Հայերեն   English   Русский  

​Փոխգնդապետ Հարությունյանի հուշերը


  
դիտումներ: 3602

«Դպրոցում մեր հերոսների կյանքն ու սխրանքները պետք է շատ ներկայացվեն։ Պետք է հասնենք նրան, որ երիտասարդ սերնդի լավագույն ներկայացուցիչները ռազմական գործն ընտրեն որպես մասնագիտություն։ Թե չէ հիմա լավերն այլ մասնագիտություն են ընտրում, ռազմական ինստիտուտ հիմնականում գնում են ոչ գերազանցիկները»,- ասում է 87-ամյա փոխգնդապետ Զավեն Հարությունյանը՝ ամփոփելով Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դասավանդման իր տարիների փորձը։

Դիլիջանում՝ հասարակ գյուղացու ընտանիքում ծնված Հարությունյանը դպրոցական տարիներին շատ էր կարդում ազգային ազատագրական պայքարին նվիրված գեղարվեստական գրքեր։ «Սամվելի», «Վարդանանքի» և այլ գրքերի ազդեցությամբ ատելությամբ էր լցված հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ։ Իսկ զորավար Սուվորովի կենսագրությունն ու պատմությունը նրան այնքան են ոգևորել, որ որոշել է զինվորական դառնալ։

Պապն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից էր, հայրը և հորեղբայրները զոհվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Եվ գուցե դրանով էր պայմանավորված, որ դպրոցն ավարտելուց հետո, այնուամենայնիվ, ընդունվում է Դիլիջանի մանկավարժական տեխնիկում։ 4 տարի ուսանելուց հետո մեկ տարի որպես մանկավարժ աշխատում է Սևանում, մինչև կգար բանակ զորակոչվելու ժամանակը։ Զինկոմիսարիատից նրան խորհուրդ են տալիս ռազմական ուսումնարան ընդունվել։

Ընդունվում է Թբիլիսիի հրետանավորների ռազմական ուսումնարան։ Ավարտելուց հետո ծառայության է նշանակվում Ուկրաինայում, որոշ ժամանակ անց տեղափոխվում է Մոսկվա, ապա Հայաստան՝ նախ Դիլիջան, ապա Գյումրի։ Այստեղ հրետանային մարտկոցի ավագ սպա էր։ Գյումրու զորամասում իր աշխատանքի ու զինտեխնիկայի մասին խոսելիս ժպտում է, ասում է, որ շատ սիրուն ու արդյունավետ տեխնիկա է գրադը։

Ծառայության տարիներին՝ 1965-ին, իր իսկ բնորոշմամբ պատահաբար ընդունվում է Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժին։ Պատմում է, որ ընկերներից մեկի հետ զրուցելիս հակադարձում է այն պնդմանը, թե առանց գումարի հնարավոր չէ բարձր գնահատական ստանալ և ընդունվել։ Գրազ են գալիս։ Դիմում է պատմության ֆակուլտետ, քննություններ հանձնում ու առանց դժվարության բուհ ընդունվում։ Ասում է, որ զինվորական ղեկավարությունն ընդառաջում էր, ամռանը մեկ ամիս հանգիստ էին տալիս, որ քննաշրջանին պատրաստվեր և մասնակցեր, իսկ ձմռանն ինքնաթիռով էր գնում ինստիտուտ։

Պատմում է, որ ծառայության տարիներին հանկարծ որոշում է նամակ գրել ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեին, որում պահանջում էր հայ ժողովրդին վերադարձնել մեր պատմական հողերը՝ Արցախը, Նախիջևանը և անգամ Կարսը։ Նամակը սկսում է շրջանառվել Գյումրիում ստորագրություններ հավաքելու նպատակով։ Կինոթատրոնում նամակին ստորագրություններով միանալու կոչից հետո նրա արարքը բացահայտվում է։ Նրա հարցը քննարկվում է մասնագիտական շրջանակում։ Որոշում են, որ նրա հայացքները նացիոնալիստական են, դաշնակցականների ջրաղացին ջուր է լցնում, և որոշում են հեռացնել կուսակցությունից։ Քանի որ նրա անցյալում ու ազգակցական կապերում որևէ կասկածելի կետ չեն գտնում, չեն դատում։

Որպես անվստահելի տարր Հարությունյանին տեղափոխում են Կիրովաբադ՝ հեռու սահմանից։ Այստեղ պարզում է, որ միակ անհուսալի հայազգի զինվորականն ինքը չէ, ուրիշ սպաներ էլ կան նույն կարգավիճակում։ Շնորհիվ նախկին հրամանատարի լավ բնութագրի՝ այստեղ, ի զարմանս իրեն, դիվիզիայի հետախուզության պետ է նշանակվում։ Մեկ տարի ծառայելուց հետո իր դիմումի համաձայն թողնում է ծառայությունը և Երևան վերադառնում։

Այստեղ թիվ 159 դպրոցում 20 տարի հայոց պատմություն է դասավանդում։ Երբ սահմանին իրադրությունը լարվում է, նախկին զինվորականy չէր կարող անտարբեր մնալ․ միանում է Արցախի ազատագրական պայքարին։

«Սահմաններում մեզ խիստ նեղացնում էին։ Սումգայիթի դեպքերն արդեն տեղի էին ունեցել։ Հոգիս պայթում էր։ Չէի կարող համբերել»,- ասում է նա։

Հիշում է, որ սկզբում, երբ դիմում է ծառայության անցնելու համար, գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանը իրեն մերժում է՝ նշելով, որ տարիքով շատ մեծ է, տեղը զիջի երիտասարդներին։ Մի քանի տարի անց, երբ Դարիբալթայանը նրան Գորիս է գործուղում՝ գրադ կայանքները մարտական վիճակի բերելու համար, Հարությունյանը հիշեցնում է Դարիբալթայանին միջադեպի մասին՝ հարցնելով, թե ինչպես է, որ երիտասարդները զենքը մարտական վիճակի բերել չեն կարողանում ու տարեց մասնագետին են դիմում։

Դարիբալթայանի հրամանով առաջադրանքը կատարելուց հետո նա սկսում է դասավանդել Պոլիտեխնիկի ռազմական ամբիոնում՝ կադրեր պատրաստելով բանակի համար։

Հայոց ինքնապաշտպանական ուժերին միանալուց հետո 1991-ի գարնանը Տավուշ է մեկնում՝ Շամշադին (ներկայիս Բերդի տարածաշրջան)։ Հակառակորդը հանգիստ չէր տալիս խաղաղ բնակչությանը, իսկ նրան լռեցնելու համար ունեին 4 հակակարկտային թնդանոթ իր լիցքով և 8 մարտական արկ։ Հարությունյանն ասում է, որ սկզբից էլ գիտեր՝ հակակարկտային արկերը տեղ չեն հասնի, օդում կպայթեն, բայց պետք էր փորձել, այլընտրանք չկար։

Ու չնայած վերջին պահին կրակելու հրամանը հապաղում է, ինքը վճռական էր, թշնամուն լռեցնել էր պետք, իսկ հետո ինչ կլիներ, թող լիներ։ Եղած ողջ զինամթերքն ուղղում է Ղազախի կողմը։ Ինչպես և կանխատեսել էր, նպատակին են ծառայում միայն ռազմական արկերը։ Հաջորդ օրը հայտարարություններից տեղեկանում են, որ Ղազախում 9 շենք է վնասվել։

«Դրանից հետո Շամշադինը խաղաղվեց։ Թուրքի հետ միայն էդպես են խոսում»,- ասում է նա։

Այնուհետև նրան Շահումյան են ուղարկում, որտեղ ինքնապաշտպանության նպատակով գրադ կայանքը պետք է գործի դներ։ Այստեղ ներկայանում է Շահեն Մեղրյանին, պայմանավորվում են, որ հաջորդ օրը պետք է ռազմական գործողություն իրականացնեն։ Սակայն հաջորդ օրը անսպասելի նահանջ է սկսվում՝ չնայած Հարությունյանի պնդումներին, թե պետք է կանգ առնել ու պայքարել, ունեցած հրետանին կիրառել։ Հարությունյանը, մատնանշելով նաև Շահեն Մեղրյանի չբացահայտված սպանությունը, ասում է, որ գրեթե վստահ է՝ Շահումյանի նահանջը իշխանությունների, գուցե և անմիջականորեն Լևոն Տեր-Պետրոսյանի հրահանգով էր։

Ծանոթությունը Հայկազ Բաղմանյանի հետ

Հարությունյանը ծառայության ընթացքում շփվել է թե՛ այն ժամանակվա հայտնի մասնագետների, թե՛ այն մարդկանց հետ, որոնք հայտնի գործիչներ են հիմա։ Տարբեր մարդկանց մասին պատմությունների մեծ պաշար ունի։ Պատմություններից մեկն էլ գեներալ-լեյտենանտ, ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի մասին է։

Պատմում է, որ Արցախի Գետաշենում ծնված երիտասարդն ավարտական դասարանում իր աշակերտն է եղել։ «10-րդ դասարանն ավարտացրել եմ,- ծիծաղելով ասում է նա,- հիմա գեներալ-լեյտենանտ է»։

Ասում է, որ ավարտական քննության ժամանակ կանչել ու հարցրել է, թե որ տոմսը գիտի։ Երբ պատասխանել է, թե 2-րդը, փաթեթից հանել է 2-րդ տոմսը, անկյունը ծալել ու դրել՝ ասելով, որ շուտ մտնի ու այդ տոմսը քաշի, որպեսզի կարողանա պատասխանել։ Այդքանից հետո անգամ ստիպված է լինում անբավարար նշանակել նրան։

Հիշում է, որ հաջորդ օրը ավարտական քննությունից կտրված երիտասարդի հարազատները կոնյակով գալիս են դպրոցի տնօրենի մոտ։ Նա էլ գալիս ու ուսուցչին ասում է, որ գնահատականը պետք է փոխել, հո առանց ավարտական ատեստատի չեն թողնի պատանուն։

Երբ նախկին աշակերտին բնութագիր է տալիս, նշում է, որ կարող է լավ բանվոր դառնալ։ Եվս մեկ վեճի մեջ էլ այդ պատճառով է ընկնում․ տղայի հայրը դեմ էր այդ բնութագրին։ Ասում է՝ ինչ իմանար, որ հորեղբայրը Ուկրաինայում ռազմական ուսումնարանում է աշխատում։ «Հորեղբոր աջակցությամբ ավարտում է ու ծառայության նշանակվում Հայաստանում որպես դասակի հրամանատար։ Իր դասակի 20 ավտոմատը թռցնում է ու բերում տալիս Վազգեն Սարգսյանին։ Դրանով նրա աչքն է մտնում և ուղարկվում է Մարտակերտ որպես շտաբի պետ»,- ասում է Հարությունյանը։

Հիշում է, որ երբ Շահումյանի նահանջից հետո Մարտակերտ են հասնում, այստեղ հանդիպում է իր նախկին աշակերտին։ Ժպիտով հիշում է՝ երբ իմացել է, թե ինչ պաշտոն ունի իր նախկին աշակերտը, գլուխը բռնել է․ «Ասացի՝ վայ մեզ, որ դու ես լինելու շտաբի պետը, այ տղա»։

Ծանոթությունը Յուրի Խաչատուրովի հետ

Խաչատուրովի հետ ծանոթացել է Կապանում, երբ պետք էր լռեցնել ադրբեջանցիներին։ Ասում է՝ քաղաքի բնակիչները տներից դուրս գալ չէին կարողանում, ադրբեջանցիների կրակի տակ էին։ Ինքը հրետանին էր կառավարում, իսկ Խաչատուրովը Կապանի օպերացիայի ղեկավարն էր։

«Դեկտեմբերն էր, ձյուն էր եկել, 6 գաուբիցները պատրաստ սպասում էի։ Առավոտյան ժամը 8-ին կրակը սկսեցինք, 400 սնարյադ միայն ես բաց թողեցի»,- հիշում է նա։

Ադրբեջանցիներին հայերը ջախջախում են՝ Կապանի բնակիչներին տնից դուրս գալու հնարավորություն տալով։ 3 օր հետո լուր են ստանում, որ ադրբեջանցիները մտել են Դավիթ Բեկ գյուղ։ «20 կմ գրադն է կրակում, գաուբիցը՝ 19 կմ։ Էլի լավ զենք է»,- ասում է՝ հավելելով, որ դեպի հարավ ուղղված զենքը պետք էր շտապ ուղղել դեպի արևելք։ Անձնակազմին հրամայում է շտապ զենքի ուղղությունը փոխել, ինքն էլ շտապ թիրախի հեռավորությունն է հաշվարկում՝ ճիշտ կոորդինատներով կրակելու համար։

Գյուղի կենտրոն հասած ադրբեջանցիները, մեկ կրակոցից կորուստներ կրելով, խուճապի են մատնվում ու նահանջում։ «Այդպես Դավիթ Բեկն ազատվեց մի սնարյադով»,- ասում է նա։

Ծանոթությունը Մանվել Գրիգորյանի հետ

Երբ կարիք է լինում հրետանավոր գործուղել, որը պետք է աջակցեր Մանվել Գրիգորյանի ղեկավարած կամավորական գումարտակի հարձակումներին, Հարությունյանն իր թեկնածությունն է առաջարկում։ Արդյունքում երկու տարի շարունակ նրանց հետ մարտերի է մասնակցում՝ հրետանու կրակի տակ պահելով հակառակորդին։

«Իրեն օգնականներ ընտրելու հատուկ կարողություններ ուներ։ Ով դուր չէր գալիս, անմիջապես Երևան էր ուղարկում»,- հիշում է նա։

Մանվել Գրիգորյանի խմբի հետ Հարությունյանը մինչև Արաքսի ափ է հասնում։ Ասում է՝ երազում էր ձեռքը Արաքսի ջրերում թրջել, բայց զենքից հեռանալ չէր կարող։ Ցանկությունն իրագործում է մի քանի տարի անց, երբ արդեն հրադարար էր հաստատվել։

Պատերազմից հետո Հարությունյանը սկսում է դասավանդել ռազմական ինստիտուտում՝ իր տարիների փորձը երիտասարդ սերնդին փոխանցելով։ 2006-ին միայն վաստակած հանգստի է անցնում։

Խոսելով մեր բանակի կարողությունների ու զինվածության մասին՝ Հարությունյանը կրկնում է հայտնի արտահայտությունը՝ հրետանին պատերազմի աստվածն է։

Ըստ նրա՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանում հրետանու զինամթերք արտադրող գործարան ունենանք․«Էդքան էլիտար շենքեր են սարքում, 2 շենքի փողով մի գործարան կարող են բացել»։ Ասում է՝ պատերազմի ժամանակ արկերը ինքնաթիռով չես հասցնի, տեղում պետք է արտադրենք։ Վստահ է՝ եթե զինամթերքի պակաս չունենանք, Ադրբեջանի հետ պատերազմում հաղթանակն այլընտրանք չունի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: