Հայերեն   English   Русский  

Ներգաղթի մեծ աշխատանքը փոքր գաղափարներե և աշխատանքներե կրնա ծնունդ առնել և պտուղներ տալ


  
դիտումներ: 1974

2005-2007թթ. Լոս Անջելեսում գործող Իրաքահայերի ընտանեկան միությունը Իրաքից 135 հայեր Հալեպով տեղափոխեց Հայաստան` ազատելու նրանց Իրաքում տիրող անապահով, դժոխային վիճակից:

Իրաքահայերի ընտանեկան միության ֆինանսական աջակցությամբ իրաքահայերը փոխադրվում էին Հալեպ, որտեղ մեկ շաբաթ մնալուց և Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալուց հետո, ինքնաթիռով տեղափոխվում էին Երևան: Երևանում նրանք ապաստան էին գտնում նախօրոք վարձակալված բնակարաններում:

Հարցազրույց Լոս Անջելեսի Իրաքահայերի ընտանեկան միության նախագահ պարոն Խաչիկ Ճանոյեանի հետ

ԱՆՈՒՇ ԲԵԺԱՆՅԱՆ._ Ինչպէ՞ս հղացավ իրաքահայերին Հայաստան տեղափոխելու ծրագիրը:

ԽԱՉԻԿ ՃԱՆՈՅԵԱՆ._1979թ. ապրիլին հիմնվեցավ իրաքահայերու միությունը Լոս Անճելըսի մեջ: Միության գլխավոր նպատակն էր, և մինչեւ այսօր կգործե նույն համոզումով, ծառայել հայ ժողովուրդին ուր որ կարիքը կա. մեր նյութական և բարոյական միջոցներով: Որովհետեւ մենք խորապես կհավատանք, որ հայկական միությունները կյանքի կկոչվին և իրենց կյանքը կիմաստավորեն ծառայություններ մատուցանելով: Այսպես, 1979թ. ի վեր մինչեւ այսօր միությունը կպահե ԱՆՎՃԱՐ շաբաթօրյա վարժարան մը: 38 տարիներու ընթացքին 1600-է ավելի փոքրիկներ մեր դպրոցը հաճախած են և հայերեն լեզու, երգ, պար, և ասմունք սորված են:

Ժամանակին Լիբանանի եղբայրասպան կռիվներու ատեն, քանի մը առիթներով Լիբանանի հայ ժողովուրդին օգնության համար մեր օժանդակությունը ընծայած ենք: 1988թ. Հայաստանի երկրաշարժի օրերուն, մենք քանի մը ձեւերով օգնած ենք և մինչեւ օրս ալ կօգնենք հայրենիքի մեր քույրերուն և եղբայրներուն: Նմանապես, Սուրիահայության Օգնության Հիմնադրամի միջոցավ, մեր միությունը միշտ իր նյութական և բարոյական օժանդակությունը հասցուցած է: Հայաստան Համահայկական Հիմնադրամի գոյության առաջին օրերեն իսկ մեր նպաստը բերած ենք այս հինադրամին: Հասարակական գործիչ` Յովհաննէս Պալայեանի ղեկավարած Հայաստանի ծնողազուրկ երեխաներուն օգնության հասնող հիմնադրամին մեր մշտատեւ նպաստը բերած ենք: «Հայրենիք» միությունը, որ ամեն տարի 100-150,000 տոլար կհավաքե և զանազան ծրագիրներով օգտակար կըլլա Հայաստանին և Արցախին, մեր միությունը միշտ ալ իր նպաստը տված է Հայրենիք միութեան այս հայրենանվեր գործին: Հ.Բ.Ը.Միության, Հ.Օ.Մ.ի և Հայկական Համագումարի հայաստանյան ծրագիրներուն միշտ օգնած ենք: Հայ Առաքելական Եկեղեցիին մեր միության հիմնադրության առաջին օրեն սկսյալ, 38 տարի նյութապես և բարոյապես նպաստած ենք մեր հոգեւոր հաստատության Հայ Եկեղեցիին: Հայ մամուլին և հեռատեսիլի կայաններուն միշտ ալ օգնած ենք, քաջ գիտնալով, որ մեր թերթերը և հեռատեսիլի կայանները ազգային մեծ դեր կկատարեն: Հայաստանի և Արցախի օգնության տարին քանի մը դրամահավաքներ կըլլան և մենք մեր նպաստը բերած ենք այդ դրամահավաքին:

Իրաքի հայ համայնքին համար, Քուվեյթի պատերազմեն ետք մենք 8 տարի շարունակ, տարին 6-7 հազար տոլար ղրկած ենք Իրաքի Հայկական Բարեգործական Ընդհ. Միության միջոցավ իրաքահայ կարոտյալ ընտանիքներուն համար: Իսկ 2003թ. պատերազմեն ետք բազմաթիվ դիմումներ եղան մեզի, օգնելու համար Իրաքեն Սուրիա, Հորդանան, Լիբանան և Թուրքիա ապաստան գտած հայերուն: Կարիքը շատ-շատ էր, բայց մենք սկիզբը հոժարեցանք 25-30 հոգի Հայաստան տեղափոխել և անոնց լման մեկ տարի օրապահիկը ապահովել, անձ գլուխ ամսական 100 տոլար տրամադրեցինք լման 12 ամիս: Այսինքն հինգ հոգինոց ընտանիքի մը համար, լման մեկ տարի ամսական 500 տոլար հասցուցած ենք: Ասիկա Հալեպեն Երեւան տոմսակի դրամեն զատ, և օդակայանեն դեպի նախապես իրենց համար վարձված տուներ տանելու բոլոր ծախսերեն զատ: 25-30 հոգին երկուքուկես տարվա մեջ եղան 135 հոգի և միությունը այս 135 հոգիներուն Հալեպ հասնելե ետք, իրենց վիզաները կարգադրելե ետք Հայաստան տարած ենք և մեկ տարի պահած ենք, անոնք միության վրա 150 հազար տոլարի ծախս մը ըլլալով: Ասիկա ըրինք, մտածելով, որ Հորդանան, Սուրիա կամ Լիբանան ու Թուրքիա նվազագույնը ամսական 1,000-1,500 տոլար պետք պիտի ունենան: Նախընտրելի է անոնց Հայաստան տանիլ, և մինչեւ հանդարտի վիճակը, և եթե կփափաքին կրնան ուզած տեղերը երթալ և կամ հոն հաստատվիլ: Այո, այդ օրերուն Հայաստանի մեջ աշխատանքի շատ առիթներ չկային, բայց և այնպես մյուս երկիրներու մեջ ալ իրաքահայերը աշխատելու իրավունք չունեին, իսկ աշխատելու պարագային «ստրուկի» պես կաշխատեին տեղացիներուն 10-20% վճարումը ստանալով: Երեւանի մեջ մենք ունեինք մեր պաշտոնյա ներկայացուցիչը`Գայանե Մուրատյան, որ ամեն ամիս իրաքահայերու ամսականները կուտար, անոնց դպրոցական, ընկերային հարցումներուն կպատասխաներ: Գայանե Մուրատյան շատ սիրված և հարգված էր իրաքահայ գաղթականներու կողմե:

Ա. Բ._ Որո՞նք են այն գաղափարները, որ ունեին Լոս Անջելեսի իրաքահայերը, իրենց հայրենակիցների հայրենադարձությունը խրախուսելու ժամանակ:

Խ. Ճ._ Լոս Անճելոսի իրաքահայերը, որոնք հարազատներ ունեին Իրաքի մեջ, որոնք Հորդանան, Սուրիա կամ այլ երկիրներ մեկնած էին, մեզի դիմեցին և խնդրեցինք որ իրենց հարազատները Հայաստան տեղափոխենք, հոն մեր ժողովուրդին հետ ապահով ըլլալու համար, քանի որ անոնց Ա.Մ.Ն. չէին կրնար անմիջապես բերել: Մենք իրենց հասկցուցած էինք, թե այդ քայլը առնելով, այսինքն Հայաստան տեղափոխվելով բնավ պարտավոր չեն հոն մնալու, եթե գոհ չէին կացութենեն, կրնան ոեւէ երկիր երթալ և կամ Իրաք դառնալ: Անկախ Հայաստանի մեջ, Սովետական Միություն 1947թ. ներգաղթի նման չէ, որ եթե Հայաստան երթաս չես կրնար դուրս ելլել: Բայց մեր միության ղեկավարները խորապես կհավատային, որ մեր ժողովուրդը Հայաստան ապրելով, թէ՜ իրենց զավակներուն և թէ՜ իրենց ապահովության համար ավելի դրական է, գոնե հայրենիքի մեջ ապրելով ավելի քաղցր և երջանիկ օրեր կունենան`Իրաքի այդ դժոխային օրերուն հետ համեմատած: Եւ այդպէս ալ եղավ, մեր ներգաղթողներուն մեծ մասը շատ գոհ էր հայրենի ժողովուրդի եղբայրական վարմունքեն իրենց հանդեպ: Իրենց զավակները շատ ուրախ էին Հայաստանի դպրոցներեն և դասընկերներեն: Եւ ասիկա պատճառ եղավ, որ այսօր 800-1,000-է աւելի իրաքահայեր Հայաստան հաստատվին:

Ա.Բ._ Ինչպիսի՞ արձագանգ գտավ ձեր նախաձեռնությունը ԱՄՆ-ի կամ Կալիֆոռնիայի հայ համայնքում (բացի իրաքահայերից): Արդյո՞ք Ձեր հիմնադրամին միանում էին ոչ իրաքահայեր: Փորձե՞լ էք դիմել այլ սփյուռքահայերի միանալ ձեր նախաձեռնությանը:

Խ. Ճ._ Նախ սկսիմ հարցումին վերջին մասեն: Մենք ոչ ոքի չդիմեցինք մեզի օգնելու համար: Մենք փոքր միություն մը ըլլալով, քանի մը հայերու Հայաստան տեղափոխելու նպատակով ճամբա ելանք, այն հույսով, որ այս հայերեն ոմանք Հայաստան կհաստատվին (անշուշտ եթե հարմարին հոն ապրելու գաղափարին հետ): Այդ տարին Սփյուռքի մեջ գործող կուսակցությունները իշխանության ընդդիմադիր կազմակերպության շարքին էին: Ատիկա պատճառ դարձավ որ անոնք այս գործին չմասնակցին, այն պատճառաբանությունը տալով, որ Հայաստանի իշխանությունը ի վիճակի չէ իր ժողովուրդին գործ հայթայթելու, և իրաքահայերը շատ պիտի տառապին և հուսախաբ ըլլան Հայաստան երթալով, որովհետեւ հոն գացողները մեծ հույսեր դրած են իրենց հայրենիքին վրա, առանց պատկերացում ունենալու Հայաստանի երկրաշարժի, պատերազմի, Թուրքիո և Ատրպեյճանի շրջափակումը: Այո, իրաքահայերը այդ բոլոր դժվարությունները չէին կրնար պատկերացնել, այնպես ինչպես հայրենի ժողովուրդի մեծ մասը չէր պատկերացներ Իրաքի քրիստոնյա հայերու վիճակը, (առեւանգում, սպանություն, թալան, և կողոպուտ, որուն կենթարկվեին մեր հայրենակիցները):

Գալով հարցումի առաջին բաժնին, ամենայն հպարտությամբ կրնանք ըսել, թե Լոս Անճելոսի հայերը մեծագույն գնահատանքով մոտեցան մեզի և իրենց նյութական և բարոյական նպաստն ու ներդրումը տվին այս ծրագրին: Արդարեւ, մեր աշխատանքին մեծագույն բարերարները եղան ոչ իրաքահայեր, այլ իրանահայերը, լիբանանահայերը, սուրիահայերը և հայաստանցիներ, որոնք իրենց նյութական և բարոյական նպաստով սատար հանդիսացան մեր գործին:

Ա. Բ._ Ի՞նչ արձագանգ գտավ ձեր նախաձեռնությունը Իրաքում, Միջին Արեւելքի հայ համայնքներում և Հայաստանում:

Խ. Ճ._ Իրաքի մեջ Հայ Առաքելական Եկեղեցվո Առաջնորդը, և որոշ քաղաքական գործիչներ դեմ էին այս ներգաղթին, պատճառաբանելով որ այսպիսի քայլով գաղութը կնոսրանա և արյունաքամ պիտի ըլլա: Հաճախ շատ կոպիտ արտահայտություններ լսեցինք, ինչպես` «Եթե Հայաստանը լավ է, դուք ինչո՞ւ չեք երթար ու հոն ապրիր»: «Ինչո՞ւ մարդոց դժբախտության պատճառ կըլլաք զանոնք Հայաստան տանելով» և այլ վիրավորական խոսքեր: Դժբախտաբար այսպիսի արտահայրություններ մեզի եղան: Բայց մենք խորապես հասկնալով անոնց ցավը, գաղութը տկարանալուն համար, հասկացողությամբ մոտեցանք հարցին և կրցանք ոմանց համոզել, որ իրաքահայերը, անոնք որոնք կրցան և կրնան դուրս ելլել արդեն Իրաքեն դուրս կապրին, իսկ մնացածները շատ ծանր և դժվար պայմաններու տակ են, և ոչ ոք կուզե իրաքահայ գաղութը քայքայել, իսկ 100-150 հոգի Հայաստան տանելով, անոնք մեկ փոքր մասնիկն են մոտ 10,000-է ավելի արդեն իսկ դուրս փախչող հայ զանգվածին, մանավանդ որ մենք մեր տարած հայերուն օրապահիկ մեկ տարի ապահոված ենք, և հայրենի պետությունը և հայրենի ներգաղթի բաժնի վրա ոչ մեկ բեռ պիտի ըլլան անոնք և հայրենի պետական այրերը ջերմորէն ընդունած են իրաքահայ գաղթականները:

Ա. Բ._ Ինչպե՞ս էին գոյանում ֆինանսական միջոցները:

Խ. Ճ._ Ոչ մեկ խոչընդոտի հանդիպեցավ այս նախաձեռնությունը: Մենք մեր աշխատանքներու և բարերարներուն կողմե գոյացած գումարները գոյացնելու ոչ մեկ դժվարություններ ունեցանք:

Փառք ու պատիվ մեր գաղութի անդամներուն, մեծատունն իր գանձով, համեստ աշխատավորները իրենց լումաներով սատար և օժանդակ եղան մեր աշխատանքին անհատական ձեւով կամ որոշ միություններու աշխատանքով:

Կարելի չէ այս աշխատանքը հիշել, առանց երախտագիտությամբ չհիշելու պարսկահայ գործատեր, KIA ինքնաշարժի նախկին ներկայացուցիչ Տիար Օննիկ Մեհրաբեանի օժանդակությունը: Այս պարոնը մեզի մեկ ինքնաշարժ նվիրեց, որ վիճակահանության դրինք և մոտ 80,000 տոլար գոյացուցինք: Մեր իրաքահայ բարերարներ Մարգարեան եղբայրները, Յարութիւն Հիլալեան, Ճոնի Թաճիրեան, Վարանդ Մելքոնեան, Պերճ Շահպազեան, Երուսաղէմի Թարգմանչաց վարժարանի Սանուց միութիւնը, իրանահայերու միությունը, Զաւէն Խանճեան, Թոմիկ Ալեքսանեան, Նունէ Աւետիսեան, Թագուհի Արզումանեան, Շահէ Քէօրողլեան, Վրէժ Աղաջանեան, մեր շատ սիրելի Յովհաննէս Բալայեան և Հ.Օ.Մ.ի նախաձեռնությամբ կազմված Իրաքահայերու Օգնության Միացյալ Մարմնին կողմե մեզի 10,000 տոլար տրվեցավ եւայլն:

Ա. Բ._ Ի՞նչ չափանիշներով էր հիմնադրամն ընտրում այն իրաքահայերին, որոնց աջակցում էր Հայաստան տեղափոխվել:

Խ. Ճ._ Ոչ մեկ չափանիշ կամ պայման կար, իրաքահայու մը նպաստ տալ Հայաստան տեղափոխվելու համար, բայց միշտ նկատի առած ենք և նախապատվություն տված էինք այն երիտասարդ ընտանիքներուն, որոնք անչափահաս զավակներ ունին, այլապես առանձին ապրող տարիքավորները բարեբախտաբար կրնային Պաղտատի ծերանոցի մեջ տեղավորվիլ և ապահով ըլլալ:

Ա. Բ._ Հայաստան տեղափոխվելուց հետո արդյո՞ք Ձեր հիմնադրամը ցուցաբերում էր այլ (հոգեբանական, սոցիալական) աջակցություն:

Խ. Ճ._ Որպէս փոքր և համեստ կարողություններով միություն մը նման ծառայություններ հայթայթելու ոչ նյութական և ոչ ալ փորձառություն ունինք նման հոգեբանական կամ ընկերային օժանդակություններ հասցնելու: Բայց մենք ունեինք մեր ներկայացուցիչը, որ նոր ժամանած գաղթականներու նախապես կահավորված տուներ կվարձեր և հոն կտեղափոխեր: Անոնց գաղթականական, դպրոցական, ընկերային հարցերուն օգտակար կըլլար և անոնց գործերը կըներ, մինչ մեր իրաքահայերը, ինչպես նախապես հիշեցի, շատ գոհ էին Գայանե Մուրատյանի ծառայություններեն: Բայց հոգեբանական աջակցություն տալու ի վիճակի չէինք:

Ա. Բ._ Ձեր հիմնադրամի օգնությամբ Հայաստան տեղափոխված իրաքահայերը մնացե՞լ են Հայաստանում, թէ՞ գաղթել են այլ երկրներ: Քանի՞սն են մնացել Հայաստանում և քանի՞սը տեղափոխվել այլ երկրներ:

Խ. Ճ._ Մեր միության միջոցավ տեղափոխված 135 հայերեն, մեզի հասած տեղեկություններու համաձայն, մոտ 55 հոգի Հայաստանեն մեկնած են այլ երկիրներ, միանալու համար իրենց հարազատներուն հետ: Անոնց մեծ մասը եւրոպական երկիրներ մեկնած են, մեկ-երկու ընտանիք Ա.Մ.Ն. եկել են, իսկ մօտ 80 հոգի, մեր ունեցած տեղեկությանց համաձայն, Հայաստան մնացած են: Անոնք հոն մեր միության նման (Իրաքահայերու Ընտանեկան Միություն) մը հիմնած են Երեւանի մէջ:

Մինչեւ մեր 135 հոգինոց խումբը Հայաստան տանիլը, ոչ ոք կմտածեր Հայաստան երթալ և հաստատվիլ հոն, քանի որ իրաքահայերու մոտ տարածված էր, որ Հայաստան գործ չկա, ժողովուրդը շատ դժվար պայմաններու մեջ է և վախ, կասկած ունեին Հայաստան երթալու և ապրելու համար: Սակայն մեր ներգաղթի աշխատանքով և ապրուստ ապահովելով, անոնց ներկայութենեն քաջալերվելով այսօր, մեզի հասած տեղեկությւններու համաձայն 800-1,000 ավելի իրաքահայեր Հայաստան հաստատված են, որոնք վերջնականապես փրկուած, ապահով և անկաշկանդ մայր հայրենիքի ժողովուրդին հետ շատ լավ շաղուած իրենց երջանիկ ապագան կկերտեն մայր հողին վրա: Նոյնիսկ Ա.Մ.Ն.-են իրաքահայեր Հայաստան տեղափոխված են: Անոնք իրենց սեփական տուները և գործերը ծախելով, կամ անոնք իրենց կենսաթոշակները Հայաստան ստանալով, իրենց գործերը բացած են այնտեղ:

Ոչ մեկ իրաքահայ բեռ չէ եղած Հայաստանի իշխանությանց վրա, այլ անոնք իրենց երջանիկ կյանքը դասավորած են իրենց միջոցներով, բայց հայրենի պետությունը ու մանավանդ գաղթականներու բաժինը և Սփիւռքի նախարարուհի դոկտ. Հրանուշ Հակոբյան միշտ հասած են իրաքահայերուն:

Ա. Բ._ Ինչո՞ւ ծրագիրը չի շարունակվում:

Խ. Ճ._ Նախ ներկայիս Իրաքի հայության կյանքը այդքան վտանգավոր ու անապահով չէ, որքան 2003-ին քանի մը տարի անց: Հիմա Իրաքի հայերը արդեն իրենց անձնական միջոցներով կրնան Հայաստան երթալ և հոն հաստատվիլ, անկաշկանդ և առանց նյութականի կարիք ունենալու: Հիմա ավելի շատ իրաքահայեր հաստատվիլ սկսած են Իրաքի հյուսիսային Քյուրտիստանի շրջանին մեջ, քյուրտ ժողովուրդի և իշխանության բոլոր բարիքները և օգնությունները վայելելով:

Մեր սրտագին կոչն է, որ մեր ազգային կուսակցությունները, եկեղեցիները և ժողովուրդը ընդհանրապես, նման աշխատանք մը որդեգրեն ներգաղթ կազմակերպելով, յուրաքանչյուր գաղթող ընտանիքի ապրուստը մեկ-երկու տարի ապահովելու բարերարներ գտնելով, որպեսզի այս գաղթականները մեկ-երկու տարվան ընթացքին իրենք զիրենք գտնեն և վստահ եմ, անոնք կմտածեն Հայաստան մնալ:

Ա. Բ._ Ներկայում ի՞նչ աջակցություն է ցուցաբերում Լոս Անջելեսի իրաքահայերի հիմնադրամը Հայաստանում հաստատված իրաքահայերին, Իրաքի հայ համայնքին:

Խ. Ճ._ Ներգաղթի աշխատանքեն ետք, միությունը երեք տարի շարուակ 8-10 հազար տոլարի նպաստ հասցուց Հայաստան ապրող իրաքահայերուն: Սկիզբը տոնական օրերուն յուրաքանչյուր ընտանիք, ըստ զավակներու թվին, նյութական նվերներ ղրկեցինք, վերջին երկու տարիներուն, անոնց զավակներուն տարին 40-60 փոքրիկներու կրթաթոշակներ ղրկած ենք: Հիմա դադրեցուցած ենք այդ նպաստը, քանի որ մեր միությունը հոս Լոս Անճելոսի մեջ, կրթական, մշակութային բազմերես ծառայություններ նախաձեռնած է: Ունինք մեր շաբաթօրյա ՁՐԻ վարժարանը, այս տարի մաս կազմած ենք տասնյակ մը մշակութային և մեծարանքի երեկոներու, պարահանդեսներու, գիրքերու գինեձօներու եւայլն:

Կարելի չէ այս հարցազրոյցը փակել առանց հիշելու թե վերոնշյալ աշխատանքները իրաքահայերու միությունը կազմակերպեց «Իրաքահայերու Օգնության Հիմնադրամ» անունով հանձնախումբ կազմակերպելով: Այս հանձնախումբի ատենապետն էր Սարգիս Դերձակեան, որ երեք անգամ Հայաստան գացած է, հոն մոտ ամիս մը մնալով այս գաղթականները իրենց համար վարձված տուներու մեջ տեղավորած է, գաղթականներու գրասենյակի հետ Հալեպեն դասավորած է Հալեպ գացող և հոնկե Երեւան մեկնող խումբին տոմսակներ ապահոված է եւայլն: Հանձնախումբի գանձապահն էր ողբ. Գրիգոր Տէր Ամիրեան, որ այս աշխատանքի գլխավոր ճարտարապետը և գաղափարը հղացողն էր: Հանձնախումբի մյուս անդամներեն է Ռաֆֆի Կարապետեան փոխ-ատենապետ, ատենադպրուհիներ Մարալ Շահինեան, Ազատուհի Աբրահամեան, Սերոբ Թշապուրեան և Վարդգէս Պետրոսեան, իսկ ես իրաքահայերու Կեդրոնական Վարչութեան նախագահի հանգամանքով այս յանձնախումբի բոլոր աշխատանքներուն և որոշումներուն վերահսկիչն էի:

Վերջավորության, իրաքահայերու կազմակերպած ազգահավաքի այս համեստ աշխատանքը իրապես մեծապես նպաստած է մեր ժողովուրդի ներգաղթի աշխատանքներուն: Քաջ գիտենք, որ ներկայիս Հայաստանի բարեխնամ կառավարությունը միջոցներ կորոնե ներգաղթը քաջալերելու համար:

Կըսեն մեծ ծառերը փոքր հունտերե ծնունդ կառնեն: Վստահ եմ ներգաղթի մեծ աշխատանքը փոքր գաղափարներե և աշխատանքներե կրնա ծնունդ առնել և պտուղներ տալ: Մեր մաղթանքն է, որ հայրենի և սփյուռքի ղեկավարությունը ՍԿՍԻՆ ազգահավաքի այս սուրբ, անհրաժեշտ և պատվական գործը իրականացնել, հօգուտ և ի փառս մեր հայրենիքին և ժողովուրդին:

Ա. Բ._Շնորհակալություն, պարոն Ճանոյեան, այս անչափ հետաքրքրական հարցազրույցի համար: Իրապես հերոսական և պատվաբեր գործ է արել Ձեր միությունը: Վստահ եմ` այն ոսկե տառերով պետքէ արձանագրվի մեր ժողովրդի պատմության էջերում:

Հարցազրույցը վարեց ԱՆՈՒՇ ԲԵԺԱՆՅԱՆԸ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: