Հայերեն   English   Русский  

​Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առայժմ ո՛չ լավ մարզիչ ունի, ո՛չ էլ որևէ հեռանկար


  
դիտումներ: 1410

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր արդյունքով, ցույց տված խաղով հիասթափեցնում է, սակայն թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը չի ազատի իր զբաղեցրած պաշտոնը: Բանն այն է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկանում է նրան «շանս» տալ իրեն դրսևորելու, և դա արվելու է բազմահազար ֆուտբոլասերների նյարդերի հաշվին:

Լա՞վ մասնագետ է Շալանդը, թե՞ ոչ, սա արդեն անգամ քննարկման թեմա չէ: Սկզբից հայտնի էր, որ նա հավաքականի հետ աշխատելու փորձ չունի, և դա հաստատվեց: Մերոնք արդեն խմբային մրցաշարում ձախողվել են, և միայն հրաշքով կարող են որևէ հույս ներշնչել, ապացուցել, որ իզուր չեն մասնակցում Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին: Ի դեպ, արդեն մի քանի երկրներում համապատասխան հետևություններ արել են և հրաժարվել են այն մարզիչների ծառայությունից , որոնց վստահել են ազգային հավաքականի ղեկը:

Մինչդեռ Հայաստանում ցանկանում են նոր գլխացավանքից հեռու մնալ: Գործելաոճը պարզ է. հնարավորինս էժան գնով պետք է նոր մասնագետ գտնել: Ինչ խոսք, լավ մասնագետ հրավիրելը թանկ արժե, և երաշխավորված չէ, որ նա կարող է անել այն, ինչին սպասում են: Այդպիսի իրավիճակում են հայտնվել Ռուսաստանի ներկայացուցիչները: Իտալացի Ֆաբիո Կապելոն պատկառելի աշխատավարձ ստանալու պայմանագիր է կնքել, սակայն Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հաջողության հասնելու հեռանկարները մշուշոտ են: Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը դեմ է, որ մարզչին ազատեն զբաղեցրած պաշտոնից միայն այն պատճառով, որ ձախողման դեպքում պատասխան տվող չի լինելու:

Իսկ Հայաստանում վիճակն այլ է, նախապես զգուշավորություն էր դրսևորվել այս հարցում: Շալանդի ծառայություններից հրաժարվելը մեծ խնդիր չէ, պարզապես նրան փոխարինող գտնելու գործում կարող են մի շարք հարցեր ծագել: Ի դեպ, ամեն մասնագետ չէ, որ կարող է «համագործակցել» ՀՖՖ-ի նախագահի հետ: Գործնականում վերջինս է որոշում, թե որ ֆուտբոլիստները կարող են ազգային հավաքական հրավիրվել, համենայն դեպս, հայտնում է իր ծանրակշիռ կարծիքը… Կա նաև «սև ցուցակ», որում հայտնվող այս կամ այն ֆուտբոլիստն այլևս ազգային թիմի մարզաշապիկը կրելու հնարավորություն չի ստանում: Ճնշումնների տակ բացառություններ երբեմն լինում են:

Մի առիթով, երբ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին հարցրինք, թե ինչու թիմ չի հրավիրում Դենիս Թումասյանին, զարմանալի պատասխան ստացանք: Նա ասաց, որ այդ ֆուտբոլիստի մասին արդեն իր դիրքորոշումը հրապարակավ հայտնել է Հայրապետյանը:

Խնդիրն այն է, որ մարզիչները հնարավորություն չունեն հավաքական հրավիրելու բոլոր կարող ուժերին, նրանք իրենց գործողություններում ազատ չեն: Եթե հաշվի առնենք, որ ընտրության հնարավորությունը սահանափակ է, ապա պարզ կդառնա, որ վիճակն ավելի վատ է, քան կարող ենք ենթադրել:

Ի դեպ, Հայրապետյանի թիմը` Երևանի «Փյունիկը», իր իսկ ձևակերպումով, կարգավիճակ է ստացել կադրեր մատակարարելու Հայաստանի հավաքականին: Եվ կանաչ լույս է վառվում այս թիմի խաղացողների առջև: Մինչդեռ փորձը ցույց է տվել, որ պատասխանատու խաղերում հենց այդ ֆուտբոլիստներն են հիմնականում դառնում հավաքականի անհաջողության պատճառ: Ինքնին հասկանալի է, որ ֆուտբոլը բիզնես է, նաև հնարավորություն է, որ այդ խաղացողները երևան միջազգային մրցասպարեզներում: Այլ նախադրյալ համարյա չկա, քանի որ եվրոպական գավաթային մրցաշարերին լրջորեն մասնակցելու փորձեր Հայաստանի ոչ մի ակումբ չի կատարում:

Ինչ վերաբերում է արտերկրում խաղացող հայ բարձրակարգ ֆուտբոլիստներին, ապա պարզվում է, որ նրանք ևս պետք հնազանդվեն բոլոր կամայականություններին: Մինչդեռ այդ խաղացողները, եթե պատրաստ են հավաքականի պատիվը պահելու, ապա վտանգ կա, որ կարող են վնասվածք ստանալ, խաղալու հնարավորությունը կորցնել, զրկվել մեծ եկամուտներից:

Եվ եթե որևէ խաղացող որևէ հարց է բարձրացնում, ապա պետք է ընդառաջել, ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի նա միանա իր հայրենակիցներին և ուժեղացնի հավաքականը: Բայց ինչ որակում ասես, որ չի տրվում այդ խաղացողներին: Օրինակ` լրագրողների հետ ունեցած վերջին հանդիպման ժամանակ Ուրուգվայի քաղաքացի Մաուրո Գևգեոզյանի, Ռուսաստանում բնակվող Դենիս Թումասյանի, Արթուր Մալոյանի հասցեին Հայրապետյանն անցանկալի որակումներ տվեց: Մալոյանի մասին ասվեց, որ նա «Պորշ» մակնիշի ավտոքենա է պահանջել` հավաքականում խաղալու համար: ՀՖՖ-ի նախագահն ասաց, որ տվել է, սակայն նա չի եկել: Մալոյանն էլ այդ ամենը հերքեց, զառացանք անվանեց, իսկ այդ գործելաոճը որակեց անբարոյական:

Հնարավոր է, որ Հայրապետյանը որոշ խաղացողների սիրաշահի, առավել ևս, եթե դրա հնարավորությունը կա: Հարց է ծագում` եթե Մալոյանը որևէ բան է պահանջել և մերժում չի ստացել, ուրեմն ինչո՞ւ հարցը չի լուծվել:

Այս ամենը տգեղ է այն առումով, որ հավաքականը համալրելիս «բազարային», ավելի ճիշտ` «բոշայական» սկզբունքների կիրառումը գործելաոճ է դարձել, և լավ բան չես կարող սպասել:

Չի բացառվում, որ այսուհետ եղած բարձրակարգ խաղացողներն էլ պատճառ փնտրեն, որ հավաքականում չխաղան, մանավանդ որ այն առայժմ լավ մարզիչ չունի, ոչ էլ` որևէ հեռանկար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: