Հայերեն   English   Русский  

​Երկու բրոնզ ձյուդոյի Եվրոպայի գավաթի բաց խաղարկությունում


  
դիտումներ: 8068

Հունգարիայի Պակս քաղաքում հուլիսի 15-16-ը կայացավ երիտասարդների ձյուդոյի Եվրոպայի գավաթի բաց խաղարկությունը:

Եվրոպական 27 երկրների պատվիրակների հետ մեկտեղ ստուգատեսում հանդես եկան նաև ԱՄՆ-ի,Պուերտո Ռիկոյի, Նոր Զելանդիայի, Մոզամբիկի, Կանադայի և Ավստրալիայի ներկայացուցիչները: Մրցաշարին 33 երկրների 388 մարզիկ էր մասնակցում:

Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ ստուգատեսին մեր ընտրանին մասնակցեց 6 ձյուդոյիստով:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներից առավել հաջող հանդես եկան Գասպար Հայրապետյանը (55 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ): Մարզիկներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին և կարողացան բրոնզե մեդալի արժանանալ: Գասպար Հայրապետյանը 3-րդ տեղի համար մրցավեճում 1 վազարիով հաղթեց հունգարացի Դանիել Զեգեդիին:

Գրիգոր Սահակյանն էլ (մարզիչ Մարտին Սարգսյան) բրոնզե մեդալի համար պայքարում 2 վազարիով առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավ Բլաուսյակի նկատմամբ:

Բրոնզե մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև 55 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, սակայն մեր մարզիկը 3-րդ տեղի համար պայքարում մրցակցի՝ Գերմանիայի պատվիրակ Դոմինիկ Ռոյդերի համեմատ մեկ ավելի զգուշացում ստանալու պատճառով տանուլ տվեց և ստիպված եղավ բավարարվել 5-րդ տեղով:

66 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Վարդան Գրիգորյանը վճռորոշ պահին՝ սփոփիչ փուլի 2-րդ շրջանում, պարտություն կրեց իտալացի Սամուել Ֆասկինատոյից և 46 մասնակիցների շարքում զբաղեցրեց 9-րդ տեղը:

Մեր մյուս երկու պատվիրակները՝ Սամվել Խաչատրյանը (73 կգ) և Արման Ավանեսյանը (90 կգ) անհաջող հանդես եկան:

Մեդալների հաշվարկով թիմային պայքարում 33 երկրների ընտրանիների շարքում Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած 2 բրոնզե մեդալով զբաղեցրեց 15-րդ տեղը: Մրցաշարում թիմային հաղթանակ տարավ Իտալիայի հավաքականը, որի պատվիրակները 2 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեցին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: