Հայերեն   English   Русский  

​Երևանը 5500 տարվա պատմություն ունի որպես քաղաք. հնագետ


  
դիտումներ: 21965

Երևանի իրական տարիքի ու դրա վերաբերյալ գիտական հիմնավորումների մասին «Անկախը» զրուցել է հնագետ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, որի ղեկավարությամբ հայ-ամերիկյան համատեղ հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Շենգավիթում։

- Պարոն Սիմոնյան, Շենգավիթի պեղումների արդյունքում պարզվել է, որ այդտեղ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում բնակավայր է եղել։ Շենգավիթը գտնվում է ներկայիս Երևանի տարածքում։ Կարո՞ղ ենք ասել, որ Երևանը շուրջ 6000 տարվա պատմություն ունեցող բնակավայր է։

- Ռադիոածխածնային տարրալուծման մեթոդով ստացված ամենավաղ տվյալը Շենգավիթի վերաբերյալ մ.թ.ա. 3300 թվականին է վերաբերում։ Կարելի է ասել, որ Շենգավիթն ունի 5500 տարվա պատմություն որպես կարևոր բնակավայր։ Այն ենթադրաբար քաղաքատիպ բնակավայրի է վերածվել արդեն 4-3-րդ հազարամյակների սահմանագլխին։ Այսինքն՝ 5 հազար տարի առաջ այստեղ ունեցել ենք քաղաք։

Էրեբունին մեզանից վաղ է 2800 տարի, փաստորեն, նույնքան վաղ է Շենգավիթը Էրեբունուց։ Երևանի տարիքը, փաստորեն, կրկնապատկվում է, և դա պատահական չէ, որովհետև Հրազդան, Գետառ և Քասախ գետերի միջև ընկած տարածքը եղել է այն բարեբեր հովիտը, որտեղ մարդը միշտ ապրել է, քանի որ եղել են կլիմայական բացառիկ պայմաններ։

- Իսկ ի՞նչ առանձնահատկություններ է ունեցել Շենգավիթի հնագույն բնակավայրը։

- Այդ շրջանում վաղ երկրագործական մշակույթը բարձր մակարդակի էր հասել. ամբարած ցորենը հնարավորություն է տալիս ձմռանն էլ քիչ թե շատ բարեկեցիկ ապրել, ինչը մարդուն ինտելեկտուալ զարգացման հնարավորություն է տալիս։ Մեծ զարգացման է հասնում մետաղագործությունը, հատկապես՝ պղնձամշակությունը։ Շենգավիթը դառնում է երկրագործական, անասնապահական և մետաղագործական կենտրոն, ինչը հին քաղաքին բնորոշ հատկանիշներից է։

Բնակավայրը կառուցված է բարձր հրվանդանի վրա, այսինքն՝ բնականից պաշտպանված ռելիեֆ է ունեցել։ Քաղաքի պարագծով կառուցվել է քարակերտ պարսպաշղթա։ Ինքնըստինքյան մեծ երևույթ է, որ 4-րդ հազարամյակում ունենք պարսպապատ բնակավայր։ Դա կոլեկտիվ աշխատանքի արդյունք է, որը վկայում է կենտրոնացված իշխանության մասին։

Պարսպի լայնությունը 2 մետրից ավելի է, ունեցել է ուղղանկյուն աշտարակներ, աշտարակներից մեկի միջով մինչև գետը ստորգետնյա ճանապարհ է անցել։ Սա զարգացած ամրաշինության սկզբունքների դասական օրինակ է։ Այդ ամենը 4-րդ հազարամյակի համար ֆանտաստիկ երևույթ է։

Կենտրոնացված իշխանության վկայություն են նաև հայտնաբերված մարմարից և օնիքսից գուրզերը, որոնք ձեռքում են պահել որպես իշխանության խորհրդանշան։

Խորհրդային տարիներին ընդունված էր, որ դա նախնադարյան համայնական հասարակության ժամանակաշրջան է։ Ավտոմատ կերպով այդ մտայնությունը մինչ օրս որոշ գիտնականների մոտ շարունակվում է, մարդիկ ոչ մի կերպ չեն ուզում ընդունել, որ Շենգավիթը քաղաք է։

Միջազգայնորեն ընդունված նորմեր կան հին արևելյան քաղաքների համար։ Այդ չափորոշիչները տեղայնացրեցի Շենգավիթում. 10 անհրաժեշտ պայմաններից Շենգավիթում առկա են 9-ը։

Հնագույն քաղաքներին բնորոշ պայմաններից է, օրինակ, խիտ բնակչությունը։ Պեղումների հիման վրա գիտենք, որ քաղաքը 6 հա տարածք է զբաղեցրել։ Ամեն 100 քմ տարածքում, միջին հաշվով, մեկուկես տուն է եղել։ Եթե բազմապատկում ենք, 6 հա վրա, ապա կարող էր ապրել մինչև 10 հազար մարդ։ Եթե ընդունենք, որ այդ շինությունների կեսը կարող էր ունենալ հասարակական և տնտեսական նշանակություն, կստացվի, որ 5 հազար մարդ է ապրել։ Անգամ այսօրվա պայմաններում 5000-ը մեծ թիվ է, այդքան բնակչություն ունեցող գյուղերը մեծ են համարվում։ Այն ժամանակվա համար դա հսկայական թիվ է։

Երկրորդը տների գերխիտ կառուցապատումն է։ Գյուղերում է, որ տները զատված են մի քանի հարյուր մետր հեռավորությամբ, քաղաքում տները հպված են միմյանց։

Երրորդ՝ այստեղ ունենք մարդկանց խմբավորում՝ ըստ մասնագիտության։ Այսինքն՝ արհեստավորները մի տեղում էին կենտրոնացած, նրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին առանձնացած էր ըստ իր մասնագիտության՝ մետաղագործները մի տեղում էին, քարագործները՝ մեկ այլ։ Երկրագործները մի հատվածում էին։ Սա ընդհուպ մինչև միջնադարյան քաղաքին բնորոշ դրսևորում է։

Այստեղ զարգացած է եղել նաև առևտուրը։ Քաղաքի մի հատվածում հայտնաբերվել է շուրջ 300 կգ պղինձ պարունակող արհեստանոց։ Դա հսկայական քանակություն է։ Այդքան պղինձը պետք է որ նախատեսված լիներ ոչ միայն Շենգավիթի կարիքները հոգալու, այլև առևտրի համար։ Պատահական չէ, որ Շենգավիթից ընդամենը 15 կմ հեռու հայտնաբերվել է մերձերևանյան գանձը, որտեղ 22 տարբեր տիպի պղնձից պատրաստված համաձուլվածքներ ու գործիքներ էին։ Հավանաբար Շենգավիթում պատրաստված իրերը վաճառքի տանելիս ավազակային հարձակման են ենթարկվել։ Գանձն այդպես թաղված մնացել էր մինչև հայտնաբերումը 1960-ականներին, ինչը մեծ սենսացիա էր։ Շենգավիթից հայտնաբերված մետաղյա իրերը և այդ գտածոներն ունեն նույն քիմիական կազմը, ինչից ենթադրելի է, որ դրանք պետք է պատրաստված լինեն նույն վայրում։

Այսինքն՝ Շեգավիթում, արհեստավորներից բացի, կար նաև վաճառականների դաս։ Զարգացած էր նաև մոնումենտալ արվեստը, որը նույնպես քաղաքային մշակույթ է։ Եղել են նաև չափի ու կշռի միասնական միավորներ։ Միակ բանը որ չունենք՝ գիրն է, դա էլ մի փոքր կասկածելի է։

Շենգավիթյան մշակույթի կավանոթների արվեստը բացառիկ է։ Քիչ թե շատ կոկիկ կավանոթներն ունեն ճոխ զարդաքանդակներ։ Չի բացառվում, որ այդ զարդաքանդակները հին պիկտոգրամաներ են, այսինքն՝ նրանց համար դրանք կարդացվող գրեր են եղել, մեզ համար են դրանք ընկալվում որպես զարդ։

- Պարոն Սիմոնյան, Շենգավիթում առկա մշակույթն արդյոք իր շարունակությունն ունեցե՞լ է երևանյան հետագա բնակավայրերում։

- Ե՛վ թաղման ծեսում, և՛ զարդարվեստում տեսանելի է հստակ հնդեվրոպական մտածողությունը, որը հետագայում տեսնում ենք Հայկական լեռնաշխարհի բոլոր մշակույթներում՝ միջին բրոնզե դարում, ուշ բրոնզե դարում։ Իսկ Հայկական լեռնաշխարհի հյուսիսում, հայերից բացի, որևէ այլ հնդեվրոպական ժողովուրդ չի եղել։

- Շենգավիթ բնակավայրը լքվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին։ Որոշ ժամանակ անց ստեղծվել է Էրեբունին։ Այն որպես բնակավայր Շենգավիթի շարունակությո՞ւնն է եղել։

- Շենգավիթից Էրեբունի շատ երկար ճանապարհ կա։ Բայց Երևանի տարածքում առկա են բազմաթիվ դամբարաններ, որոնք վկայում են, որ հետշենգավիթյան շրջանում, երբ մ․թ․ա․ 2500-ականներին կործանվում է Շենգավիթյան կամ Կուր-արաքսյան մշակույթը , Հայաստանում հաստատվում են միջին բրոնզեդարյան մշակույթները։ Դրանք 4 հնագիտական մշակույթներ են, որոնք արտացոլված են Երևան քաղաքում։ Այդ մշակույթները 2500-ից հասնում են մինչև 1500 թվական, այնուհետև Երևանում սկսվում է կիկլոպյան ամրոցների կառուցման փուլը։ Մենք կիկլոպյան կառույցի հետքեր ունենք Կարմիր բլուրում, հետագայում այստեղ հիմնվեց Թեյշեբաինի ուրարտական քաղաքը։ Մենք կիկլոպյան ամրոց ունենք Ծիծեռնակաբերդում։ Հսկայական ամրոց է, որը հիմա, ցավոք, բավականին վնասված է այգեգործական աշխատանքների պատճառով։ Համարյա ավերվել է Աղվեսաբերդ կոչվող ամրոցը, որը գտնվում է Նոր Նորքում։ Երևանում եղել է Ավան-Առինջի բնակատեղին, որը Շենգավիթի ժամանակակիցն է։ Հիմա դա նույնպես հիմնովին ավերվել է։ Շատ կարևոր հուշարձան է Կարմիր բերդը Զովունիում, որն այսօր էլ պահպանվել է։

Այստեղ նույնիսկ ընդհատում չկա, բոլոր մշակույթները էվոլյուցիոն զարգացման արդյունքում փոխարինել են մեկը մյուսին ընդհուպ մինչև Վանի թագավորության ժամանակաշրջանը կամ ուրարտական պետությունը։ Ես Ուրարտու բառից չեմ խուսափում, որովհետև Ուրարտուն մեր երկրի ասորերերն անվանումն է։ Այսօր, երբ մեզ Արմենիա են անվանում, մեզ վատ չենք զգում, չէ՞։ Իսկ ինչո՞ւ ենք վատ զգում Ուրարտու անունից։

Հետագայում ունենք մի քանի վատ պահպանված հուշարձաններ Երվանդունիների և հելլենիստական ժամանակաշրջանից։ Այնուհետև միջնադարում Երևանը բազմիցս հիշատակվում է որպես հզոր ամրոց, որը բազմաթիվ տեղերում ունեցել է իր ամրացված հենակետերը։ Այս բոլորը, ցավոք, այն վիճակում չեն պահպանվել ու մեզ հասել, ինչ կցանկանայինք։ Բայց, այնուամենայնիվ, ունենք վիթխարի հարստություն, որը ցույց է տալիս, որ Երևան քաղաքն իր զարմանալի բարենպաստ կլիմայական և աշխարհագրական պայմանների շնորհիվ միշտ եղել է մարդու բնակության կարևոր վայրերից մեկը։

- Չնայած Երևանի իրական տարիքի մասին փաստերին, այս տարի պաշտոնապես նշելու ենք քաղաքի 2799-ամյակը։ Ինչո՞ւ ենք կիսով չափ փոքրացնում Երևանը։

- Դա նախ տեղեկատվության բացակայությունից է։ Խորհրդային տարիներին, երբ ասում էինք, որ Երևանը Հռոմից ավելի հին է, հպարտություն էր առաջացնում։ Իսկ Շենգավիթն այս ողջ ընթացքում դիտվում էր որպես մի սովորական բնակավայր։

Մարդկանց մտայնության մեջ աստիճանաբար պետք է ամրագրել այն փաստը, որ նախքան Էրեբունին Երևանի տարածքում եղել է շատ հին քաղաք։ Մենք ունենք այդ զարգացման ընթացքը։ Ամեն մի մասունք, հուշարձան, որը վկայում է այդ սահուն զարգացման մասին և խոսում է Երևանի շուրջ 5500 տարվա պատմության մասին, պարտավոր ենք աչքի լույսի պես պահել։

- Իսկ ի՞նչ քայլեր են հարկավոր, որ պաշտոնապես ընդունվի, որ Երևանը 5500-ամյա քաղաք է, որպեսզի հաջորդ տարի, օրինակ, 3000-ամյակը նշելու փոխարեն 5500-ամյակը նշենք։

- Թող 3000-ամյակը նշվի։ Քանի՞ քաղաք կա աշխարհում, որ 3000 տարվա պատմություն ունի։ Էլի եմ ասում՝ սա ժամանակի հարց է։ Ի՞նչ վատ է, որ ասենք՝ Երևան անունով քաղաքը հիմնվել է 3000 տարի առաջ։ Պետք չէ Էրեբունին հակադրել Շենգավիթին։ Շենգավիթն Էրեբունու պապիկն է։ Ինքս շատ քիչ քաղաքներ կարող եմ հիշատակել, որտեղ 5500 տարվա վաղեմության քաղաք է բացվել։

- 5500-ամյա քաղաքը գրավիչ է զբոսաշրջիկների համար։ Մենք ի՞նչ ունենք նրանց առաջարկելու։

- Այս առումով շատ անելիք ունենք։ Ցանկացած հեռանկար, ակնկալիք պետք է ունենա իր ներդրումը։ Մենք ուզում ենք առանց ներդրման միանգամից շահույթ ստանալ։ Այդպես չի կարող լինել։ Պետք է այդ տարածքը բարեկարգվի։ Զբոսաշրջիկներին շատ են գրավում պեղումները։ Այսինքն՝ այդտեղ պեղումները պետք է դառնան պարբերական, որ մարդիկ գան, տեսնեն։ Շատ տեղերում մարդիկ բավականին մեծ գումար են վճարում, որ մասնակցեն պեղումներին, իհարկե, հնագետի հսկողությամբ։ Այս տուրիզմը շատ տարածված է աշխարհում։ Մեզ մոտ այդ պրակտիկայի մասին անընդհատ խոսում ենք, բայց դեռ իրականություն չի դարձել։ Բայց սա շատ հեռանկարային է։ Հիմա Աղձքի հայոց արքաների հայոց արքաների դամբարանային համալիրում ենք պեղումներ իրականացնում, որտեղ շաբաթ և կիրակի օրերին մի քանի հարյուր զբոսաշրջիկ է այցելում։ Եթե պեղումները չլինեն, այդքան չէն այցելի։ Այդպիսի գրավիչ վայրերում պետությունը պեղումները պետք է դարձնի պարբերական։ Դա զբոսաշրջության զարգացման ձևերից մեկն է։ Իսկ զբոսաշրջությունը ամենահզոր ինդուստրիաներից է։ Չպետք է խնայել փոքր միջոցները, որոնք մեծ շահույթի գրավականն են։ Առանց փոքր ներդրման մեծ արդյունք չենք կարող ստանալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: