Հայերեն   English   Русский  

Պետությունը կրթական համակարգը մանկապարտեզից մինչև բուհ բարձիթողի վիճակում է թողել. փորձագետ


  
դիտումներ: 15732

Համալսարաններում ընդունելության քննություններն ավարտվել են: Ներկայումս ընթանում է երկրորդ փուլը՝ լրացնելու թափում մնացած տեղերը, որոնք այս տարի աննախադեպ շատ են:

Հայտնի է, որ ԵՊՀ-ում, օրինակ, Ֆիզիկայի ֆակուլտետում՝ 50-40, Քիմիայի ֆակուլտետում՝ 24, Ֆարմացիայի ֆակուլտետում՝ 68-33 թափուր տեղ կա:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ այս թեմայի շուրջ աղմուկն արհեստականորեն է բարձրացվում. «Թվերը համառ բան են: 2017 թվականին շրջանավարտների թիվը եղել է 19. 618: Բուհեր են դիմել մոտ 10 հազարը: Սա այն դեպքում, որ հայաստանյան բուհերի վճարովի և անվճար տեղերի թիվը 20. 000 է: Բնական էր, որ 10 հազար տեղ թափուր էր մնալու»,- նշեց նա այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյան, սակայն, գտնում է, որ խնդիրն իրականում գոյություն ունի. «Այսօր մենք ունենք առաջարկ բարձրագույն կրթություն ստանալու, բայց չկա դրա պահանջարկը: Չկա ներքին պահանջարկ, և մեր բուհերին էլ չի հաջողվում արտաքին պահանջարկ ստեղծել: Օրինակ, շատ խոսում են բուհերի միջազգայնացումից: Արևմուտքում տեղերի քանակը ձևավորվում ըստ աշխատաշուկայի պահանջարկի և ըստ միջազգային համագործակցության շրջանում առաջարկվող տեղերի պահանջարկը»:

Հայաստանում չի իրականացվում մասնագիտական կողմնորոշման գործընթաց: Թափուր տեղերի պատճառներից մեկը, ըստ բանախոսի, նաև դա է. «Միջազգային կամ իրավագիտություն ֆակուլտետներ ընդունվողները ավարտելուց հետո ի՞նչ են անում: Մենք չենք իրականացնում ճիշտ մասնագիտական կողմնորոշում, բուհերը պարզապես իրենց ֆինանսական խնդիրներն են լուծում մի քանի ֆակուլտետների հաշվին»,- նշեց նա:

Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ նախապես շատ տեղեր հայտարարելու պատճառը հոգեբանական է. «Շատ տեղեր են հայտարարում, որպեսզի դիմորդը չվախենա և դիմի»

Այս իրավիճակը ստեղծվել է բազմաթիվ գործոններով պայմանավորված, որոնցից առաջինն այն է, որ պետական բուհը պետության կողմից անուշադրության է մատնված. «Պետական բուհը պետությունից ստանում է իր եկամուտի 15-20 տոկոսը, ընդ որում՝ բուհի խորհուրդն է լ վարում է պետական բարձրաստիճան պաշտոնյան: Այդ բուհերը, ըստ էության, պետական չեն և գոյատևում են ուսանողների վարձավճարների հաշվին: Սա սխալ է: Չի կարելի կրթական համակարգը մանկապարտեզից մինչև բուհ բարձիթողի վիճակում թողնել ու ասել՝ գնացեք շուկայում փող հավաքեք ու բուհ պահեք: Այդ է պատճառը, որ բուհերը սկսեցին նշաձողը իջեցնել»

Փորձագետը գտնում է, որ մյուս պատճառերից են արտագաղթը, արտասահմանյան բուհեր դիմորդների աճը:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: