Հայերեն   English   Русский  

Փափուկ, գունագեղ ու գեղեցիկ բիզնես, որ սկսել է 20 հազար դրամով


  
դիտումներ: 11383

Պարկ աթոռ, պուֆիկ կամ, ինչպես շատերս ենք անվանում, փափուկ աթոռն այլևս էկրաններից երևացող հետաքրքիր իր չէ, այն արդեն կարելի է պատվիրել նաև Երևանում:

Բացի այս գեղեցիկ ու հարմարավետ պարագային հայերեն հաջող «պարկաթոռ» անվանումը ընտրելուց, այն նույնպիսի հաջողությամբ էլ կարվում է «Պարկ աթոռ» ընկերությունում, որը ստեղծագործական ձեռներեցության մի հիանալի օրինակ է:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընկերուհիս նոր բնակարան էր գնել, տանը շատ իրեր չունեին, ու ես ցանկացա նրան մի հետաքրքիր, յուրահատուկ նվեր անել: Այդպես առաջին պարկաթոռը կարվեց: Հետո երկրորդ ընկերուհուս նվեր արեցինք՝ մանկական պարկաթոռ՝ մանկական մոտիվներով: Սկսվեց այդ մեկ-երկու նվերներից, նվիրեցինք ու հասկացանք, որ մեծ հետաքրքրություն կա մեր պարկաթոռների նկատմամբ, մտածեցինք՝ ուրեմն կարելի է նաև բիզնես սկսել»,- «Անկախին» պատմեց «Պարկ աթոռի» հիմնադիր տնօրեն Լիլիթ Վերդյանը:

Առաջին պարկաթոռները կարվեցին 2015 թվականին, իսկ 2016 թվականից արդեն սկսվեցին ուսումնասիրություններն ու փորձարկումները, պահանջարկի ուսումնասիրությունները, հայկական ծագմամբ պարկաթոռների արտադրության բուն գործընթացները: Ու փափուկ պարկ աթոռներ կարել-պատրաստելը, որ Լիլիթ Վերդյանի համար ուղղակի հոբբի էր, վերածվեց բիզնեսի: Բանասիրական կրթությամբ Լիլիթը սկսեց ուսումնասիրել մարքեթինգ, հաշվապահություն, բիզնես վարելու կանոններ, ձեռք բերեց հմտություններ և շուկային մատուցեց իր ձեռքով կարված գեղեցիկ ու ինքնատիպ պարկաթոռները:

«Մեծ թիմ չունեմ, ընտանիքի անդամներով ենք ամեն ինչ անում, բայց սկսել եմ մենակ: Հիմա երեք հոգով ենք անում՝ ես, մայրս ու քույրս: Տեսականին ընթացքում ավելացավ, տարբեր ձևի, չափի, գույների պարկաթոռներ ստեղծվեցին, նաև ըստ պատվերների ենք դրանք պատրաստում՝ ըստ անհատական նախասիրությունների: Ունենք նաև ստանդարտ տարբերակներ: Ռիսկայնությունը քիչ էր, դա մեծ ներդրումներ չի պահանջում: Ամեն դեպքում սկզբում շատ չնչին ներդրում կատարեցինք ու սկսեցինք»,- ասում է «Պարկ աթոռի» հիմնադիրը:

Իսկ այդ «չնչին ներդրումը» ընդամենը 20 հազար դրամ էր: Քանի որ Լիլիթի պարկաթոռները պատվերով են պատրաստվում, դա հնարավորություն է տալիս, որ արագ ներդրում անես, վաճառես ու այդ ներդրումը շատ արագ վերադարձնես:

«Համենայն դեպս՝ այդ բիզնեսն արդեն ինձ եկամուտ բերում է: Կարողանում ենք դրանով ապրել, նաև գովազդ է ընթանում, համագործակցում ենք այլ հայկական ընկերությունների հետ, շատ հետաքրքիր ցանց է այդ առումով, կարող եմ ասել, ու բոլորը բոլորին փորձում են օգնել»,- ասում է «Պարկ աթոռի» տնօրենը:

Լիլիթ Վերդյանն ասում է, որ հաջողության հասնելու համար պետք է ուրիշներից տարբերվես: Հենց այդ կարևոր առանձնահատկությունն է օգնել իրեն, մարդիկ գնահատեցին իր աշխատանքը, չնայած Հայաստանում կան այլ ընկերություններ և անհատներ, որոնք կարում են նման աթոռներ: Բայց տարբերվելու, ուրիշ՝ մանկական տեսականի առաջարկելու, ինչպես նաև Հայաստանում պարկաթոռների ամենամեծ տեսականին առաջարկելու շնորհիվ Լիլիթ Վերդյանի գործն առաջ գնաց: Նա շեշտում է, որ նաև սեփական աշխատանքի նկատմամբ մեծ սեր պետք է ունենաս:

Լիլիթ Վերդյան

«Միշտ առաջ եմ գնացել, երբ ասում էին՝ սա լինող բան չէ, ուղղակի չէի լսում: Պարզապես պետք է ներքին համոզմունք, հավատ ունենաս, որ դու դա կարող ես անել, ու անես: Ես ինձ բիզնեսմեն չեմ համարում ու չեմ կարող ասել, թե բիզնեսմենն ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի, բայց տեսնում եմ, որ բիզնեսմեններն իրենց տեղում չեն նստում, միշտ փորձում են ինչ-որ նոր բան անել, նոր բաներ բացահայտել, նոր ինֆորմացիա ստանալ: Ու այն ինֆորմացիան, որ ստանում է բիզնեսմենը, գումարվում է իր ներքին հատկանիշներին, արդյունքում ծնվում է նոր գաղափար, որը հետագայում դառնում է հաջողակ բիզնես- նախագիծ: Բիզնեսմենների մտածելակերպը երբեմն տարբերվում է ընդհանուր ընկալումներից: Երբեմն նկատել եմ, որ ինչ-որ բան սխալ ընթացքի մեջ է, բայց մարդիկ դա չեն նկատում: Նման դեպքերում ասում ես՝ լավ, ես այդպես չեմ անի իմ գործում: Բիզնեսը, իհարկե, ֆինանսական ակնկալիքներով է արվում, իհարկե, երբ գումարները գալիս են ու շատ են գալիս, հաճույք են պատճառում, բայց մեկ է, դա չէ կարևորը: Պետք է սիրես այդ գործը, պետք է այն զգաս, որ կարողանաս առաջ գնալ, հատկապես երբ դժվարություններ են հանդիպում: Այդ սերն ու նվիրումն էլ օգնում են, որ չնահանջես ու շարունակես սիրելի գործդ»,- ասում է Լիլիթ Վերդյանը:

«Պարկ աթոռի» հիմնադիրը վստահեցնում է՝ բիզնես սկսելիս պետք է իմանաս, որ պետք է մի քանի աշխատանք անես, հատկապես՝ սկսելու փուլում, որովհետև միևնույն է, նորաստեղծ գործով չես կարող ապահովել ընթացիկ կարիքներդ, չես կարող ապահովել ընտանիքդ: Հենց դա է ամենամեծ դժվարություններից մեկը, որ մարդկանց կարող է հետ պահել սեփական գործը սկսելու մտքից: Պետք է նաև շատ աշխատելու ցանկություն ու համառություն ունենաս, ինչպես նաև պատասխանատվություն ստանձնես ու գիտակցես, որ հեշտ չի լինելու: Իսկ լավ գործընկերներն ու լավ նեթվորքինգն օգնում են, որ այդ դժվարություններն ավելի հեշտ հաղթահարես:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: