Հայերեն   English   Русский  

​Երաշխավորություն (մաս 2)


  
դիտումներ: 14219

Նախորդ համարումխոսեցինք երաշխավորության ինստիտուտի մասին. անդրադարձանք երաշխավորություն երևույթի ակունքներին, էությանը, երաշխավորի պատասխանատվության շրջանակներին: Շարունակելով երաշխավորության թեման՝ փորձենք հարց ու պատասխանի մեթոդով առավել մանրամասնել այս հաճախ հանդիպող ինստիտուտի որոշ հարցեր:

Ի՞նչպես է կնքվում երաշխավորության պայմանագիրը:

Երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Եթե պայմանագրի գրավոր ձևը չպահպանվի՝ դա կհանգեցնի երաշխավորության պայմանագրի անվավերության:

Երաշխավորը երաշխավորության պայմանագիր կնքելիս որևէ նյութական ակնկալիք ունի՞:

Բացի պարտապանին (այսինքն՝ այն անձին ում համար երաշխավորություն է տվել) աջակցելու բարոյական նպատակից, երաշխավորը նաև իր այդ ծառայության դիմաց պարտապանից վարձատրություն ստանալու իրավունք ունի, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Երաշխավորը պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու իրավունք ունի՞:

Այո, երաշխավորը պարտատիրոջ պահանջների դեմ առարկություններ անելու իրավունք ունի, ընդ որում՝ այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը: Օրենքն այս դեպքում նույնպես նախատեսել է բացառություններ, եթե պայմանագրով այլ բան է նախատեսված: Հատկանշական է այն, որ եթե անգամ պարտապանը հրաժարվի իր առարկելու իրավունքից, երաշխավորը, միևնույն է, պահպանում է իր այդ իրավունքը:

Ինչպե՞ս է երաշխավորը բավարարում պարտատիրոջ պահանջները:

Երաշխավորը պարտավոր է մինչև պարտատիրոջ պահանջը բավարարելն այդ մասին նախազգուշացնել պարտապանին, իսկ եթե երաշխավորի դեմ հայց է հարուցվել՝ պարտապանին մասնակից դարձնել գործին: Իսկ պարտապանն էլ իր հերթին պարտավոր է պարտավորությունը կատարելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել երաշխավորին:

Երաշխավորությունը դադարում է հետևյալ դեպքերում.

- Երբ երաշխավորությունով ապահովված պարտավորությունը դադարել է, ինչպես նաև այն դեպքում, երբ պարտավորությունը փոխվել է, օրինակ՝ ավելացել է դրամային պարտավորության չափը կամ այլ անբարենպաստ փոփոխություն է կատարվել՝ առանց երաշխավորի համաձայնության:

- Եթե երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքը փոխանցվել է այլ անձի (այսինքն՝ փոխվել է պարտապանը) և երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրելու նոր պարտապանի համար:

- Եթե պարտատերը հրաժարվել է պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումն ընդունելուց:

- Եթե ավարտվել է երաշխավորության պայմանագրում նշված ժամկետը, որով այն տրվել է, իսկ նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Չնայած նման դեպքեր քիչ են պատահում, բայց անհրաժեշտ է իմանալ նաև, որ այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ և չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: