Հայերեն   English   Русский  

​Երաշխիք


  
դիտումներ: 12523

Նախորդ երկու համարներում խոսեցինք երաշխավորության ինստիտուտի մասին՝ հնարավորինս մանրամանս ներկայացնելով դրա էական կողմերը: Այս համարում կխոսենք երաշխավորության ինստիտուտին սերտորեն առնչվող կամ, ավելի ճիշտ, երաշխավորության հետ բազմաթիվ կողմերով համընկնող ինստիտուտի՝ երաշխիքի մասին: Շատ հաճախ մարդիկ այս երկու ինստիտուտները շփոթում են:

Ի՞նչ է երաշխիքը և ի՞նչով է տարբերվում երաշխավորությունից: Այս հարցերին էլ հենց կփորձենք պատասխանել այս համարում:

Այսպես, երաշխիք տված անձը այլ անձի (որ կոչվում է պրինցիպալ) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում նրա պարտատիրոջ (որ կոչվում է բենեֆիցիար) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս: Օրենքը սահմանափակել է այն անձանց շրջանակը, որոնք կարող են երաշխիք տալ: Դրանք են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները և ապահովագրական ընկերությունները:

Ի տարբերություն երաշխավորության, երաշխիքի դեպքում գրեթե միշտ երաշխիքի դիմաց պարտապանը՝ պրինցիպալը, վարձատրում է այն տված անձին: Երաշխավորության դեպքում, որպես կանոն, երաշխավորի պատասխանատվությունն ընդգրկում է պարտապանի պարտավորության ամբողջ ծավալը, ներառյալ՝ տոկոսները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտատիրոջ՝ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած այլ վնասները, իսկ ահա երաշխիքի դեպքում երաշխիք տված անձը պատասխանատվություն է կրում երաշխիքում նշված գումարի չափով:

Ի տարբերություն երաշխավորության, երաշխիք տված անձի հանդեպ բենեֆիցիարին՝ պարտատիրոջը երաշխիքով պատկանող պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, չնայած երաշխիքով կարող է նախատեսվել նաև այլ իրավակարգավորում: Երաշխիք տված անձի` երաշխիքով բենեֆիցիարին վճարված գումարները հետադարձ կարգով պրինցիպալից պահանջելու իրավունքը սահմանվում է երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ: Մինչդեռ երաշխավորության դեպքում պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները՝ անկախ նման համաձայնության առկայությունից, պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելու փաստի ուժով:

Ե՞րբ է դադարում երաշխիքը: Բենեֆիցիարի առջև երաշխիք տված անձի երաշխիքով պարտավորությունը դադարում է`

- բենեֆիցիարին այն գումարը վճարելով, որով տրված է երաշխիքը.

- երաշխիքով որոշված ժամկետի ավարտով.

- բենեֆիցիարի կողմից երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքը երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով.

- բենեֆիցիարի կողմից երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքով, երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր դիմում տալու միջոցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: