Հայերեն   English   Русский  

​Մարմնամարզիկները մասնակցում են Ռուսուդան Սիխարուլիձեի գավաթի խաղարկությանը


  
դիտումներ: 3230

Հուլիսի 10-15-ը Բաթումիում անցկացվում է 1974 թվականի մարմնամարզության աշխարհի չեմպիոնուհի Ռուսուդան Սիխարուլիձեի գավաթի ամենամյա խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում են ուժեղագույն մարզիկներ շուրջ 10 երկրներից:

Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ Բաթումի է մեկնել 11 մարզիկ (9 մարմնամարզիկ, 2 մարմնամարզուհի):

Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի տեղեկացմամբ՝ գավաթի խաղարկությանը մեծահասակների հավաքականից մասնակցելու է միայն Արթուր Ավետիսյանը: Հավաքականի մյուս անդամները երիտասարդ մարզիկներ են, որոնք առաջին անգամ հանդես կգան մեծահասակների պայքարում, մրցաշարը նրանց համար փորձարարական կլինի:

Ստուգատեսում Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանը հանդես են գալիս խաղարկությունը սպասարկող մրցավարների կազմում: Մարմնամարզության հավաքականի մարզիկները ելույթ են ունենում մարզիչներ Սոս Սարգսյանի և Աշոտ ու Հրայր Գասպարյանների ղեկավարությամբ:

Նշենք նաև, որ առաջիկայում մեր առաջատար մարմնամարզիկները երկու խոշոր մրցաշարերի են մասնակցելու: Օգոստոսի 19-29-ը Տայպեյում անցկացվելիք ամառային 29-րդ համաշխարհային ունիվերսիադայում հանդես են գալու Արթուր Դավթյանը (բազամարտ), Արթուր Թովմասյանը (օղակներ) և Արմեն Պետրոսյանը (նժույգթափեր):

Սեպտեմբերի 16-17-ը Փարիզում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: