Հայերեն   English   Русский  

​Արեգակ. բարեկա՞մ, թշնամի՞


  
դիտումներ: 6956

Արևայրուքով մաշկը գեղեցիկ է իհարկե: Արևը չորացնում է պզուկները, կանխարգելում նեյրոդերմիտն ու փսորիազը:

Սակայն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մաշկը ծերանում է, մելանոմայի վտանգ է առաջանում (մաշկի քաղցկեղ), չի բացառվում, որ ֆոտոդերմատոզ առաջանա (ալերգիա արևից):

Պետք է պաշտպանել մարմնի բաց հատվածներն արևապաշտպան քսուքներով, ակնոցով, գլխարկով:

Մազերը

Կալցիֆերոլը՝ D վիտամինը, որի սինթեզմանն է նպաստում արևը, ճնշում, նվազեցնում է մազաթափությունը:

Սակայն, ինչպես և մաշկը, մազերը նույնպես տուժում են արևի ճառագայթներից: Ուլտրամանուշակագույնը քայքայում է մազերի ճարպային շերտը, մելանինի պիգմենտը և կերատին սպիտակուցը. դրանից մազերը խանձվում են, դառնում փխրուն, չոր ու գունաթափ:

Աչքերը

Արևը բարերար է ազդում աչքի ցանցաթաղանթի բջիջների ու տեսողական նյարդի վրա: Լուսային ալիքները (իմպուլսները) գրգռում են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջները՝ պաշտպանելով աչքերի առողջությունը, ակտիվացնում են նյութափոխանակությունը:

Սակայն արևի ճառագայթները կարող են կատարակտի զարգացմանը նպաստել:

Աչքերը պետք է պաշտպանել սև, մուգ շագանակագույն կամ էլ մոխրագույն ապակիներով ակնոցներով:

Մրսածություն

Ամռանը մրսածությունը հազվագյուտ երևույթ չէ: Սակայն առողջ մարդը չպետք է հազա կամ քիթը քաշի: Շոգին նման երևույթների հաճախադեպությունը վկայում է թույլ իմունիտետի կամ օրգանիզմում խոցելի տեղերի գոյության մասին: Եթե դա ձեր դեպքն է, ապա վիտամինային համալիրի օգնությամբ կարելի է ամրապնդել օրգանիզմը:

Թունավորում

Կեղտոտ ձեռքերը, վատ կամ բոլորովին չլվացված միրգը կարող են թունավորում առաջացնել:

Շոգին մաշկը քրտնում է, փոշի է նստում, ու մանրէները բազմանում են, ուստի պետք է հաճախակի լվացվել, իսկ եթե հեռու եք ջրի աղբյուրից, ապա խոնավ անձեռոցիկներ ունեցեք:

Ի դեպ, սառը ջրով բանջարեղենը ողողելը բավարար չէ: Անվտանգության համար մասնագետները խորհուրդ են տալիս դրանք լվանալ տաք ջրով:

Միջատներ

Եթե միջատ է խայթել, հատկապես տիզը, ապա վտանգ իսկապես կա. այդ մակաբույծները տարբեր հիվանդություններ են փոխանցում, այդ թվում ՝ էնցեֆալիտ: Իսկ դրանցից կարելի է պաշտպանվել հագուստով:

Մեղվի խայթոցը նույնպես կարող է հետևանքներ ունենալ, եթե ալերգիա ունեք, ու պարտադիր չէ, որ ալերգիան միջատների խայթոցից լինի: Միշտ ձեզ հետ ունեցեք ալերգիայի դեմ ձեր պաշտպանիչ միջոցները:

Իսկ եթե ալերգիա չունեք, ապա բավարար է խայթը հեռացնելն ու հիվանդ տեղի վրա սառույց դնելը: Սառը կանխում է թույնի տարածումը արյան հոսքով, վերացնում է ցավն ու այտուցը:

Ուշաթափություն

Եթե ձեր աչքի առջև ինչ-որ մեկն ուշաթափվել է, ապա նրան նստացրեք, հագուստի կոճակներն ու կապերն արձակեք, գլուխը հակեք ծնկներին:

Կամ կարելի է հիվանդին մեջքի վրա պառկեցնել, ոտքերը բարձրացնել 20-30 սմ: Ստուգեք՝ արդյոք վնասվածք չունի՞ ընկնելու հետևանքով:

Զգույշ եղեք, պաշտպանվեք արևի կիզիչ ճառագայթների ազդեցությունից: Թող ամառը միմիայն հանգստի ու հաճելի ժամանացի ժամանակաշրջան դառնա ձեզ համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: