Հայերեն   English   Русский  

«ՏաԹեւեր» ճոպանուղին մեկ օրում սպասարկել է ռեկորդային թվով ուղևորների


  
դիտումներ: 956

Հուլիսի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում սպասարկելով 1371 ուղևորի։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին մեկ օրում սպասարկել էր 1321 ուղևորի:

«ՏաԹեւեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում:

Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ., այլեւ ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։

«ՏաԹեւեր» ճոպանուղու շահագործման առաջին տարում՝ 2010 թվականին, այն սպասարկել է շուրջ 10 հազար այցելուի, իսկ 2016 թ․վերջի դրությամբ ճոպանուղու ուղևորների թիվը գերազանցել է 505 հազարը:

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շնորհիվ Տաթևի տարածաշրջանն արագ տեմպերով դառնում է համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն, ուր այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: «Տաթեւի դարպասներ», «Մեծ Տաթեւ», Տաթեւի վանքի վերականգնման ծրագիրն ու «Տաթեւ» ազգային պարկի ստեղծումը հիմք են ծառայում տարածաշրջանի համալիր զարգացման համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: