վոլեյբոլի մասսայականացման ուղղությամբ ֆեդերացիան բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում: Հուլիսի 4-ին անցկացվեց բակային վոլեյբոլի Երևան քաղաքի առաջնությունը:

- Շուրջ 8 տարի Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ անցկացվում է բակային վոլեյբոլի առաջնություն: Խաղում են ամենափոքր տարիքային խմբի՝ 10-11 տարեկան երեխաները: Նրանք անգամ մրցումների չեն մասնակցում: Կան հեռանկարային երեխաներ: Մեր նպատակն է, որ նրանք հետագայում զբաղվեն վոլեյբոլով կամ հանդբոլով ու բասկետբոլով: Հարկավոր է հետաքրքրությունն ավելի մեծացնել: Ամբողջ աշխարհում ձմեռային վոլեյբոլի պես սկսում է զարգանալ street volleyball- ը: Քաղաքի բանուկ հատվածներում վոլեբոլի սիրահարները հատուկ դաշտեր են պատրաստում և սկսում են խաղալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: