Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ռազմական հեղաշրջման տարելիցին զանգվածային միջոցառումներ են անցկացվել


  
դիտումներ: 755

Հուլիսի 15-ի երեկոյան և գիշերը զանգվածային միջոցառումներ են անցկացվել Թուրքիայում` նվիրված երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ճնշման տարելիցին: Միջոցառումներին մասնակցել են Թուրքիայի հարյուր հազարավոր բնակիչներ:

Հանրահավաքներ, քայլերթեր են անցկացվել երկրի տասնյակ քաղաքներում, իսկ առավել զանգվածայինները` Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ստամբուլում անցկացված քայլերթին, Բոսֆորով անցնող կամրջին հեղաշրջման զոհերի հուշահամալիրի հանդիսավոր բացմանը: Կամուրջը ստացել է «Հուլիսի 15-ի նահատակների կամուրջ» անվանումը:

«Ուղիղ մեկ տարի առաջ ձեռնարկվել է այդ դավաճանական փորձը: Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը մեր երկրի դեմ ուղղված առաջին հարձակումը չէ և ոչ էլ` վերջինը: Առավել արյունալի բախումները տեղի են ունեցել Ստամբուլում և Անկարայում: Այստեղ` կամրջի մոտ, ամենաշատ արյունն է թափվել, և դավաճաններին հաղթել են մեր հերոսների մահվան գնով»,- ասել է Էրդողանը:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, խորհրդարանում հանդես գալով, դատապարտել է հեղաշրջման փորձից հետո իշխանությունների ձեռնարկած գործողությունները: «Այս խորհրդարանը, որը դիմակայել է ռումբերի հարվածներին, վերածվել է տկար և անկարող հաստատության: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրում արդարությունը ոչնչացվել է: Արագ կարգավորման փոխարեն մտցվել է մշտական արտակարգ դրություն»,- ասել է Քըլըչդարօղուն «BBC»-ին տված հարցազրույցի ժամանակ:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը տեղի է ունեցել 2016 թ-ի հուլիսի 15-ին: Բախումների արդյունքում մահացել է 249 մարդ, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: Թորքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ առնչությամբ երկրում արտակարգ դրություն է հաստատել: 2017 թ-ի մայիսին վերջին նա հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը կշարունակվի այնքան, քանի դեռ Թուրքիայում չհաստատվի «բարեկեցություն և խաղաղություն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: