Հայերեն   English   Русский  

​Ամառը քաղաքում


  
դիտումներ: 9298

Ամառը շատերի համար երանելի շրջան է: Շատերի, սակայն ոչ բոլորի: Իսկ ինչպե՞ս կարելի է պաշտպանվել շոգից առանց առողջությունը վնասելու:

Տաք օդն առաջին հերթին սիրտ-անոթային ու շնչառական հիվանդություններ ունեցողների վրա է ազդում: Դրա պատճառը, բարձր ջերմությունից բացի, մեծ քաղաքներում մթնոլորտային օդում վնասակար նյութերի խտությունն է, որն ընդհանրապես ամռանն աճում է: Ամենատարածված տհաճությունը ջերմային հարվածն է. չի կարելի այն անվնաս ու անհետևանք համարել, քանի որ դա կարող է թեթև թուլությունից մինչև ուղեղի այտուցի պատճառ դառնալ ու անգամ ավարտվել մահով:

Շոգը կարող է սրել ցանկացած հիվանդագին վիճակ: Խուսափեք նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Ցավն այն է, որ ջերմային հարվածի սպառնալիքը հետապնդում է թե՛ փողոցում՝ կիզիչ արևի տակ, թե՛ սեփական բնակարանի ու աշխատավայրի պատերի ներսում: Ուստի փորձեք խուսափել խեղդող, տոթ տարածքներից, որտեղ բազմություն է հավաքված:

Օրգանիզմը գերտաքացումից կարելի է պաշտպանել նաև սովորական խմելու ջրով: Քրտինքի հետ մեծ քանակությամբ հեղուկ է կորչում, որը պետք է լրացնել: Շոգին սովորական 1,5 լ ջրի փոխարեն նորմալ առողջ մարդուն մինչև 2 լ ջուր է պետք: Չմոռանանք, որ թեյն ու սուրճն այդ նպատակին հարմար չեն, քանի որ դրանցում պարունակվող կոֆեինն ու մյուս նյութերը միզամուղ ազդեցություն ունեն: Ուստի մեր խմած թեյն ու սուրճը չպիտի օրական 2 լ ջրի նորմի մաս կազմեն, էլ չասած քաղցր հյութերի մասին:

Եթե տունը զովացնելու համար օդափոխիչ եք կիրառում, ապա դրա առաջ սառույցով աման դրեք: Լուսամուտներին հաստ վարագույրներ, իսկ ապակիներին լուսանդրադարձնող թաղանթ փակցրեք, եթե հնարավոր է:

Անպայման պետք է մինչև աշուն հավաքել հատակի գորգերը: Դրանցից սենյակում տոթ է լինում:

Փորձեք հնարավորինս քիչ օգտվել գազօջախից:

Սովորական լամպերը փոխարինեք լուսադիոդայիններով. դրանք 80%-ով քիչ են ջերմություն արձակում:

Գլխապտույտը, գլխացավը, սրտխառնուքը գերտաքացում են նշանակում: Տուժածի մաշկը խոնավանում է, շնչառությունը մակերեսային է դառնում, սրտխփոցը՝ թույլ ու հաճախակի, դեմքը՝ գունատ: Նրան զով տեղ պետք է տեղափոխել ու աղաջուր տալ (մեկ բաժակին՝ մեկ քառորդ թեյի գդալ աղ), հյութ կամ գլյուկոզա պարունակող ըմպելիք:

Ջերմային հարվածի դեպքում տուժածի ջերմությունը կարող է միանգամից բարձրանալ մինչև 40 աստիճան, գլխապտույտ, սրտխառնուք ու անգամ գիտակցության կորուստ լինել:

Նման դեպքում պետք է անհապաղ բժիշկ կանչել, իսկ մինչ նրա գալը տուժածին ծածկել խոնավ սավանով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: