Հայերեն   English   Русский  

​«Մեր նկարիչները դրսում փնտրված անուններ են». Մովսես Հերկելյան


  
դիտումներ: 14639

Արվեստաբանության դոկտոր, Բեյրութի «Նոազ արք» (Նոյան տապան) ցուցասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը տարվա մեջ առնվազն երկու անգամ Հայաստան է գալիս: Իսկ մենք ամեն անգամ հայ նկարիչների աշխատանքների միջազգային ցուցադրությունների ու հաջողությունների մասին նրա հետ զրուցելու առիթը բաց չենք թողնում:

Մովսես Հերկելյանը, 2000 թ. սկսած, հայ մշակույթը ներկայացնում է աշխարհի տարբեր ծայրերում, և շատ հայ նկարիչներ արդեն դարձել են պահանջված անուններ կերպարվեստի միջազգային շուկայում:

Նախորդ տարվա նոյեմբերին «Նոազ արք» ցուցասրահը հիմնադրման 20-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանավորությամբ կազմակերպեց մեծ ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին 20 նկարիչների աշխատանքներ: Ցուցահանդեսն այնքան հաջող էր, որ երկարաձգվեց՝ օտարներին հնարավորություն տալով ծանոթանալու հայ կերպարվեստի ինքնատիպ ու արտասովոր ստեղծագործություններին: Վահրամ Դավթյան, Վահան Ռոմելյան, Դավիթ Դավթյան, Սուրեն Ոսկանյան… Սրանք անուններ են, որոնք այնքան էլ հայտնի չեն Հայաստանում, սակայն միջազգային հարթակներում վաղուց իրենց ուրույն տեղն ունեն:

Մովսես Հերկելյանն այս տարվա սկզբին «Արթ Սթեյջ Սինգապուր» միջազգային հեղինակավոր փառատոնին ներկայացրել է 3 հայ արվեստագետի աշխատանքներ. ամերիկահայ գեղանկարիչ Յուրոզ, հայաստանցի գեղանկարիչներ Վահրամ Դավթյան և Ռուբեն Աբովյան: 100-ից ավելի աշխատանքներ, մեծ մասը՝ Յուրոզ, մեծ հաջողություն են ունեցել փառատոնում, չնայած Հերկելյանն ասում է, որ առևտրի տեսանկյունից այս տարի, ի տարբերություն նախորդ 3 տարիների, մի փոքր ավելի թույլ էր: Պատճառը աշխարհաքաղաքական և տնտեսական է, որը միանգամից ազդում է նաև արվեստի վրա:

Յուրոզի հետ կապված մի կարևոր ձեռքբերում. ամեն տարի Չինաստանը որևէ օտարերկրյա արվեստագետի քանդակ է գնում՝ տեղադրելով իր այգիներից մեկում, որը բացօթյա թանգարան է: Նախորդ տարի «Արթ սթեյջ Սինգապուր» փառատոնի ժամանակ ընտրությունը կանգ է առել մեր հայրենակից Յուրոզի «Հավերժություն» քանդակի վրա: Չինաստանը պատվիրել է, որ արվեստագետը վերարտադրի այդ քանդակի մեծ տարբերակը՝ մոտ 4 մետր, և այս տարի արդեն պողպատե քանդակը հանգրվանել է չինական բացօթյա թանգարանում՝ աշխարհի հեղինակավոր քանդակագործների աշխատանքների կողքին:

Ի դեպ, նաև Մովսես Հերկելյանի գործուն մասնակցությամբ է այս տարվա հունիսի 9-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում, բացվել կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանը:

Այս տարվա ընթացքում «Նոազ արք» ցուցասրահը Բեյրութում կազմակերպել է երկու ցուցահանդես. առաջինը՝ Բեյրութի միջազգային նշանակություն ունեցող «Ինտերմարկ» մանկավարժական կենտրոնում, երկրորդը՝ Արևմտյան Բեյրութում: «Երկուսն էլ հիմնականում օտարների համար կազմակերպված ցուցահանդեսներ էին,- շեշտում է զրուցակիցս, որի համար հայ կերպարվեստն օտարներին ներկայացնելն արդեն 2 տասնամյակ դարձել է գործունեության հիմնական սկզբունք:- Մեր նկարիչները դրսում փնտրված անուններ են, նրանց միջոցով նաև տարածում ենք մեր մշակույթը, և աշխարհը խոսում է հայ կերպարվեստի մասին: Ես միշտ ասել եմ, որ մենք կերպարվեստով աշխարհում մրցունակ ենք»:

«Նոազ արքն» այս տարի ծրագրում է երկու ցուցահանդես էլ կազմակերպել Կանադայում՝ համագործակցելով կերպարվեստի միջազգային «Արթէվո» կազմակերպության հետ: Բայց ժամանակն է, որ հայ արվեստագետները հավուր պատշաճի ներկայացվեն նաև Հայաստանում: Այս առումով Հերկելյանը մեծ ծրագիր ունի, որի մասին խոսել է դեռևս մշակույթի նախորդ նախարարի և սփյուռքի նախարարի հետ: Նա ուզում է, որ այն արվեստագետները, որոնց այս տարիներին ներկայացրել է դրսում, ճանաչված ու գնահատված լինեն նաև Հայաստանում: Դրա համար նախևառաջ անհրաժեշտ է ցուցահանդես կազմակերպել, իսկ ցուցահանդեսին զուգահեռ ներկայացնել նաև հայ նկարիչների ստեղծագործություններին նվիրված 20-ից ավելի պատկերագրքերը, որոնք արվեստաբանը տպագրել է այս տարիների ընթացքում:

Նշենք, որ «Նոազ արքը» միջազգային ցուցահանդեսներում ներկայացնում է մի շարք անվանի հայ գեղանկարիչների (Վահրամ Դավթյան, Սուրեն Ոսկանյան, Դավիթ Դավթյան, Էդիկ Բերթյան, Յուրոզ, Վահան Ռումելյան, Ռուբեն Աբովյան, Պերճ Չաքեջյան և ուրիշներ): Սակայն առաջին չորս նկարիչների գործերը ներկայացնելու բացառիկ իրավունքը միայն «Նոազ արքինն» է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: