Հայերեն   English   Русский  

​Հերթական ճգնաժամը Մերձավոր Արևելքում. կռվախնձորը Երուսաղեմի Տաճարի լեռն է


  
դիտումներ: 8143

Իսրայելա-պաղեստինյան հերթական ճգնաժամը, որը գրեթե երկու շաբաթ տևեց, կարծես ավարտին է մոտենում։

Իսրայելը հայտարարել է Տաճարի լեռան վրա տեղադրված մետաղորսիչները հեռացնելու մտադրության մասին։ Չնայած Իսրայելի կողմից արված զիջումներին՝ մասնագիտական շրջանակներում կարծիքներ են հնչում, որ ճգնաժամն այսքանով կարող է չավարտվել, իսկ մահմեդականները բոյկոտի ու պայքարի շարունակման կոչեր են անում՝ նշելով, որ Իսրայելը պետք է հրաժարվի նաև տարածքում խելացի տեսախցիկներից ու ոստիկանների թվի ավելացումից։

«Անշուշտ, այդ փոխզիջումային քայլերը, մեծ հավանականությամբ, կմեղմեն Երուսաղեմում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, բայց նաև վերջին սրացումները հերթական անգամ ցույց տվեցին, որ մինչ այս հնչած գնահատականները մերձավորարևելյան ամենատևական և արյունալի հակամարտության իսրայելա-պաղեստինյան բաղադրիչի վտանգավորության աստիճանի նվազման մասին անհեռատես էին: Կասկածից վեր է՝ այս քնած հրաբուխը կարող է հերթական անգամ ժայթքել ցանկացած պատեհ ու անկանխատեսելի առիթի դեպքում՝ անկանխատեսելի մասշտաբներով ալեկոծելով ողջ տարածաշրջանը»,- իր ֆեյսբուքյան էջում, մեկնաբանելով իսրայելա-պաղեստինյան ճգնաժամը, գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Իսկ ամեն ինչ սկսվեց հուլիսի 14-ին, երբ մի խումբ պաղեստինցիներ կրակոցով սպանեցին երկու իսրայելցի ոստիկանի։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ գրոհայինները զենքի համար Տաճարի լեռան վրա թաքստոց են ունեցել, իսկ հանցանքից հետո էլ փորձել են թաքնվել այդ տարածքում։ Պատահարից հետո իսրայելական կողմը մետաղորսիչներ տեղադրեց Տաճարի լեռան վրա, այսինքն՝ մզկիթ գնացող բոլոր քաղաքացիները դրանց միջով պետք է անցնեին։ Արարքը հարուցեց պաղեստինցիների զայրույթը և ընդվզումը։

Հակամարտ կողմերի կարևորագույն սրբատեղիները՝ մեկ վայրում

Տաճարի լեռը կարևոր սրբատեղի է թե՛ հրեաների, թե՛ պաղեստինցիների համար։ Պաղեստինցիների կողմից մետաղորսիչների տեղադրումը դիտարկվում էր որպես Իսրայելի կողմից տարածքի վերահսկման ուժեղացման փորձ։ Մինչդեռ այդ տարածքում է տեղակայված Ալ-Աքսա մզկիթը, որը պաղեստինցիների ազգային խորհրդանիշ է համարվում։ Մզկիթը կրոնական մեծ նշանակություն ունի նաև համայն աշխարհի մահմեդականների համար։ Մեքքայի և Մադինայի սրբատեղիներից հետո մուսուլմանների համար այն իր նշանակությամբ երրորդ մզկիթն է։

Տարածքը նույնքան կարևոր է և՛ Իսրայելի իշխանությունների, և՛ բնակիչների համար։ Նրանք այն համարում են «ամենակարևոր տեղը Երկրի վրա»։ Հրեական ավանդություններում Տաճարի լեռը հայտնի է որպես «Աստծո ներկայության վայր»։ Հավատացյալ հրեաները վստահ են, որ հենց այդ վայրում կփրկվեն ճիշտ հավատացյալները, երբ Փրկիչը գա։

Տարածքը Իսրայելի վերահսկողության տակ է գտնվում 1967-ի պատերազմից ի վեր։ Ըստ գործող պայմանավորվածության՝ Իսրայելն ապահովում է տարածքի անվտանգությունը, իսկ Հորդանանի կողմից ֆինանսավորվող Waqf կրոնական հիմնադրամը զբաղվում է համալիրի առօրյա կառավարմամբ։ Տարածքի անվտանգության, կառավարման և անխոչընդոտ մուտքի շուրջ համաձայնությունը հայտնի է որպես Տաճարի լեռան ստատուս քվո։ Եվ այժմ պաղեստինցիները Իսրայելի քայլը դիտարկում են որպես այդ ստատուս քվոյի խախտում՝ այն համարելով ոչ միայն իրենց կրոնական ազատության սահմանափակում, այլև սպառնալիք երբևէ ճանաչված երկիր ունենալու հնարավորությանը։

Պաղեստինցիների արձագանքը

Իսրայելի որոշումը պաղեստինցիների կողմից զանգավածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ։ Նախորդ շաբաթ Արևելյան Երուսաղեմում 3 պաղեստինցի սպանվեց, իսկ Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինցի մի երիտասարդ սպանեց իսրայելցի մի տղամարդու իր երկու մեծահասակ երեխաների հետ։

Զանգվածային բախումներ տեղի ունեցան նաև արաբ ցուցարարների և իսրայելցի ոստիկանների միջև։

Իրավիճակն այնքան սրվեց, որ անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց։ Իսկ Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի դեսպան Նիկոլայ Մլադենովը հայտարարեց, որ եթե խնդիրը շտապ կերպով չլուծվի՝ հուզումները կարող են դուրս գալ հին քաղաքի շրջանակից՝ ավելի լայն տարածում ստանալով։ «Բախումները կարող են բերել ողբերգական հետևանքներ ոչ միայն հին քաղաքի, այլև Իսրայելի ու Պաղեստինի և անգամ Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս»,- ասել է նա։

Իսրայելի քայլը դժգոհությունների ալիք բարձրացրեց ոչ միայն Պաղեստինում, այլև մահմեդական աշխարհում։ Քննադատական հայտարարություններով հանդես եկան մի շարք երկրներ։ Քննադատությունը և դժգոհությունը, սակայն, միայն հայտարարություններով չսահմանափակվեց։

Երուսաղեմ

Հորդանանում մի երիտասարդ հարձակում գործեց Իսրայելի դեսպանատան անվտանգության աշխատակցի վրա։ Ինքնապաշտպանության ընթացքում զոհվեցին հարձակվող երիտասարդը և Հորդանանի մի քաղաքացի։ Հորդանանի իշխանությունները պահանջում էին դատարանի առջև կանգնեցնել միջադեպում ներգրավված դեսպանատան աշխատակցին, չնայած այն հանգամանքին, որ նա, ըստ կարգի, ուներ դիվանագիտական անձեռնմխելիություն։ Իսրայելի և Հորդանանի երկկողմ բանակցություններից հետո, ի վերջո, հարցը լուծվեց․ դիվանագիտական անձնակազմը, այդ թվում և անվտանգության աշխատակիցը, Իսրայել վերադարձան։ Կարծիքներ են հնչում, որ ի պատասխան այդ քայլի է Իսրայելը համաձայնել հեռացնել մետաղորսիչները։

Հայտարարվել է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում տարածքում կտեղադրվեն խելացի տեսախցիկներ, որոնք դեմքը ճանաչելու ֆունկցիա կունենան։ Ծրագրի արժեքը շուրջ 28 մլն դոլար է։ Այն իրագործվելու է առաջիկա 6 ամիսների ընթացքում։ Տարածքում կմեծացվի նաև անվտանգությունը հսկող ոստիկանների թիվը։

Ուշագրավ է, որ մահմեդական երկրներից հակահրեական քայլեր, Հորդանանից բացի, տեղի ունեցան միայն Թուրքիայում։ Հարձակումներ տեղի ունեցան հրեական սինագոգերի վրա, իսկ ըստ որոշ ԶԼՄ-ների՝ որոշ ժամանակով, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցվեց նաև այդ երկրում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը։

Լարվածությունը կշարունակվի՞

Իսրայելի քայլն արդեն իսկ ողջունել է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան։ «Անվտանգության նման նորմերի կիրառումը կարող էր տարածաշրջանային մակարդակով բռնությունների պատճառ դառնալ»,- ասված է հայտարարությունում։ Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կողջունի լարվածության թուլացման ուղղությամբ Իսրայելի ցանկացած քայլ։

Չնայած միջազգային դրական արձագանքին՝ պաղեստինցի հավատացյալները շարունակում են բոյկոտը։ Դեռ նախորդ ուրբաթ նրանք մզկիթի պատերից դուրս էին աղոթել՝ ի նշան բողոքի։ Նրանք նշում են, որ շարունակելու են պայքարը և չեն ընդունի, որ Իսրայելն իրենց մզկիթի տարածքը վերահսկի թեկուզ տեսախցիկների միջոցով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: