Հայերեն   English   Русский  

Ջրային ռեսուրսների օգտագործումը պետք է միտված լինի ՀՀ-ի զարգացմանը. Բնապահպանության փոխնախարար


  
դիտումներ: 1611

Կառավարության ծրագիրը 2017-2022 թվականների համար է, սակայն արդեն այս տարվա համար կան նախանշված մի քանի գործողություններ, մասնավորապես էկոլոգիական քաղաքականության նոր հենքի մշակումը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցին անդրադարձավ Բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը:

Նախատեսվում են բարեփոխումներ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, Սևանա լճի կենսաբազմազանության պահպանման և օդի աղտոտվածության նվազեցման հետ կապված:

«Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար թույլտվության տրամադրման կարգը բարեփոխվելու է: Ջրօգտագործման հետ կապված փոփոխությունները կամ օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման թույլտվության ընթացակարգերը նախատեսում ենք պարզեցնել և նվազեցնել փաստաթղթաշրջանառությունը: Դրա արդյունքն առաջիկայում տեսանելի կլինի՝ և բիզնեսի տեսանկյունից, և ընթացակարգի տեսակետից»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին, մասնավորապես դրա առաջացրած առողջապահական հիմնախնդիրներին՝ Էրիկ Գրիգորյանը հաղորդեց, որ կառավարությունը քննարկում է գործունեության ընթացքում մոնիտորինգի համակարգի ներդրումը. «Երբ հանքարդյունաբերողները գործունեության թույլտվություն են ստանում, դրան հաջորդում են մոնիտորինգային որոշ ցուցանիշներ: Մենք մի բաց ունեին՝ հետևանքերի որոշման առումով: Ըստ օրինագծի՝ ներմուծվելու է պարտադիր մոնիթորինգը հանքարդյունաբերողների կողմից, ինչպես այդ տեղեկատվության տրամադրումը հասարակությանը, ՏԻՄ-երին և կառավարությանը»:

Ինչ վերաբերում է Սևանա լճից ջրառի հարցին, ապա, Էրիկ Գրիգորյանի խոսքով, էկոհավասարակշռության տեսանկյունից ջրի մակարդակի տատանումները դրական չեն, սակայն Սևանի առանձին խնդիր, որպես այդպիսին, փոխնախարարը չի դիտարկում, առավել ճիշտ է համարում կարևորել ջրային ռեսուրսների կառավարումը. «Ալսօր մենք միլիարդավոր խորանարդ մետրերի չափով ջուր ենք բաց թողնում: Դրանք հոսում են դեպի սահմանային գետերը: Ռազմավարական տեսանկյունից ավելի կարևոր է այս խնդիրներին անդրադառնալը: Ջրային պաշարների կառավարման ուղղությամբ բնապահպանության նախարարությունն առաջիկայում շատ մեծ աշխատանք ունի կատարելու, որպեսզի հասկանանք, թե ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը մեզ ուր է տանում: Լուծումները մեկ-չորս տարվա համար չեն, պետք է ավելի երկար ժամկետով նայենք: Ջրային ռեսուրսների օգտագործումը պետք է միտված լինի ՀՀ-ի զարգացմանը»,- եզրափակեց Էրիկ Գրիգորյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: