Հայերեն   English   Русский  

​Ինչու է անավարտ մնացել Հայաստանի և Ադրբեջանի պատանի բասկետբոլիստների խաղը


  
դիտումներ: 1467

Վրաստանի Բաթում քաղաքում օրերս կայացած բասկետբոլի միջազգային երկու մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց լավ են դսևորել: Արաբկիրի և Շենգավիթի համայնքների պատանի խաղացողների թիմերը, հանդես գալով մինչև 13 և 11 տարիքային խմբերում, գրավել են 1-ին և 3-րդ տեղերը: Այդուհանդերձ, ավագ տարիքի պատանիների մրցաշարում միջադեպ է արձանագրվել. մերոնց և Ադրբեջանի պատվիրակների հանդիպման ժամանակ խաղը մնացել է անավարտ: Թե ինչն է պատճառը, հարցրինք Արաբկիրի թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանին:

- Ավագ տարիքի խմբում պայքարի մեջ էին ներգրավվել Թբիլիսիի «Դինամո», Բաթումի, Բաքվի և Արաբկիրի, կրտսեր տարիքի խմբում` Փոթիի, Օցուրգետիի, Բաթումի, Շենգավիթի հավաքականները: Այս տարի մեկ ամիս առաջ Բաթումում անցկացվել էր մինչև 13 տարեկան բասկետբոլիստների միջազգային մրցաշար, որին մասնակցել էին Բաթումի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի խաղացողները: Այդ մրցաշարում մեր ընտրանին 65:58 հաշվով հաղթել է Բաքվի թիմին և գրավել 3-րդ տեղը: Այս անգամ առաջին խաղում ադրբեջանցիները պարտվել են Բաթումի թիմին: Այդ հանդիպմանը մասնակցել են այլ խաղացողներ: Իսկ ահա Հայաստանի ներկայացուցիչների հետ մրցամարտում Բաքվի հավաքականի կազմում բոլորովին այլ բաստկետբոլիստներ էին` տարիքով ավելի մեծ:

- Սակայն խաղացողներին հայտավորում են, և դժվար չէ շեղումների դեմն առնել:

- Դա կազմակերպիչների թերացումն էր: Ադրբեջանցիները հայտը փոխել էին և փորձել դա անցկացնել, բայց միջազգային կանոններով դա անթույլատրելի է: Եթե 12 խաղացող հայտավորվում է, ապա այդ թիմով էլ պետք է հանդես գան մինչև մրցաշարի ավարտը:

- Հայաստանը և Ադրբեջանը միմյանց հետ պատերազմող երկրներ են, սակայն մարզական մրցասպարեզներում, այն էլ` այլ պետություններում կազմակերպվող, որպես կանոն, երկու կողմերի ներկայացուցիչների միջև անցանկալի միջադեպեր չեն արձանագրվում: Ինչո՞ւ այս անգամ խնդիր առաջացավ:

- 7-րդ տարին է, ինչ Բաթումում միջազգային մրցաշարերի ենք մասնակցում: Միշտ փորձել ենք այնպես անել, որ ամեն ինչ մարզական մթնոլորտում ընթանա: Բայց Ադրբեջանի ներկայացուցիչները տարեցտարի ավելի լարված տրամադրվածությամբ են պայքարում մեր դեմ: Նրանց դրսևորած մարտական պահվածքը, կոպիտ խաղն այդ են վկայում:

- Ի՞նչ է տեղի ունեցել խաղահրապարակում:

- Մեկ ամիս առաջ մեր թիմից կրած պարտությունից հետո ադրբեջանցիները փորձել են հետևություններ անել: Նրանք ԱՄՆ-ից մարզիչ են հրավիրել, որպեսզի օգնի: Ադրբեջանցիներն այս մրցաշարին ներկայացել էին միայն մեկ մտադրությամբ, որ հաղթեն Հայաստանի ներկայացուցիչներին: Այլ բան մեր սահմանակից երկրի պատվիրակներին չէր հետաքրքրում: Ինքս հարց ուղղեցի Բաքվի թիմի ադրբեջանցի մարզիչին, թե ինչու մրցաշարին մասնակցելով` Բաթումի թիմին հաղթելու ցանկություն չունեին և ձգտում էին առավելության հասնել միայն Արաբկիրի հավաքականի նկատմամբ: Եվ մեր թիմի հետ ադրբեջանցի խաղացողները շատ կոպիտ էին: Քանի որ նրանք տարիքով ավելի մեծ էին, դա խաղահրապարակում ավելի ակնառու էր: 23:24 հաշվի ժամանակ թիմը հանեցի մրցասպարեզից և պահանջեցի, որ ադրբեջանցիները կազմը փոխեն: Բաքվի թիմի մարզիչն էլ առաջարկեց, որ այդ հանդիպումը ընկերական շարունակենք: Ինքս պարզաբանեցի, որ Հայաստանի ներկայացուցիչներն Ադրբեջանի մարզիկների հետ ընկերական մրցամարտեր չեն անցկացնում: Այլ հարց է, որ այդ հանդիպումները տարբեր մրցաշարերի, Եվրոպայի առաջնության շրջանակում են:

- Իսկ մրցավարներն իրենց ինչպե՞ս էին դրսևորում:

- Հանդիպումը սպասարկում էին վրացի մրցավարներ: Նախկինում, երբ մեր թիմերի մասնակցությամբ խաղեր են վարել վրացի մրցավարները, կողմնակալ վերաբերմունք չենք նկատել, սակայն այս անգամ դա զգացվում էր: Փաստորեն, մրցավարներից մեկը և Ադրբեջանի թիմի մարզիչը նախկինում խաղընկերներ էին եղել: Ադրբեջանցին նախկինում խաղացել էր Վրաստանի առաջնությունում: Եվ հանդիպման սկզբից նկատվեց, որ մեր նկատմամբ մրցավարների տրամադրվածությունն ուրիշ է: Եթե նրանք շուտ կանխեին մեր մրցակցի կողմից դրսևորվող կոպտությունը, ապա հնարավոր է նաև, որ հանդիպումը շարունակվեր:

- Արտասովոր վճիռ է կայացվել, և այդ հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է: Վեճուկռիվը, բանակցությունները երկա՞ր տևեցին:

- Հանդիպումը դադարեցվելուց հետո սպասեցինք` մինչև մրցաշարի գլխավոր մրցավարը մոտենա, և շուրջ 40 րոպե բանակցում էինք: Ես պահանջում էի, որ մրցակիցը խաղահրապարակ հանի այն կազմը, որը պետք է լինի: Դա կազմակերպիչների մեղքով էր: Եվ վերջիններս ցանկանում էին, որ ամեն ինչ հարթվի: Բաքվի թիմի մարզիչները քաջ գիտակցում էին, որ եթե խաղահրապարկ դուրս գան համապատասխան տարիքի իրենց խաղացողները, ապա պարտվելու են, և Ադրբեջանում չեն ների: Այդպես էլ խաղը չշարունակվեց: Թեկուզ այդ տարբերակով, երբ ադրբեջանցիները Բաթումի թիմին պարտվել էին, իսկ մենք հաղթել էինք, մրցակիցներից մեկ աստիճան բարձր էինք: Վերջում կազմակերպիչները փորձեցին պնդել, որ իրենց թիմն է առաջինը, քանի որ հաղթանակի դեպքում թիմը ստանում է 2, պարտության դեպքում` 1 միավոր: Եվ այդ հաշվարկով Բաթումի թիմն ունի 5 միավոր, քանի որ առավելության է հասել Բաքվի և Թբիլիսիի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ մերոնք վաստակել են 4 միավոր, քանի որ հաղթել են Բաթումի և Թբիլիսիի թիմերին և 0 վաստակել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ խաղում: Հակադարձեցինք, որ այդ ամենը կատարվել է կազմակերպիչների սխալի պատճառով և տեխնիկական հաղթանակը պետք է տրվի Արաբկիր թիմին: Այդ է պատճառը, որ ի վերջո ունեցանք 6 միավոր, իսկ Բաթումի թիմը` 5 միավոր: Եթե մի փոքր ավելի թույլ գտնվեինք, հնարավոր է, որ մրցաշարային աղյուսակում այդ դասավորությունը չլիներ:

- Ադրբեջանի թիմը ո՞րերորդն էր:

- Եզրափակեց աղյուսակը, քանի որ մեր թիմի հետ անցկացրած անավարտ խաղից հետո Ադրբեջանի ներկայացուցիչները հեռացան, չմնացին մասնակցելու անգամ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Նրանք միայն մեկ նպատակով էին եկել և ցանկանում էին ամեն գնով հաղթել Հայաստանի թիմին: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Դինամոն»:

- Բայց մի՞թե հնարավոր էր աչք փակել այդ կարգի անարդարության վրա:

- Ադրբեջանի ներկայացուցիչները պատրաստված էին եկել: Խաղացողները մեծ տարիքի էին, սակայն կեղծ փաստաթղթերով էին ներկայացել: Ընդ որում` հենց իրենց անուններով: Քաղաքականությունը փոխվել է: Ադրբեջանի ներկայացուցիչները կեղծիքներ անելու լայն հնարավորություններ ունեն և դրանից օգտվում են:

- Այդ միջադեպը չխանգարե՞ց պարգևատրման հավուր պատշաճի կատարվելուն:

- Ոչ, ամեն ինչ նորմալ էր, ադրբեջանցիները գնացել էին, նրանց ներկայացուցիչն անգամ վերջում տրված ճաշկերույթին չմասնակցեց: Պարգևատրման ժամանակ նաև առանձնացվեցին մրցաշարի 5 լավագույն խաղացողները: Ադրբեջանից ոչ մի ներկայացուցիչ չկար: Իսկ Հայաստանի կրտսեր և ավագ տարիքի խաղացողներից այդ պատվին արժանացան Ալեքսանդր Ստեփանյանը և Լևոն Վաթյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: