Հայերեն   English   Русский  

​«Մի խելառ քարը փոսը գցեց, հազար խելոք չկարողացան հանել»


  
դիտումներ: 24669

ՌԴ Պետդուման հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» դաշնային օրենքում,

որն ուղղակիորեն անդրադառնում է և որոշակի անհանգստություն պատճառում Ռուսաստանում աշխատող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների: Այն քաղաքացիները, որոնք հայկական վարորդական իրավունքի վկայականով մինչ այդ կարող էին աշխատել Ռուսաստանում, այլևս նման հնարավորություն չունեն: Հայկական վկայական ունեցող վարորդները տուգանվում են 10 հազար, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք, 50 հազար ռուբլով:

Ուշագրավ է, որ այս օրենքը չի տարածվում Ղրղըզստանի քաղաքացիների վրա, քանի որ նրանց Սահմանադրությամբ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է: Արտոնյալ երկիր է նաև Բելառուսը: Այս օրենքը չի վերաբերում նաև այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում՝ զբոսաշրջիկները: Մնացած բոլոր երկրների քաղաքացիները Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգված Ռուսաստանում զբաղվում է հենց վարորդ աշխատելով. վարում են տաքսի, հասարակական տրանսպորտ, բեռնատարներ և այլն: Թե որքան մարդ է զբաղված մեքենա վարելով՝ հնարավոր չէ ասել, քանի որ նման վիճակագրություն չկա, բայց նրանց թիվը փոքր չէ: Բնականաբար, օրենքի այս փոփոխությունը դժգոհություններ է առաջացրել աշխատանքային միգրանտների շրջանում: Նրանք իրենց երկրներում վարորդական դասընթացների են հաճախում, քննություն հանձնում, պետական վճարներ կատարում, իսկ հիմա ստիպված են լինելու օտար երկրում կրկին դասերի մասնակցել, քննություն հանձնել և ավելի շատ գումարներ ծախսել վարորդական իրավունք ձեռք բերելու համար: Իսկ գործատուներն էլ, բնականաբար, արդեն սկսել են «ազատվել» միգրանտ վարորդներից ու աշխատանքի ընդունել միայն այն քաղաքացիներին, որոնք ռուսական վարորդական իրավունք ունեն:

Վրացիները, ուզբեկները, շվեդները, ֆրանսիացիները (եթե իհարկե այդպիսիք կան Ռուսաստանում) թող իրենք մտածեն, մեզ ավելի անհանգստացնում է այլ հանգամանք. իսկ ո՞ւր մնաց ԵԱՏՄ տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքը:

Հետևաբար, հետաքրքիր է, թե ինչպես պետք է արձագանքեն հայաստանյան պաշտոնական օղակները՝ իշխանության ներկայացուցիչները:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրինակ, լրագրողների հարցին ի պատասխան շեշտել է, որ վարորդական վկայականները համարվում են ազգային փաստաթուղթ, ավելին՝ այդ հարցը կանոնակարգված է կոնվենցիաներով: Երկիրը կարող է թույլ տալ այլ երկրի վարորդական վկայականի օգտագործումը որոշակի ժամանակահատվածում և կարող է նաև թույլ չտալ, օտար վարորդական իրավունքները ճանաչելը կամ չճանաչելը յուրաքանչյուր պետության իրավունքն է:

Դե իհարկե, բայց գոյություն ունի, չէ՞, փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության գործիք, երբ այդ «յուրաքանչյուր» երկրներից որևիցե երկուսը փոխադարձաբար համաձայնվում ու ճանաչում են միմյանց փաստաթղթերը: Օրինակ՝ հենց Հայաստանն անցյալ տարի մեծ շուքով ազդարարեց, որ հենց Ռուսաստանի քաղաքացիներն արդեն Հայաստանի տարածք մուտք գործելու իրավունք ունեն ինչպես արտասահմանյան, այնպես էլ ՌԴ քաղաքացու ներքին անձնագրով: Ավելին, նույն Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունքի վկայականի սահմանափակում Հայաստանում չկա:

Իհարկե, արդարության համար նշենք, որ «Սպուտնիկ Արմենիային» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից ասել են, որ հարցը հասարակական կարգին է վերաբերում, իսկ դա ԵԱՏՄ-ի իրավասության մեջ չի մտնում, սակայն նշել են, որ հաշվի առնելով զարգացող խնդրի կարևորությունը՝ որոշում է ընդունվել ԵԱՏՀ խորհրդի քննարկմանը հանձնել համաձայնագրի մշակման մասին որոշումը, որը հաշվի է առնելու վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև վարչական խախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ու իրավապահ մարմինների հետ փոխգործակցության հարցը: Իսկ ԵԱՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանն էլ նշել է, որ ԵԱՏՀ-ն ամեն ինչ անում է ԵԱՏՄ երկրների աշխատողների համար լրացուցիչ սահմանափակումները վերացնելու համար, և Ռուսաստանում եկել են այն եզրակացության, որ բացառություն կարվի ԵԱՏՄ երկրների վարորդների համար: Այսինքն՝ հույս կա, որ այս հարցը կլուծվի:

Հետաքրքիր է, չէ՞ որ մեր կառավարության կազմում ունենք նաև միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, որի նախարարը մինչև հիմա լուռ է:

Այդ լռությունը փորձեց խախտել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Եվ այնպես խախտեց, որ հակառուսականության մի նոր ալիք բարձրացավ: Նա իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ արծարծել է ՌԴ խորհրդարանի ներքին պալատի կողմից ընդունված օրենքի թեման, որը, ըստ նրա, անտեսում է Հայաստանի քաղաքացիներին: Վյաչեսլավ Վոլոդինն էլ հայտարարել է, որ հայկական վարորդական իրավունքները Ռուսաստանում կընդունվեն, երբ ռուսաց լեզուն ՀՀ-ում պետական կարգավիճակ ստանա:

Այս կապակցությամբ ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ հրապարակեց, որոնցից պարզ է դառնում, որ Արա Բաբլոյանը, խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին, նշել է, որ վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար:

«Ի պատասխան ՀՀ խորհրդարանի ղեկավարի բարձրացրած խնդրի՝ ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթևեկության անվտանգությամբ, քանի որ աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետևանքով չեն տիրապետում ՌԴ երթևեկության կանոններին, ինչպես նաև չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Հաշվի առնելով, որ օրենքն արդեն ընդունված է, իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ՀՀ-ում ռուսերենը օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ: Հակադարձելով այս առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը: Քննարկումների արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ռուսական կողմը բաց է քննարկումների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում անդրադառնալ այդ հարցին՝ գտնելով հնարավոր այլընտրանքային լուծումներ»,- մասնավորապես տեղեկացնում է Արսեն Բաբայանը:

Սա արդարացիորեն դժգոհությունների ալիք բարձրացրեց Հայաստանում: Որովհետև նախ տրամաբանությունն է անհասկանալի. ի՞նչ է, եթե Հայաստանում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ստանա, Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները միանգամից սկսելու են ավելի լա՞վ մեքենա վարել, սկսելու են ավելի լա՞վ ռուսերենին տիրապետել ու ռուսական ճանապարհատրանսպորտային նշանները ավելի լա՞վ հասկանալ…

Վոլոդինի այս հայտարարությունը դիտարկվեց որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու հերթական փորձ, որպես ռուսերենը Հայաստանում պետական լեզվի կարգավիճակի տանող պարտադրանք, ինչն էլ արդարացիորեն հարուցեց ՀՀ քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը:

Չծանրանանք այս մի դրվագի վրա, առավել ևս, որ դրան Բաբլոյանը տեղում բավականին կոռեկտ ու հստակ պատասխանել է: Թե ինչպես կլուծվի այս հարցը՝ այս պահին դժվար է ասել, թեպետ ռուսական կողմից ու ԵԱՏՀ-ից հույս են հայտնում, որ այն լուծում կստանա: Բայց հայկական ասացվածքն ասում է. «Մի խելառ քարը փոսը գցեց, հազար խելոք չկարողացան հանել»: Այնպես որ, կապրենք՝ կտեսնենք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: