Հայերեն   English   Русский  

«Ցմահ ազատազրկվածների գործերում բազմաթիվ հարցականներ կան». Ավետիք Իշխանյան


  
դիտումներ: 15022

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 96 բանտարկյալից ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել վաղաժամկետ ազատման իրավունքը:

Բացառություն էր 20 և ավելի տարի բանտում անցկացրած Սողոմոն Քոչարյանը, որի նկատմամբ վերոնշյալ որոշումը իրականցվեց, երբ նա ուներ առողջական լուրջ խնդիրներ. ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց նա վախճանվեց:

Ցմահ դատապարտված ամենաքննարկվող գործերից մեկը վերաբերում է Մհեր Ենոքյանին: Ներկայումս նա Սլավոնական համալսարանի ուսանող է, թղթակցում է կայքերից մեկին և մի շարք գրքերի հեղինակ է:

Նշենք, որ Երևանի բժշկական համալսարանի նախկին ուսանողը մահապատժի էր դատապարտվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար: Երբ ՀՀ-ում վերացվեց մահապատիժը, պատիժը փոխվեց ցմահ ազատազրկմամբ: Մեկ այլ անձ՝ Արամ Հարությունյանը նույն մեղադրանքով դատապարվել է 15 տարվա ազատազրկման: Գործում առկա բացթողումների մասին կարող եք կարդալ այստեղ:

Մհեր Ենոքյանի քրեական գործի վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր կազմակերպել էր քննարկում «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: Ցուցադրվեց «Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով» տեսաֆիլմը, որը կառուցված է Մհեր Ենոքյանի ու Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործի նյութերի հիման վրա:

«Երբ մեր կազմակերպությունը սկսեց ավելի ակտիվ կերպով զբաղվել ցմահ ազատազրկվածների գործերով՝ պարզվեց , որ Մհեր Ենոքյանի գործի շուրջ սխալ տեղեկություններ էին տարածվել: Օրինակ, իբր նա մասնատել է Աղաջանովի մարմին: Մինչև օրս էլ դա տարածվում է: Սակայն ոչ մի փաստաթուղթ չկա, որ հաստատի տա: Ավելին՝ կա նկար, որում երևում է զոհի մարմինը, որը ամբողջական է: Արդյո՞ք բոլոր ցմահ ազատազրկվածները հրեշներ են: Ցմահ ազատազրկվածների գործերում այնքան հարցականներ կան, սակայն այդ գործեր վերաբացելը, դրանց մասին խոսելը տաբու է »,- նշեց Հելսինկյանի կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ավետիք Իշխանյան

Նրա խոսքով՝ ցմահ ազատազկվածներ գործերի վերաբացման կամ վաղաժամկետ արձակման դեմ հակաքարոզ է ընթանում իշխանություններից կողմից, սոցիալական ցանցերում, այլ միջոցներով: Սակայն սա այն դեպքում, երբ ըստ իրավապաշտպանի, չկա որևէ փաստ, որ կապացուցեր Ենոքյանի հանցանքը:

«Անգամ եթե չքննարկենք դատական գործընթացի բացերը, Մհեր Ենոքյանը արդեն 20 տարի բանտում է: Միջազգային փորձում ընդունված է , որ ամենահրեշավոր հանցագործներին անգամ (որոնց թվին Մհերը չի պատկանում)որոշակի պայմանների առկայության դեպքում վաղաժամկետ ազատ են արձակում 20 տարի պատիժը կրելուց հետո»:

Ըս Իշխանյանի՝ սա շատ ծանր գործ է , որը քննելիս զգացմունքներով առաջնորդվելը անբարոյական է:

Այս տարիների ընթացքում Ենոքյանի վաղաժամկետ ազատման երեք դիմումը մերժվել է Վճռաբեկ դատարանի կողմից: Մհեր Ենոքյանը և նրա պաշտպանը շարունակելու են պայքարել:

Մհեր Ենոքյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը իր խոսքում նշեց, որ այսուհետ կենտրոնանալու են այն հարցի վրա, թե արդյոք մահապատիժը կամ ցմահ ազատազրկում պատիժները համապատասխան էին այս սպանությանը.« Պետք է հաշվի առնվեր, որ Մհեր Ենոքյանն առաջին անգամ էր նման արարք անում, որ նա դեռևս երիտասարդ էր: Արդյոք անձը բնութագրող հատկանիշները հաշվի էին առնվել: Որևէ նշում այդ մասին չկա: Նմանատիպ դեպքերում տրվում է մինչև 20 տարվա ազատազրկում»,- նշեց պաշտպանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: