Հայերեն   English   Русский  

​Միշա Հայրապետյան. «Արդյունքներ կան, որոնք հուսադրող են»


  
դիտումներ: 10146

Աթլետիկայի հավաքականի օրացուցային պլանն այս տարի հագեցած է:

Մեր մարզիկները բավական հաջող հանդես են գալիս մի շարք միջազգային մրցումներում՝ գրավելով մրցանակային տեղեր, նվաճելով աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:

«Անկախի» հետ զրույցում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը խոսում է մարզիկների հնարավորությունների և ցուցաբերած արդյունքների մասին:

- Պարոն Հայրապետյան, հունիսի 24-25-ը Մալթայում կայացավ աթլետիկայի Եվրոպայի թիմային 3-րդ խմբի առաջնությունը: Մեր մարզիկները թիմային հաշվարկով 6-րդն էին: Ինչպե՞ս կգնահատեք նրանց ելույթները:

- Մարզիկների անհատական ելույթները գնահատում եմ բավարար, որոշ դեպքերում՝ ավելի բարձր: Մեր մարզիկները 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ նվաճեցին: Արդարության համար նշեմ, որ թիմային պայքար չստացվեց, բարձր ցուցանիշներ չհաջողվեց գրանցել: Մրցումների ընթացքում փոփոխություններ եղան, նպատակահարմար գտանք անհատական ձևերում պայքարն ուժեղացնել, այդ պատճառով էլ փոխանցավազքում մասնակիցներ չունեցանք:

Բոլոր հնարավորություններն ունեինք երրորդ տեղում հայտնվելու համար: Պարզապես 6-7 աթլետիկական մրցաձևերում մասնակից չունեցանք: Ձողացատկում չէինք կարող մարզիկ ներկայացնել: Ձողացատկի համար մարզումներ անցկացնելու հատուկ պայմաններ են հարկավոր, որոնք, ցավոք, չունենք: Այդ պարագայում միավորներն ավելի շատ կլինեին, և թիմային արդյունքը բարձր կլիներ:

Մակարդակով և պատրաստվածությամբ մենք չէինք զիջում մյուս մասնակից երկրներին: Մրցումներից առաջ, երբ մարզիկներին հանձնարարականներ էինք տալիս հոգեբանորեն պատրաստելու և ոգևորելու համար, նշեցի, որ մրցակիցներն իրենց ուժերով և կարողություններով մերոնց հավասար մարզիկներ են, ուստի պետք է պայաքարել մրցաձևում արժանի տեղ գրավելու համար:

Այն մրցաձևերում, որտեղ մասնակից ունեցանք, հիմնականում բարձր արդյունքներ գրանցվեցին: Որոշ դեպքերում միայն անհատական արդյունքների նվազում նկատվեց: Հավանաբար մարզիկների մոտ նախամրցումային և մրցումային փուլում հոգեբանական պատրաստության խնդիրներ եղան, այդ պատճառով նրանց ցուցադրած արդյունքները սպասվածից համեմատաբար ցածր էին: Այժմ անցկացված թեստերն ենք վերլուծում, որպեսզի յուրաքանչյուրի հոգեբանական պատկերն ունենանք և հաջորդ մրցումներին ավելի պատրաստված լինենք:

- Խոչընդոտավազքում երիտասարդ մարզուհի Էլլադա Ալավերդյանը բավական հաջող ելույթ ունեցավ: Առաջին անգամ նման տարածություն հաղթահարելով՝ 2-րդ տեղը գրավեց:

- Այո, Երվանդ Մկրտչյանի և Լևոն Աղասյանի հաջող ելույթներից հետո, որպես հավաքականի գլխավոր մարզիչ, հատկապես կընդգծեի Էլլադա Ալավերդյանի ելույթը: Մենք նախատեսել էինք 6 մրցաձև Էլլադայի համար: Էստաֆետան հանեցինք. նա 5 մրցաձևում ելույթ ունեցավ և 5-ում էլ պարզապես փայլեց իր պայքարելու և կամք դրսևորելու ունակությամբ:

Միշա Հայրապետյան

3000 մ խոչընդոտավազքը նրա համար լրիվ նորություն էր, քանի որ մարզուհին դեռևս պատանեկան տարիքում է: Նրանց մրցումներն անցկացվում են 2000 մ տարածությամբ: Ֆիզիկապես ու տեխնիկապես հրաշալի պատրաստված մարզուհի է: Բարձրացատկ է կատարել, որ խոչընդոտավազքի հետ հակառակ բևեռում է: Ծայրահեղ տարբեր մրցաձևեր են դրանք: Սա խոսում է նրա հնարավորությունների մասին: Ընդամենը 17 տարեկան է և օժտված է մեծ պատրաստակամությամբ: Եղել են դեպքեր, երբ մարզիկները հրաժարվել են թիմին միավորներ բերելու համար այլ մրցաձևերում հանդես գալուց: Էլլադան պատրաստակամ է ամեն հարցում: Եթե թիմին անհրաժեշտ է, ապա մտնում է պայքարի մեջ: Սա վկայում է նրա հայրենասիրության մասին: Առաջին անգամ մասնակցելով այդ մրցաձևի մրցումներում՝ մինչև վերջին շունչը պայքարեց Վրաստանի ու Մալթայի մարզուհիների հետ և 2-րդ տեղը գրավեց: Սա խոսում է նրա կամքի դրսևորման մասին, ինչը շատ կարևոր է սպորտում:

Ցավալի թյուրիմացությամբ Էլլադան աշխարհի առաջնությանը չմասնակցեց: Անցյալ տարի վարկանիշը կատարեց, այս տարի մի փոքր չբավականացրեց: Վարկանիշային ցուցանիշը հոկտեմբեր ամսից է հաշվի առնվում:

- Հուլիսի 12-16-ը Քենիայում Գայանե Չիլոյանն ու Յանա Աբրահամյանը մասնակցեցին մինչև 18 տարեկանների աթլետիկայի 2017 թվականի աշխարհի առաջնությանը:

- Օրացուցային պլանը բավական հարուստ է: Աղջիկները Քենիա էին մեկնել մարզիչ Վարդան Սմբատյանի գլխավորությամբ: Նշեմ, որ անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում Գայանե Չիլոյանը 3-րդ, իսկ աշխարհի առաջնությունում 6-րդ տեղն էր գրավել: Այս տարի մեր մարզուհին ֆիզիկապես, տեխնիկապես և ֆունկցիոնալ հնարավորություններով ավելի բարձր է, սակայն ոտքի հետ կապված խնդիր ուներ: 200 մ վազքատարածության եզրափակչում նա 24,62 ցուցանիշով եզրափակեց ուժեղագույնների ութնյակը:

Հեռացատկորդուհի Յանա Աբրահամյանն առաջին անգամ էր նման պատասխանատու մրցման մասնակցում: Ընդունակ և հեռանկարային մարզուհի է, սակայն մրցակցային փորձի պակասը նկատելի էր: Նա առավել հաջող հանդես եկավ եռացատկում և եզրափակչում հանդես գալու իրավունք նվաճեց:

- Նշեցիք, որ այս տարվա օրացուցային պլանը բավական հագեցած է միջազգային մրցումներով: Առաջիկայում ի՞նչ մրցումների են պատրաստվում մասնակցել մեր մարզիկները:

- Օգոստոսին Լոնդոնում անցկացվելու է մեծահասակների աշխարհի առաջնությունը: Լևոն Աղասյանին էինք ցանկանում հայտավորել, սակայն վիզայի հետ կապված խնդիրներ եղան: Այդ պատճառով էլ առաջնությանը հայտավորեցին Նարեկ Ղուկասյանին: Ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը ցանկացավ, որ մենք անպայման մասնակից ունենանք:

Արդարության համար նշեմ, որ դրսում 400 մ վազքում, առավել ևս աշխարհի առաջնության ժամանակ առայժմ առանձնապես անելիք չունենք: Հիմնականում կարճ տարածություններում և ցատկերում ենք պայաքար ծավալում: Այդ մրցաձևերում պայքարի մեջ մտնելն ավելի հեշտ է: Մեր մարզիկները կմասնակցեն նաև Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությանը, ինչպես նաև մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Վերջերս անցկացվեց Հայաստանի պատանեկան առաջնությունը: Արդյունքներ կան, որոնք հուսադրող են, սակայն ռեզերվի առումով փոքր-ինչ տանուլ ենք տալիս: Ունենք լավ մարզիկներ, ուստի ապագան բավական հուսադրող է: Ցավոք, ոչ բոլոր մրցաձևերի վրա է դա տարածվում: Կան մրցաձևեր, որոնց դեպքում մարզիկներն այնքան էլ ուժեղ չեն և մրցունակ չեն կարող լինել միջազգային ասպարեզում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: