Հայերեն   English   Русский  

Թուրքական ընդդիմադիր CHP կուսակցության առաջնորդը չի մասնակցի նախագահական ընտրություններին


  
դիտումներ: 1788

Թուրքիայում ընդդիմադիր, քեմալիստական հայացքներով հանդես եկող Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ 2019 թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրի:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը, այդ մասին Քըլըչդարօղլուն հայտնել է գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ: Հարցին, թե արդյոք Քըլըչդարօղլուի և իր համակիրների կողմից անցկացված «Արդարության քայլերթ»-ին ավելի քան մեկ միլիոն մարդկանց մասնկացությունը իրեն չի զարմացրել, վերջինս պատասխանել է. «Գիտեի, որ քաղաքացիների մեծամասնությունը Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներից, կառավարության ճնշումներից և սոցիալական անարդարացիությունից դժգոհ են: Դեռևս ապրիլ ամսին կայացած հանրաքվեի ժամանակ դա ակնհայտ էր. մոտ 50 տոկոսը դեմ էր քվեարկել Էրդողանին (Թուրքիայի նախագահ): Սակայն չէի մտածում, որ մարդիկ այսքան ծարավ են արդարության»:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և իր կողմնակիցները «Արդարության քայլերթ»-ը սկսել էին հունիսի 15-ին: Այն իրականացվել է ի նշան նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման դեմ բողոքի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: