Հայերեն   English   Русский  

​Ովքե՞ր են խորհրդանշում Հայաստանն ու հայությունը. նոր թղթադրամների տեսքը հանրային կրքեր է բորբոքել


  
դիտումներ: 2893

2018-ից շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի թղթադրամներ։ Կենտրոնական բանկն արդեն հայտարարել է նոր թղթադրամների թեմատիկան և էսքիզների ընտրության նպատակով մրցույթ հայտարարել։

Արդեն հայտնի է, որ բացի թղթադրամների տեսքից, կփոխվեն նաև դրանց վրա պատկերված գործիչները։ Ըստ Կենտրոնական բանկի հաղորդագրության՝ 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամի վրա պատկերված կլինի Պարույր Սևակը, 5000- դրամանոցի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 000-դրամանոցի վրա՝ Կոմիտասը, 20 000- դրամանոցի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, իսկ 50 000-դրամանոցի վրա՝ Գրիգոր Լուսավորիչը։ Շրջանառության մեջ կդրվի նաև 2000-դրամանոց թղթադրամ, որի վրա պատկերված կլինի Տիգրան Պետրոսյանը։ Իսկ 100 000-դրամանոցները շրջանառությունից դուրս կգան։

ԿԲ-ից տեղեկացնում են, որ թղթադրամների թեմաները քննարկել են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և մտավորականների հետ, հաշվի են առել քաղաքացիների՝ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած առաջարկները։

Չնայած ԿԲ պնդումներին, թե հանրության կարծիքը հաշվի է առնվել, նոր թղթադրամների մասին բարձրաձայնելուց ի վեր հանրային քննարկումները չեն դադարում. քաղաքացիների մի մասը դեմ է թղթադրամների ընտրված թեմաներին, ոմանք ընդհանրապես դեմ են նոր թղթադրամներ շրջանառության մեջ դնելուն, կան նաև մարդիկ, որոնք ընդունելի են համարում թղթադրամների ԿԲ-ի առաջարկած տեսքը։

Սամվել Կարապետյան

«Անշուշտ, թողարկելիք թղթադրամներին մեծանուն հայերին պատկերելը մի յուրօրինակ գնահատանքի ու հարգանքի մատուցում է և, ինչու չէ, նաև այդ կերպ ավելի ճանաչելի դարձնելու միջոց, սակայն գտնում եմ, որ թղթադրամի վրա առաջին հերթին պետք է պատկերված լինեն պետականության կերտման գործում առավել մեծ ավանդ ունեցող անձերը, քանի որ այն պետական արժեթուղթ է»,- ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա կարծիքով՝ հայկական թղթադրամներին ճիշտ կլիներ պատկերել հայոց մեջ առավել հզոր պետականություն ստեղծած ու վարած դեմքերին: Նա առաջարկում է հայոց յուրաքանչյուր թագավորական դինաստիայից մեկ ներկայացուցչի պատկերել թղթադրամներին. «Օրինակ՝ Արտաշեսյաններից՝ Տիգրան Մեծին, Բագրատունիներից` Գագիկ Ա-ին, Կիլիկիայի հայոց թագավորությունից՝ Լևոն Մեծագործին և, իհարկե, հայ պետականության ակունքում գտնվող Հայկ Նահապետին, բնականաբար՝ 50.000-անոցի վրա»:

Նա նշում է, որ այսպիսով կշեշտվի, որ հայերս ևս գիտակցում ենք, թե ինչ ասել է պետականություն, գնահատում ու հպարտանում ենք նրանով, նրա ստեղծման ու պահպանման համար մաքառած պետական գործիչներով: «1991-ից ի վեր այս խնդրում երկու անգամ արդեն սխալվել ենք: Եկեք գոնե երրորդ անգամ չկրկնենք նույն սխալը»,- կոչ է անում Կարապետյանը Կենտրոնական բանկին։

Լևոն Աբրահամյան

Ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, անդրադառնալով տարբեր երկրների փորձին, ասում է, որ ամեն երկիր իր մոտեցումն ունի այդ հարցում։ Նա նկատել է, որ սովորաբար ամենահեղինակավոր գործիչներին պատկերում են ամենամանր թղթադրամներին, որոնք ամենից շատ են շրջանառության մեջ լինում։

Անդրադառնալով այն հարցին, թե ում պատկերները կարող են լինել թղթադրամի վրա, որպեսզի նաև ազգին ու պետությանը խորհրդանշեն, Աբրահամյանն ասում է. «Գլխավորը, որ քաղաքական գործիչներ չլինեն։ Նրանց դերը պատմության ընթացքում վերարժևորվում է, մինչդեռ մշակութային գործիչները մնայուն են»։ Աբրահամյանը կողմ է, որ մշակութային գործիչներից բացի, թղթադրամների վրա պատկերվեն նաև հուշարձաններ:

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, անդրադառնալով միջազգային փորձին, ասում է, որ աշխարհի շատ երկրներում դրամանիշները փոփոխվում են, բայց դիմանկարները մնում են կայուն։ «Օրինակ՝ ամերիկացիները հազար տեսակ փոփոխությունների են ենթարկում իրենց թղթադրամները, բայց նախագահների դիմանկարները մնում են. ուրեմն հասկանում են, որ ցանկացած այս կարգի փոփոխություն պետք է հարցադրումներ բերի»,- ասում է նա՝ հավելելով, որ մշակութային գործիչների առումով առավել ևս հարց է առաջանում՝ ինչու մեկը, ոչ թե մյուսը։

Նրա կարծիքով՝ լավագույն լուծումը կլիներ, եթե թղթադրամների վրա պատկերվեին աշխարհագրական տեղանքներ, հուշարձաններ։ «Կա՛մ պետք է այդ տարբերակը լիներ, կա՛մ մնար անփոփոխ»,- կարծում է նա:

Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ թղթադրամների վրա պետք է պատկերվեն պետական և ռազմական գործիչներ։ «Ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը պետություն է ունեցել, որ խուժան ժողովուրդ չէ»,- ասում է նա։ Իր մոտեցումը հիմնավորելու համար Շիրինյանը նշում է. «Մշակույթի և քաղաքակրթության բարձրագույն նվաճումը պետականությունն է։ Այն մշակույթի բարձրագույն ձևն է։ Հետևաբար, պետական գործիչները, այլաբանությամբ ասած, ամենամեծ մշակութային գործիչներն են։ Պետականություն ստեղծելն ամենաբարդ մշակույթն է։ Այվազովսկու «Իններորդ ալիքից» ավելի բարձր Տիգրան Մեծի ստեղծած պետականությունն է։ Բայց Այվազովսկուն հիշում են, Տիգրան Մեծին՝ ոչ, այդ պատճառով էլ սերնդեսերունդ չենք հասկանում պետության դերն ու նշանակությունը»։

Շիրինյանն ասում է, որ սա լավ առիթ է գոնե աճող սերնդի մեջ սերմանելու այն գաղափարը, որ պետք է սիրեն պետությունը, որ իրենք են պետության տերը։

Անդրադառնալով պետական-քաղաքական գործիչների դերի վերարժևորման հիմնավորմանը՝ Շիրինյանն ասում է, որ ներկայիս կոռուպցիոներ իշխանավորները, այդ պատմական դեմքերի հետ համեմատած, գաճաճներ են, դրա համար էլ փորձում են նրանց անունները մոռացության տալ։

«Մեր գործիչները պետք է վերադառնան մեր առօրյա կյանք, յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որ այսպիսի դիվանագետներ կամ պետական, ռազմական գործիչներ ենք ունեցել»,- ասում է նա։

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, երրորդ սերնդի թղթադրամների վերաբերյալ հարցը լսելով, ասում է. «Ամեն խաղ խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը»։ Նա նշում է, որ թղթադրամների պատկերից առավել իրեն հուզում է այն հարցը, թե որքանով ունեինք դրանց կարիքը ներկայում։ «Ինձ հուզում է ծախսը, որքանով էր դա անհրաժեշտ տնտեսական այս ծանր պահին»,- ասում է նա։

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մեկնաբանելով նոր թղթադրամների անհրաժեշտությունը, «Անկախին» տեղեկացրին, որ դրամաշրջանառության կանոնների համաձայն՝ թղթադրամները պետք է թարմացնել յուրաքանչյուր 10-15 տարին մեկ՝ հաշվի առնելով տպագրական և պաշտպանական նոր տեխնոլոգիաները։

Հարցին, թե ինչ սկզբունքով են ԿԲ-ում առաջնորդվում թղթադրամների թեմատիկան ընտրելիս, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը պատասխանում է, որ միջազգային ասպարեզում մի քանի թեմաներ կան, որոնք ընդունված է պատկերել թղթադրամների վրա. պետական այրեր, պետական խորհրդանիշներ, հուշարձաններ, մշակութային գործիչներ, տվյալ երկրի բուսական ու կենդանական աշխարհը։

«Հարավային Աֆրիկան, օրինակ, ընտրել է թղթադրամների վրա իր կենդանական աշխարհը ներկայացնելու մոտեցումը, ԱՄՆ-ն՝ պետական գործիչներին։ ՀՀ ԿԲ խորհուրդը որդեգրել է թղթադրամների վրա մշակութային գործիչներին պատկերելու մոտեցումը»,- նշում են ԿԲ-ից՝ հավելելով, որ միայն առաջին սերնդի թղթադրամներին են պատմական հուշարձաններ պատկերված եղել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: