Հայերեն   English   Русский  

​ՀՀ տարածքի 80%-ը վտանգավոր վարակների բնական օջախ է. Ինչպե՞ս ենք պայքարում վտանգավոր հարուցիչների դեմ


  
դիտումներ: 7129

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսչական բարեփոխումների ավարտից հետո նախաձեռնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծումը:

Ի՞նչ միասնական մոտեցումներ են այսօր կիրառվում համաճարակային հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ուղղությամբ: Այս հարցի շուրջ զրուցեցինք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանի հետ:

- Պարոն Վանյան, Հայաստանում ի՞նչ մեխանիզմով են հայտնաբերվում ու ախտորոշվում կենսաբանական հիվանդությունները, ի՞նչ արձագանք է տրվում բռնկումներին և բնական ու տեխնածին դեպքերին:

- Մեր երկրի՝ կենսաբանական գործոնով պայմանավորված հիվանդությունները հայտնաբերելու, ախտորոշելու և արձագանքելու կարողությունները բավական բարձր են: Երկրում գործում է համաճարակաբանական հսկողության լավ կազմակերպված համակարգ շուրջ 170 հիվանդության և վիճակի նկատմամբ: Ինչպես նաև գործում է արդիականացված լաբորատոր համակարգ, որը հնարավորություն է տալիս ախտորոշելու հարուցիչները: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում գործում է Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը, որի շենքային պայմանները, հագեցվածությունը, մասնագիտական պատրաստվածությունը համապատասխանում են միջազգային ժամանակակից պահանջներին: Զարգացել և արդիականացվել են 5 հեռավոր մարզերի՝ Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի լաբորատորիաները: Նաև գործում է 2 շարժական լաբորատորիա դաշտային աշխատանքների կազմակերպման համար:

Կենսաբանական ծագման հիվանդությունների բռնկումներին և բնական ու տեխնածին դեպքերին դիմակայելու կարողությունները համահունչ են միջազգային մոտեցումներին: Կոնկրետ հիվանդությունների համար մշակվել են առանձին համաճարակաբանական հսկողության համակարգեր՝ ելնելով դրանց վարակի աղբյուրից, փոխանցման մեխանիզմից, այդ հիվանդության նկատմամբ բնակչության ընկալունակությունից, իմունականխարգելման հնարավորություններից (կոնկրետ հիվանդության դեմ պատվաստանյութ կա, թե ոչ):

- Ի՞նչպես են նվազեցվում վտանգավոր հիվանդությունների բռնկման ռիսկերը:

- Երկրի տարածքի շուրջ 80%-ը հատուկ վտանգավոր վարակների բնական օջախ է: Հետևաբար, ժամանակ առ ժամանակ այս հիվանդությունների հարուցիչները հայտնաբերվում են բնության մեջ դրանց բնական պահոցների՝ կրծողների, դրանց վրա մակաբուծող հոդվածոտանիների՝ տզերի, լվերի օրգանիզմում, նաև մարդկանց օրգանիզմում: Այս հիվանդությունների կանխարգելումն ապահովելու համար մշտապես իրականացվում է կրծողների, հոդվածոտանիների և դրանց կեցության վայրերի հետազոտություն, շրջակա միջավայրի գործոնների մոնիթորինգ: Շարունակաբար հավաքվում, վերլուծվում, գնահատվում են անհրաժեշտ տվյալները, կանխատեսվում է իրավիճակը և, ելնելով այս ամենից, կազմակերպվում և իրականացվում են կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ: Նման հսկողության շնորհիվ կրծողների շրջանում հայտնաբերվում են վարակի բռնկումները և համապատասխան միջոցառումներով կանխարգելվում է դրանց տարածումը բնակչության շրջանում: Իսկ եթե մարդկանց մոտ եզակի դեպքեր են արձանագրվում, ապա տվյալ բնակավայրի բնակչության շրջանում ևս իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ. օրինակ՝ պատվաստումներ, եթե տվյալ հիվանդության նկատմամբ պատվաստանյութ կա, բժշկահիգիենիկ ուսուցում՝ սովորեցնելով, թե ինչ անել կոնկրետ հիվանդությամբ չվարակվելու համար: Այս հիվանդությունների առանձին դեպքերին կամ բռնկումներին արձագանքելու համար և՛ մարզերում, և՛ Երևան քաղաքում գործում են արագ արձագանքման թիմեր, որոնք հագեցած են բոլոր անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով (լաբորատոր պարագաներ, անհատական պաշտպանիչ միջոցներ, տրանսպորտ և այլն): Դրանց աշխատանքն անխափան ապահովելու համար շարժական լաբորատորիաներ կան, որոնք հագեցած են հետազոտական բոլոր մեթոդների համար անհրաժեշտ սարքերով ու նյութերով: Արագ արձագանքման թիմերի համախմբված աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արագ տեղայնացնել բռնկումները՝ կանխարգելելով վարակի հետագա տարածումը:

- Հակահամաճարակային միջոցառումների առումով հատկանշական է պատվաստումների միջոցով հիվանդությունների կախարգելումը: Ի՞նչ հաջողություններ ունենք այս հարցում:

- Հայաստանը մեծ հաջողություններ ունի այս առումով: Պատվաստումների իրականացման շնորհիվ մեր երկրում վաղուց չեն արձանագրվում պոլիոմիելիտ, դիֆթերիա, տեղական ծագման կարմրուկ, կարմրախտ, նորածնային կարմրախտային համախտանիշ, նորածնային փայտացում: Ընդհանուր առմամբ պատվաստումներ իրականացվում են 17 հիվանդության նկատմամբ, բացի վերը նշվածներից, նաև պարոտիտի, կապույտ հազի, հեպատիտ Ա-ի և Բ-ի, տուբերկուլյոզի և այլնի նկատմամբ: Պատվաստումների միջոցով կանխվում են կառավարելի վարակների բազմաթիվ բռնկումներ: Այսպես, վերջին տարիներին հարևան երկրներում կարմրուկի և կարմրախտի կամ այն երկրներում, որոնց հետ Հայաստանը սոցիալ-տնտեսական լայն կապեր ունի, պոլիոմիելիտի, դիֆթերիայի մի շարք բռնկումներ են արձանագրվել, սակայն դրանք չեն ներթափանցել մեր երկիր պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածության և ժամանակին իրականացված պատվաստումների շնորհիվ:

- Մեզանում լուրջ խնդիր են նաև ներհիվանդանոցային վարակները, դրանք ի՞նչ եղանակով են կանխարգելվում:

- Ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը հանրային առողջապահության գերակա խնդիրներից է: Այս ոլորտում դեռևս 2012 թվականից գործադրվել է Ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագիրը, որի շրջանակներում հավաքվում են տվյալներ յուրաքանչյուր արձանագրված ներհիվանդանոցային դեպքի վերաբերյալ, դրանք հետազոտվում են, կատարվում է վերլուծություն և բացահայտվում են դրանց առաջացման պատճառները, ինչից ելնելով՝ կազմակերպվում և իրականացվում են նպատակային կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Մշակվել է 2 տասնյակից ավելի իրավական ակտ, որոնք կարգավորում են այս ոլորտը: Խոսքը հատկապես վերաբերում է բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում բժշկական իրերի մանրէազերծմանը: Պիլոտային 4 բժշկական կազմակերպությունում հսկողություն է սահմանվելու հարուցիչների հակամանրէային կայունության նկատմամբ, այդ շտամները լաբորատոր հետազոտվելու են: Ռեֆերենս լաբորատորիայում իրականացվելու են նաև հսկողական հետազոտություններ: Չնայած իրականացված ահռելի աշխատանքին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը շարունակական գործընթաց է ու դեռևս կան մի շարք բացեր, առաջիկայում նախատեսվում է նոր ռազմավարական ծրագիր մշակել և գործադրել:

- Ինչպիսի՞ն է գիտական ներուժն ու լաբորատորիաների հագեցվածությունը, ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի լաբորատոր ցանցը:

- Առանձնապես վտանգավոր վարակները (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ և այլն) գերակա խնդիրներ են Հայաստանի համար, քանի որ, ինչպես նշեցինք, երկրի տարածքի զգալի մասը բնական օջախ է այս կամ այն հիվանդության համար: Տարեկան կրծողների շրջանում արձանագրվում են նշված հիվանդություններով պայմանավորված մի շարք բռնկումներ: Նման համաճարակային իրավիճակում, ինչ խոսք, գիտական հետազոտությունները խիստ կարևոր են: Մեր կենտրոնում ստեղծվել են բոլոր հնարավորություններն այս կենսաբանական գործոնների գիտակիրառական հետազոտություններ իրականացնելու համար: Մասնավորապես՝ Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում հարուցիչների շտամների թանգարան և դրան կից փորձարարական լաբորատորիա է ստեղծվել, որտեղ այս շտամները, դրանց հատկությունները հետազոտվում են: Տարիների ընթացքում բազմաթիվ գիտական հրապարակումներ են եղել կենտրոնի մասնագետների կողմից, որոնք տեղ են գտել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային գիտական պարբերականներում և գիտաժողովների ժողովածուներում:

Հայաստանի Հանրապետությունը բարդ լաբորատոր համակարգ ունի` կազմված պետական և մասնավոր, տարբեր ենթակայությամբ գործող լաբորատորիաներից, որոնք մեծ մասամբ աշխատում են ոչ ստանդարտ մեթոդներով, չեն ապահովում միջազգային պահանջներին համապատասխան հետազոտություններ և արդյունքներ: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռևս 2013 թվականից ձեռնամուխ եղավ համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծմանը: Ընդգրկվելով այս ցանցում՝ համապատասխան լաբորատորիաները ստանդարտ մոտեցումներով համակարգված զարգանալու հնարավորություն կունենան, երկրի ներսում կկարողանան գնահատել լաբորատորիաների մասնագետների գիտելիքները և հմտությունները և մեծ գումարներ չեն ծախսի արտասահմանյան կազմակերպությունների միջոցով դա իրականացնելու համար:

Ներկայումս ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է Լաբորատոր համակարգի զարգացման ծրագիրը, որով կհամալրվի ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը, կսահմանվեն Համընդհանուր լաբորատոր ցանցի բաղադրիչները և դրանց գործառույթները, կկարգավորվի որակի բաղադրիչի՝ լաբորատորիաներում պարտադիր ներդրման գործընթացը:

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: