Հայերեն   English   Русский  

​Լիզինգն ու նրա օգուտը. ծրագիրը լավն է, բայց սատանան թաքնված է մանրուքներում


  
դիտումներ: 8179

Դարձյալ մոտենում է հունձի սեզոնը, և գյուղացիությունը դարձյալ տագնապած շուրջն է նայում. արդեն պետք է մտածել տեխնիկայի, կոմբայնի և այլ հարցերի մասին:

Առհասարակ գյուղտեխնիկայի հարցը վաղուց մեր գյուղատնտեսության հիմնական խնդիրներից է: Գյուղատնտեսության փոխնախարարները, նախարարները տարբեր ժամանակներում բարձրաձայնել են, որ գյուղտեխնիկայի 95 տոկոսն օգտագործվում է 25-30 տարի և գործածության համար այլևս պիտանի չէ: Բայց նոր տեխնիկա ձեռք բերելը մեր օրերում կարծես հեքիաթի ժանրից է:

Զարգացած գյուղատնտեսություն ունեցող բոլոր երկրներում կառավարություններն առաջնահերթ են համարում ու հսկայական օժանդակության ծրագրեր են իրականացնում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Եվ առաջին հերթին այն նպատակով, որ տվյալ երկիրը կարողանա ինքնուրույն լուծել իր առաջին անհրաժեշտության՝ պարենի խնդիրը: Գյուղտեխնիկայի պարկի խնդրին էլ կարծես փորձում են լուծում տալ` համակարգային լուծում:

Այս տարի կառավարության մարտի 16-ի նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է գյուղատնտեսությունում տնտեսվարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես` լիզինգով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը, ինչը, ըստ նախարարի, գյուղատնտեսական հողատարածքների արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմաններ կստեղծեր:

Հենց այդ ժամանակ էլ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շեշտեց, որ եթե գյուղատնտեսության ոլորտում մեխանիզացիայի խնդիրները չլուծվեն՝ առաջընթաց չենք ունենա: Մի խոսքով, գործի դրվեց Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որը ենթադրում էր, որ ծրագրի շրջանակում տնտեսվարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20 տոկոս կանխավճար, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Ինչ խոսք, բավականաչափ հետաքրքիր և կարծես բավականին շահավետ պայմաններ պետք է այս ծրագրով ստեղծվեին, քանի որ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ստանում գրեթե ինքնարժեքով ձեռք բերելու նոր գյուղտեխնիկա. տարեկան 2-3 տոկոս տոկոսադրույքը, համեմատած հայաստանյան այլ դրամական գործիքների տոկոսադրույքների հետ, այնքան չնչին է, որ նույնիսկ կարելի է անտեսել: Ընդ որում, գումարը պետք է մարել մի քանի տարիների ընթացքում. այսինքն` տեխնիկան կարող է աշխատել ու իր ստեղծած միջոցներից էլ իր ինքնարժեքը փակել:

Առաջին հայացքից կարող ենք ասել՝ սրանից էլ լավ բա՞ն: Բայց միայն առաջին հայացքը քիչ է: Մինչև այս ծրագրի մեկնարկը թվում էր, թե նման մի ծրագրի առկայության դեպքում գյուղացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետք է նետվեն նոր գյուղտեխնիկա ձեռք բերելու, բայց պարզվեց, որ ամենևին էլ այդպես չէ: Արդեն հուլիսի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկություն տարածեց, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 12-ի տվյալներով շահառուներին տրամադրվել է 57 միավոր գյուղտեխնիկա` 25 տրակտոր և 32 այլ գյուղտեխնիկա:

«Ներկայումս ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը»,- նշվում էր գյուղնախարարության տարածած հաղորդագրությունում:

Ընդամենը 57 միավոր տեխնիկա… Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ այդքան քիչ, եթե հանրապետության ամբողջ գյուղտեխնիկայի պարկը հնամաշ` հազար տեղից կարկատված հնոտիներ է հիշեցնում: Ինչո՞ւ նոր տեխնիկա չեն գնում գյուղացիները, ավելի ճիշտ՝ մեխանիզատորները:

Պարզվում է` նոր տեխնիկա ձեռք բերելը մեր օրերում երևակայական է: Եվ ինչպես միշտ, այս դեպքում էլ սատանան թաքնված է «մանրուքներում»: Այս կապակցությամբ զրուցեցինք երիտասարդ մեխանիզատոր Արմանի հետ: Նա տարբեր տեխնիկաներ ունի, որոնք համեմատաբար թարմ են և դեռ հաջողությամբ ծառայում են, և Արմանը նոր տեխնիկա ձեռք բերելու կարիք առայժմ չունի: Բայց նա մեզ օգնեց հասկանալու գյուղացիության՝ լիզինգից հեռու մնալու մոտիվները:

Ամեն ինչ ներկայացնենք մի պարզ օրինակով: Տարբեր երկրների արտադրության նոր կոմբայնների գները սկսվում են 50 հազար ԱՄՆ դոլարից: Հիմք ընդունենք հենց 50 հազար դոլարանոց կոմբայնը. ենթադրենք, որ գյուղացին կամ ֆերմերը որոշել է ու ձեռք բերել նոր կոմբայն, ու համարենք, որ այդ գումարը նա ինչ-ինչ միջոցներով կարողացել է կուտակել, թեև հասկանում ենք՝ այդ ո՞ր մի գյուղացին կկարողանա 50 հազար դոլար կուտակել. դա ևս ֆանտաստիկ է: Ինչևէ, ենթադրենք, թե ունի այդ գումարը և ստիպված չէ վարկով կամ լիզինգով ձեռք բերել այն, ինչը լրացուցիչ կթանկացնի կոմբայնի գինը: Եթե նա գնել է նոր կոմբայն, ուրեմն պետք է աշխատի ու իր ներդրումը վերադարձնի: 50 հազար դոլարը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 24 միլիոն դրամ: Եթե ընդունենք ներկայումս գործող «շուկայական» գները, կոմբայնի ծախսը հանած՝ մեկ հեկտար հունձ անելու համար կոմբայնավարն աշխատում է մոտ 10 հազար դրամ: Ուրեմն 24 միլիոն դրամը վերադարձնելու համար նա պետք է, բացի վառելիքից, կոմբայնի վրա այլ ծախսեր չկատարի ու հնձի 2400 հեկտար ցանքատարածություն: Այդքան հեկտար հնձելու համար, եթե անգամ ընդունենք, որ հունձը տևում է 45 օր (իրականում ավելի կարճ է տևում), կոմբայնավարը պետք է օրական հնձի 53 հեկտար դաշտ, ինչը անհավանական է: Իսկ նորմալ դեպքում, եթե կոմբայնավարը 10000 դրամով օրական հնձի միջինը 15 հեկտար դաշտ և աշխատի նորմալ՝ 1 ամիս, ապա նրանից, իր ներդրումը վերադարձնելու համար կպահանջվի 5-6 տարի, այն էլ այն դեպքում, որ հնձից ստացված եկամուտը, բացառապես կոմբայնի արժեքը փակելուց բացի, այլ բանի վրա, օրինակ՝ ընտանիքի համար հաց գնելու, չպետք է ծախսվի…

Ուրեմն այդ ո՞ր մի գյուղացին կարող է նման «շքեղություն» թույլ տալ իրեն, ավելի ճիշտ՝ Հայաստանում քանի՞ հոգի կարող է իրեն նոր կոմբայն ունենալու շքեղություն թույլ տալ: Նույնը լիզնիգի դեպքում, երբ կոմբայնի արժեքը տարեկան լրացուցիչ 2 տոկոսով թանկանում է, իսկ գյուղացիներն այնքան էլ հոժար չեն «բանկի տակ մտնել»:

«Դե հո սաղ տարին չե՞նք աշխատի ու մեր աշխատածը տանք բանկերին: Թանկ է ամեն ինչ, գյուղացին փող չունի, թեկուզ 20 տոկոս կանխավճար չի կարող անել. 50-60 հազար դոլարանոց տեխնիկայի 20 տոկոսը 10-12 հազար դոլար է, էդ գյուղացին ի՞նչ պիտի անի, որ այդքան գումար կարողանա կուտակել ու կանխավճար անել: Շատ-շատ կարող են մի քանի հոգով միավորվել ու տեխնիկան լիզինգով ձեռք բերել, բայց դե դրան դեռ հասնել է պետք»,- նշում է գյուղատնտես Էդիկ Հակոբյանը:

Կառավարության վերոհիշյալ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մի հետաքրքիր դիտարկում էր անում ծրագրից օգտվելու պայմանների մասին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը՝ նշելով, որ այսպես ասած՝ ունևոր հայտատուն պետք է 20 տոկոս կանխավճար կատարի, իր վարկունակությունը հիմնավորի, պետք է դիմի տվյալ լիզինգային ընկերությանը և գնում կատարի: Իսկ չունևորն էլ ծառայություն ստանալու համար պետք է դիմի այն ունևորներին, որոնք ունեն տրակտոր և ծառայություններ են մատուցելու:

«Կլինեն ընկերություններ, որոնք ունեն մի քանի գյուղտեխնիկա և մեկ օրով ծառայություն կմատուցեն, և կլինեն ընկերություններ, որոնք չունեն գյուղտեխնիկա և այդ ծառայությունները կգնեն»,- նշում էր նախարարը:

Այնպես որ՝ գյուղացին մնում է սովետի 30-40 տարեկան, հալումաշ եղած կոմբայնների հույսին, քանի որ փաստ է՝ դեռ 57 միավոր տեխնիկա է լիզինգով տրամադրվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: