Հայերեն   English   Русский  

​Ընտանեկան բռնության ենթարկված կանայք այնքան շատ են, որ չենք հասցնում բոլորին օգնել. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար


  
դիտումներ: 21458

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարո Մաթոսյանը Հայաստան տեղափոխվելուց ի վեր (1991 թ.) բախվում էր կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի խնդրին: Թուֆենկյան հիմնադրամում աշխատելու տարիներին նա ներգրավված էր անապահով ընտանիքներին աջակցող ծրագրում: Այդ աշխատանքի ընթացքում Մ. Մաթոսյանը նկատում է, որ ընտանիքների 40 տոկոսում ընտանեկան բռնություն կա: Լսելով այդ խնդրին բախված կանանց պատմությունները` նա շատ է ազդվում և որոշում է քայլեր ձեռնարկել կանանց աջակցելու ուղղությամբ: ԱՄՆ-ում վերապատրաստում անցնելուց հետո նա վերադառնում է հայրենիք, ուր շուտով ստեղծվում է «Կանանց աջակցման կենտրոնը», որ ապաստարան է տրամադրում ընտանեկան բռնության ենթարկված կանանց:

- Տիկին Մարո, ինչպե՞ս որոշեցիք հենց կանանց խնդիրների ոլորտում գործունեություն ծավալել:

- Դեռ 90-ականներին բնակչության հետ շփվելիս զգում էի խտրականությունը կանանց նկատմամբ, երկակի արժեքները: Այն ժամանակ ընդունված էր կանանց կենացը խմել խնջույքների ժամանակ, սակայն կինը չէր երևում, նրա տեղը խոհանոցում էր, մեզ հետ չէր նստում: Սա ակնհայտ էր և աչքի զարնող: Կանայք կա՛մ չէին արտահայտվում, կա՛մ արտահայտվում էին սեքսիստական ոճով՝ ես չգիտեմ, տղամարդը պետք է որոշի և այլն: Միշտ մտածում էի, թե տեղի կանայք ինչպես են հաղթահարում այս խնդիրները: Կենտրոնը հիմնելուց հետո շատ ծանր գործեր հանձն առանք: Սա շատ մեծ խնդիր է: Ճիշտ է` մարմնական սպիները կանանց վրա են, բայց ամենամեծ՝ հոգեկան ազդեցությունը երեխաների վրա է մնում: Նրանք ամենից շատ տուժողներն են. տղաների մեծ մասը կրկնում է հոր վարքագիծը, իսկ աղջիկները մտնում են նմանատիպ հարաբերությունների մեջ: Ցավալի է, մեր հասարակությունը հիվանդ է:

Մի կին ինձ պատմում էր, որ իր ամուսինը ծայրահեղ բռնարար չէ, բայց ընթացքում հիշում էր, որ մազերից քաշել է, պահարանին է հարվածել և այլն: Հարցրի՝ լավ, դրանից ավելին ո՞րն է: Պատասխանեց, որ համեմատած իր ընկերուհիների կյանքի հետ՝ իրենը քիչ է:

- Կենտրոնը հատկապես ի՞նչ քայլեր է ձեռնարկում նման փորձության ենթարկվող կանանց օգնելու համար:

- Կենտրոնն աշխատում է ընտանեկան բռնության զոհերի հետ: Մենք նրանց տալիս ենք սոցիալական աջակցություն, այսինքն՝ լուծում դպրոցի, փաստաթղթային խնդիրները, իրավաբանական օգնություն և այլն: Երբեմն բնակարան կամ աշխատանք ենք գտնում: Մենք նաև աշխատում ենք կրթություն տրամադրելու ուղղությամբ: Կանայք հաճախ չեն էլ հասկանում , թե ինչ է ընտանեկան բռնությունը: Ասում են՝ վիճաբանություն է տեղի ունեցել: Մենք տալիս ենք գիտելիք, տեղեկություն այդ մասին: Տալիս ենք բռնարարի նկարագրությունը, և նրանք հասկանում են, որ բռնության զոհ են դարձել: Տրամադրում ենք նաև հոգեբանական օգնություն, քանի որ նրանք խոցելի են: Բռնարարը հենց դա էլ ուզում է. ինքնավստահությունը, ինքնագնահատականը, ես-ը կոտրել: Մենք փորձում ենք վերականգնել դա:

Կենտրոնն ունի նաև կրթական բաժին: Թրեյնինգներ են արվում ոստիկանների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների հետ, որպեսզի նրանք ևս հասկանան այս դեպքերը և իմանան` ինչպես վերաբերվել զոհերին: Աշխատում ենք, որ հասարակությունը հասկանա խնդրի էությունը և չլռի, թույլ չտա նման դեպքեր: Մեր հասարակությունը սովոր է մեղադրել կանանց և արդարացնել բռնարարին: Դա պետք է վերացնել:

- Իսկ ինչպե՞ս են կանայք իմանում կենտրոնի մասին:

- Ներկայումս դիմողներն այնքան շատ են, որ մեր անձնակազմով չենք հասցնում: Մեր բյուջեն չի ընդլայնվում, չենք կարող այդքան մարդու սպասարկել: Ընդունում ենք կանանց Արցախից և Հայաստանից: Մեզ այցելողների 30 տոկոսը ուղղորդվել է մեր նախկին այցելուների կողմից: Ոստիկանատներում կան նաև բրոշյուրներ՝ տեղեկությամբ և թեժ գծի հեռախոսահամարով: Մի կին հեռուստացույցով էր լսել մեր կենտրոնի մասին: Նրա մայրը միշտ հեռախոս էր նվիրում , իսկ ամուսինն ամեն անգամ ջարդում էր: Երեք տարի անց նա զանգեց մեզ: Հեշտ չէ այդ կանանց համար. վախ կա, անապահովության հարց` ուր են գնալու տնից հեռանալուց հետո: Բայց երբ դանակը ոսկորին է հասնում՝ դիմում են: Այդ կանանց 80 տոկոսը չի վերադառնում բռնարարի մոտ: Նրանք 10-15 տարի ապրել են բռնարարի հետ,և որպեսզի ստիպված չվերադառնան՝ պետք է նրանց հզորացնել: Հենց դա ենք անում: Երբ կինը զգում է, որ տրավմայից բուժվում է, որ վախեր չկան, գիշերները մղձավանջից չի արթնանում, երբ հասկանում է, որ տուն կարող է վարձել, աշխատանք գտնել, ոտքի է կանգնում: Այո՛, մեծ դժվարություններով, բայց կարողանում են իրենց կյանքը շարունակել:

- «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը կարող էր որոշ փոփոխություններ մտցնել: Ի՞նչ փուլում է այն:

- Այդ օրենքը հիմա անորոշ փուլում է, առկախ վիճակում: Բուն պատճառն այն է, որ օրենքը մշակողները, այն ընդունող գերատեսչությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում ընտանեկան բռնություն, որն է դրա էությունը: Հասարակության պահպանողական օղակն այնպիսի բաներ է ասում , որ ուղղակի անհեթեթություն են: Օրինակ՝ օրենքն ընդունելու դեպքում երեխային կխլեն ընտանիքից: Նման բան չկա: Սակայն այդպիսի մտքեր են հայտնում, որ ժողովրդի մեջ խուճապ սկսվի, իբր ընտանիքներ են քանդում, բայց չեն ասում, թե որքան կորուստներ են եղել, որքան մահեր են եղել: Ընտանեկան բռնության հետևանքով սպանությունների թիվն աճում է: 2010-2015 թվականների ընթացքում եղել է առնվազն 30 սպանության դեպք: Մենք չենք հասկանում, չենք տեսնում դա: Եթե մարդիկ գան ու լսեն զոհերին, կհասկանան, թե որքան կարևոր է այդ օրենքը:

- Կանանց իրավունքներով զբաղվող շատ կազմակերպություններ հայտնում են, որ ոստիկանությունը երբեմն թերանում է նման դեպքերում: Ոստիկանական համակարգում փոփոխություններ կա՞ն:

- Մեզ հետ շփվելուց հետո փոփոխություններ լինում են: Հիմնվեց անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը, որի ղեկավարը Նելլի Դուրյանն է , բայց այն իրականում ոչ մի լիազորություն չունի: Կանայք զանգում են 1:02, որ ոստիկանները գան ու իրենց փրկեն: Այդ վարչություն չեն զանգում: Այդ համարի հետ շատ առնչություն չունենք: Մենք կապվեցինք այդ վարչության հետ, բայց արդեն 4 տարի է, ինչ այն ոչ մի լիազորություն չունի:

- Հայաստանում կանանց իրավունքների մասին սկսել են խոսել դեռևս XIX դարից: Ի՞նչ եք կարծում, որն է այսօրվա անմխիթար վիճակի պատճառը:

- Հայաստանում կանայք միշտ երկրորդական դեր են ունեցել` ընտրելու իրավունք չունեին, իրավաբանական իրավունքներ չունեին: Ճիշտ է` եղել են ֆեմինիստներ դեռ 1890-ական թվականներից, երբ սկսվեց կնոջ զարգացման և արժևորման շարժումը: Առաջին հանրապետությունը, որը ձևավորվել էր սոցիալիստական գաղափարախոսությամբ, ուներ կին դեսպաններ, ակտիվիստ կանայք: Խորհրդային կարգերի հաստատումից հետո կանայք միանգամից ընտրության իրավունք ստացան և հավասարություն ստացան երկիրը առաջ տանելու նպատակով: Դա շատ խելացի քայլ էր: Ըստ Համաշխարհային բանկի ուսումնասիրության` եթե Հայաստանում կանայք ընդգրկված են աշխատավայրերում, ՀՆԱ-ն աճում է 1.5 մլրդ դոլարով: ԽՍՀՄ-ում այդ զարգացումը եղավ, խտրականություն չկար: Եթե Արևմուտքում ֆեմինիստական շարժումը բնական կերպով սկսվեց, կանայք իրենք բարձրացրին իրենց խնդիրները, ազդեցին օրենսդրության վրա և հասարակությունը փոխվեց, ապա ԽՍՀՄ-ում դա չեղավ: Այնտեղ եղավ ստիպողաբար: Կինը կարող էր ղեկավար պաշտոն ունենալ, բայց գալիս էր տուն և էլի բերանը փակ ամուսնու առջև. նա է թագավորն ու կառավարողը: Չեմ ուզում ընդհանրացնել, բայց հատկապես շրջանները, մասամբ` Երևանը, բացի մտավորական մասից, նույն պատկերն ունեին: Ժամանակ կար, երբ ընդունված չէր, որ կինը մեքենա վարեր կամ սրճարան գնար: Վերջին շրջանում է դա փոխվել: Մեկ ուրիշ բան էլ եղավ, երբ անկախացումից հետո աշխատատեղերը կրճատվեցին, տղամարդիկ գրավեցին դաշտը: Ասում էին` կանայք, դուք եք մեր օջախը պահողը, պետք է ընտանիք պահեք: Օրինակ՝ բանկերում ղեկավարները տղամարդիկ են, իսկ սպասարկող զանգվածը՝ կանայք: Եվ քանի որ դժվար է կնոջ համար ֆինանսապես անկախ լինել՝ շատ զիջումներ արեց: Աղքատությունն էլ մի գործոն է, որը նպաստում է ընտանեկան բռնության տարածմանը:

- Ի՞նչ պետք է անել իրավիճակը շտկելու համար:

- Այն երկրները, որտեղ օրենք կա, որը խստորեն պահպանվում է, նման դեպքերը նվազել են: Հայաստանն ազատ անկախ երկիր է, բայց 15 տարի կարող ես չարչարել մեկին ու դրա համար պատժվել ընդամենը 150 դրամ տուգանքով: Կինը պետք է իր իրավունքներն իմանա: Չպետք է հավատա այն կարծրատիպերին, թե ինքն ավելի քիչ խելացի է կամ նվազ ընդունակ: Կանայք և տղամարդիկ պետք է կիսեն իրենց երեխայի խնամքը: Վերջերս մեկը պատմում էր, որ կինը գործից շատ հոգնած էր եկել, մի երեխային լողացրել էր և խնդրում էր ամուսնուն, որ մյուսին էլ նա լողացնի, որովհետև արդեն ուժ չուներ: Ամուսինը լողացրել է ու ասել է` հիմա էլ դայակ եմ դարձել: Տղամարդը նույնիսկ իր երեխային լողացնելը իրեն հարիր չի համարում: Այս անհեթեթ մտայնությունը պետք է փոխվի: Այս կարծրատիպերը վերացնելու և հակառակ գաղափարախոսությունը զարգացնելու փոխարեն տարածում ենք դրանք սերիալների միջոցով: Կանանց առաջ պետք է մղել պետականորեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: