Հայերեն   English   Русский  

​Ավետիսին ապրելու հույս չէին տվել. քառօրյա պատերազմի ու կյանքի հերոսը


  
դիտումներ: 8023

Ավետիս Զարգարյան՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս:

Ճիշտ է, մեր պետությունն իրեն գոնե մի մեդալով այս զինվորին փոխհատուցելու նեղություն չի տվել, բայց նա իսկական հերոս է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կռիվ տալուց հետո էլ կյանքի կռիվ է տալիս:

Ավետի հետ հանդիպում եմ Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նեղլիկ ու տոթ սենյակներից մեկում, որտեղ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպությունը հոգում է նրա վերականգնողական բուժումը: Ավետիսը պառկած է, քայլել չի կարող: Երիտասարդ էրգոթերապիստը մատներն է շարժում: Հանկարծ նկատում եմ, որ ամբողջ մարմնի վրա ասեղներ են: Ասեղնաբուժություն է, շատ կարևոր առողջության վերականգնման համար:

Image may contain: 1 personԱվետիս Զարգարյանը 19 տարեկան էր, երբ քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում ծանր վիրավորվեց: Դժվար է խոսում, բայց ուզում եմ, որ ինքը պատմի, թե ինչ եղավ այդ օրը. «Ապրիլի 4-ի առավոտը 6 հոգով գնում էիք Գևորգ Վարդանյանի և դասակի հրամանատար Հրաչ Գալստյանի դիերը բերելու, որ չեզոք գոտում էին մնացել: Երբ մոտեցանք դիրքին, որտեղ դիակներն էին, նկատեցինք, որ թուրքեր կան: Մեր վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանն ասաց՝ ես առաջ կգնամ ու մինչև չկրակեմ՝ դուք չկրակեք: Ինքն առաջ գնաց ու սկսեց կրակել: Մենք էլ սկսեցինք կրակել»:

Մայրն այստեղ ընդհատում է. «Ավետը կարող էր և չգնալ, որովհետև վաշտի հրամանատարը ոչ ոքի ստիպողաբար չի տարել, ասել է՝ կա՛մ հետ կգանք, կա՛մ չէ, դուք որոշեք: Ու երբ հարցրել է, թե ով է գալիս իր հետ, առաջինը Ավետիսն է առաջ գնացել»:

Image may contain: 1 person, outdoorԱյդ մարտի ժամանակ վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը զոհվում է՝ հետմահու պարգևատրվելով Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: Ավետիսը վիրավորվում է: Գնդակը մտնում է ծնոտը, իջնում ներքև, վնասում 6 ող և ողնուղեղը: Տղան նաև բեկորային վիրավորում է ստանում: «Որ ինձ խփեցին, ընկերս՝ Լիպարիտ Աբրահամյանը, գնաց օգնություն կանչելու: Ես դեռ մի 10 րոպե գիտակից վիճակում էի: Մենակ ուզում էի տեսնել՝ ընկերս կարողանո՞ւմ է գնալ, թե խփում են: Երբ տեսա, որ անցավ, արդեն աչքերս փակվեցին, էլ ոչ մի բան չեմ հիշում: Աչքերս բացել եմ ամսի 5-ին, Երևանի զինվորական հոսպիտալում»:

Բարեբախտաբար օգնությունը տեղ է հասնում, և Ավետիսին տեղափոխում են նախ Մարտակերտի հիվանդանոց, ապա Ստեփանակերտ: Բայց ոչ մի տեղ տղայի կյանքը փրկելու հույս չէին տալիս: «Ավետիսին ոնց որ մի կողմ դրած… անգիտակից,-պատմությունը հուզված շարունակում է մայրը:- Երբ Երևանից գալիս են՝ վիրավորներին ուղղաթիռով տեղափոխելու, չեն էլ մտածում իրեն տանելու մասին, բայց մի բժիշկ՝ Սահակ Սամվելիչը, որին մենք ամբողջ կյանքում պարտական ենք մեր տղայի կյանքը փրկելու համար, ասում է՝ ես էս տղային պիտի տանեմ: Ու Ավետին ուղղաթիռով հետը բերում է Երևան»:

Եթե ճակատագիրը որոշել է, որ պիտի ապրես, ուրեմն կապրես: Սա կարծես Ավետիսի համար է ասված: Այդ օրը՝ ապրիլի 5-ին, վերջին ուղղաթիռն է վիրավորներին Երևան տեղափոխում: Իսկ հաջորդ օրվանից եղանակային պայմանների պատճառով մի քանի օր թռիչքները հետաձգվում են: Եթե այդ օրը Ավետին չբերեին, նա այսօր չէր լինի…

Երևանի զինվորական հոսպիտալում նրան վիրահատում են: Ավետիսի մայրն ուզում է հատուկ ընդգծել բժիշկների դերը, որոնք ամեն ինչ արել են իր տղայի կյանքը փրկելու համար. «Ես շատ եմ վիրավորվում, որ լրագրողները միշտ էդ հատվածը կտրում են, բայց ախր բժիշկների շնորհիվ է, որ շատերը, նաև իմ տղան, ողջ են: Մենք ամբողջ կյանքում երախտապարտ ենք նրանց ոչ միայն որպես բժշկի, այլ որպես մարդու, որ մեր տղայի կողքին են եղել: Վիրահատող բժիշկը՝ Ֆանարջյանն ու Արման Պարգևիչը, հիվանդանոցի ռեանիմացիայի բաժնի վարիչ Գայանե Հովհաննիսյանը, որ Ավետի համար երկրորդ մայր է եղել, ու առհասարակ հոսպիտալի ողջ բուժանձնակազմը՝ հավաքարարից սկսած, բոլորն այնքան հոգատար ու մարդկային են եղել, որ մենք դա չենք կարող մոռանալ»:

Տիկին Սոնյան շարունակում է պատմությունը և զուգահեռ Ավետի մարմնից դուրս հանում ասեղները: Չեմ հասցնում հաշվել, շատ են՝ 20-30: Ավետիսը 4 վիրահատության է ենթարկվել՝ ողնաշար, ծնոտ, թև: Սկզբում նրա մարմինն ամբողջությամբ կաթվածահար էր, շարժվել չէր կարողանում, խոսում էր, բայց միայն շուրթերն էին շարժվում, ձայն չկար: Երբ վիրահատություններից հետո Ավետը սկսում է ոտքը շարժել, անգամ վիրահատող բժիշկն է ապշում. «Ֆանարջյանը ողնաշարից հանած գնդակը նկարել էր, բերեց Ավետին ցույց տվեց: Բժիշկներն ասում էին՝ պրակտիկայում նման բան չենք տեսել, որ էսպիսի վիրավորումից հետո հիվանդը կարողանա ոտքը շարժել»,- պատմում է հայրը:

Image may contain: 4 people, people smiling, people sitting and outdoorՎիրահատություններից անմիջապես հետո նրա հետ աշխատել են «Աջակցություն վիրավոր զինվորներին» զինհաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության կինեզիստներն ու էրգոթերապևտները: Ավելի ուշ վերականգնողական բուժումը Ավետիսը շարունակել է Մոսկվայում, որի ծախսերը հոգացել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը: Բուժումը 3 ամիս է տևել, արդյունքը՝ զգալի: Բժիշկներն աշխատել են ողնաշարի վրա, որի շնորհիվ Ավետն այսօր կարողանում է նստել և գլուխն ինքնուրույն պահել: Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանը, ասում է, որ եթե բուժումը Մոսկվայում երկար շարունակվեր, ապա արդյունքն ավելի մեծ կլիներ: Սակայն հիմնադրամը միայն երեք ամսվա գումար է կարողացել հայթայթել, որն էլի մեծ է՝ 30 հազար ԱՄՆ դոլար: Այստեղ է, որ Ավետիսի հայրը չի կարողանում զսպել վրդովմունքը. «Բա եթե սա նորմալ պետություն լիներ՝ ծախսերի մի որոշ մասն էլ իր վրա կվերցներ, բուժումը կշարունակեինք: է՜հ, բերանս չբացեմ, թե չէ շատ բան կասեմ… Գոնե պարգևատրեին, շնորհակալություն հայտնեին»:

Ավետիսի վիրավորումից հետո ծնողները թողել են Ռուսաստանում աշխատանքն ու վերադարձել Հայաստան: Երևանում բնակարան են վարձել, որի արժեքը ամսական 80 հազար դրամ է: Չեն աշխատում, քանի որ երկուսով են խնամում տղային: Միակ եկամուտը Ավետի թոշակն է՝ 91 հազար դրամ: Թե ինչպես են ապրում՝ իրենք էլ չգիտեն: 2016 թվականի ապրիլի 4-ից հետո առհասարակ նրանք ասես մղձավանջի մեջ են ապրում: Միակ բանը, որ ծնողներին ուժ է տալիս, հույսն է, որ Ավետը կքայլի: «Եթե Աստված էս ամեն ինչից հետո պահեց իմ տղային, ուրեմն իր հետ կապված ծրագրեր ունի»,- համոզված է հայրը:

Ավետը մի եղբայր էլ ունի, որի 18 տարին նոր է լրացել և շուտով զորակոչվելու է: «Ոսկերչություն սովորեց, ահագին գումար ծախսեցինք, օգոստոսի 1-ից պիտի անցներ աշխատանքի, մի քիչ գոնե մեր հոգսերը կթեթևանային, բայց տանում են բանակ: Մեր ամբողջ հույսն ինքն էր, չգիտենք՝ ոնց ենք ապրելու»:

Image may contain: 9 people, crowd and outdoorԱվետի մայրն ապրիլյան դեպքերից հետո ճերմակել է: Ավետը ստիպում է, որ ներկի մազերը և տրամադրությունը բարձր պահի: Նրա համար ամենացավոտը մոր արցունքոտ աչքերն են: Երբ ապրիլի 3-ին դիրքերից զանգում է ծնողներին, որ ասի՝ ամեն ինչ կարգին է, չանհանգստանան, խոսելու ընթացքում անընդհատ բարձր քրքջում է: Ծնողներին դա տարօրինակ է թվում, բայց ուշադրություն չեն դարձնում. կարևորը որդու ձայնը լսելն էր: Իսկ հաջորդ օրը Ավետի վիրավորվելու մասին ծնողները միայն ամսի 8-ին են իմանում: Մինչ այդ նրանից ոչ մի լուր չունեին՝ ո՛չ զոհվածների մեջ անունը կար, ո՛չ վիրավորների, ո՛չ անհետ կորածների: Երբ ամիսներ անց Ավետն արդեն կարողանում էր խոսել, հայրը որդուն ասում է. «Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ամսի 3-ին, որ մեր հետ խոսում էիր, ինչո՞ւ էիր էդպես բարձր ծիծաղում»: «Որ կրակոցների ձայնը չլսեք»,- ասում է Ավետը: Իսկ իր համար կրակոցներն ու պատերազմը գերադասելի են այն մահճակալից, որի վրա ժամերով պառկում է, անվասայլակից, որ մահճակալի կողքին սպասում է իրեն: Մայրն էլ չի ուզում պատկերացնել, որ որդին սայլակին է մնալու. «Մինչև հիմա էլ էդ սայլակը քշել չգիտեմ, ոնց քշում եմ՝ մի տեղ խփում եմ»,- ծիծաղում է նա,- Ավետին ասում եմ՝ չեմ սովորել, չեմ էլ սովորելու, վե՛ր կաց, քո ոտքով քայլիր»:

Իսկ Ավետը համոզված է՝ եթե այսքան փորձություններով անցել է, ուրեմն հաստատ կքայլի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: