Հայերեն   English   Русский  

Ապագա միշտ էլ կա. պարզապես մենք այն չենք տեսնում


  
դիտումներ: 16071

Պարադոքսալ ազգ ու երկիր ենք, այնքան, որ կարող ենք առանց մտածելու այս երկրի համար կյանք տալ, արյուն թափել, բայց հեշտությամբ թողնել ու հեռանալ:

Կարող ենք ասել` էս երկիրը մեզ պետք չի, բայց երբ հարևան ոչ բարեկամ ցեղերը ասում են` ձեզ պետք չէ` մեզ է պետք, տվեք մեզ, պատրաստ ենք խեղդել: Այնքան պարադոքսալ ենք, որ կարող ենք մեր երկրում օրական 5000 դրամով բանվորություն անելը պատվից ցածր համարել, բայց այլ երկրներում անհամեմատ ավելի ծանր ու վատ պայմաններով ապրել ու աշխատել:

Տարածված կարծիք է, չէ՞, որ Հայաստանում երիտասարդությունը հիմնականում աշխատանք, հետևաբար նաև՝ ապրուստի նվազագույն միջոցներ վաստակելու հնարավորություն չունի: Միգուցե նաև հենց այդպես էլ կա: Բայց նայած, թե էն գլխից ինչ տրամադրվածություն կամ կողմնորոշում ունես:

Վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում, լինելով հայրենի Սիսիանում, ուշադրությունս գրավեց մի հանգամանք, թե որքան շատ են «Կինոյի դեմ» ու «Կամարների մոտ», հրապարակի մերձակայքի նստարաններին ու մայթեզրերին պարապ-սարապ լռված երիտասարդները: Շատ -շատ: Նրանց մի մասն էլ պարապությունը խեղդում է կա՛մ թղթախաղով ու դոմինոյով, կա՛մ օղու ու մի թեթև «զակուսկու» գումար հայթայթելով ու օրն այդպես «ուրախ-զվարթ» անցկացնելով: Նրանց մեջ, իհարկե, քիչ չէին նաև հին ծանոթ-բարեկամները, մանկության ընկերներն ու պարզապես մարդիկ, որոնց ճանաչում եմ:

Ամեն անգամ այդպիսի «գերզբաղվածի» հանդիպելիս անպայման հետաքրքրվում եմ` ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում, աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, իսկ եթե չի աշխատում, ապա ինչո՞վ է ապրում: Ու մի հետաքրքիր օրինաչափություն է ի հայտ գալիս: Եթե չասենք բոլորը, ապա գոնե մեծ մասն իրոք աշխատանք չունի: Ավելին, անգամ սեփական փոքրիկ բոստաններում գործ չեն անում, սպասում են հարմար առիթի, որ դուրս գնան` հույսով, որ կկարողանան լավ գումար աշխատել ու բարեկեցիկ ապրել: Դե հետ գալու մասին խոսքուզրույց ընդհանրապես չկա: Մի խոսքով, որոշեցի տպավորություններս թղթին հանձնել՝ բոլորի անունները փոխելով (վերջիվերջո՝ ծանոթ-բարեկամ են, միգուցե իրենց անունները կարդալիս նեղանան):

Իմ զրուցակիցները հայրենի ու հարազատ Սիսիանում ապագա չեն տեսնում: Ճիշտ հասկանանք. ոչ թե ապագա չկա, այլ մարդիկ իրենց ապագան այստեղ` Հայաստանում, առավել ևս՝ Սիսիանում չեն տեսնում: Հին ծանոթներիցս մեկից հետաքրքրվում եմ` ինչ է անում, ինչով է զբաղված: Մարդն աշխատանք ունի, ինչ-որ ՀԷԿ-ում աշխատում է, բայց ասում է.

- Սպասում եմ՝ թղթերս ստացվեն, որ գնամ:

Հարցնում եմ` Ռուսաստա՞ն:

- Չէ, Ռուսաստանի համն էլ է արդեն դուրս եկել, Ամերիկա եմ գնալու` բարեկամներիս մոտ:

- Ինչո՞ւ է քեզ թվում, թե ամերիկաներում կյանքդ միանգամից լավ կդասավորվի, ո՛չ լեզու գիտես, ո՛չ մի կարգին մասնագիտություն ունես:

- Բարեկամներս եկել էին, երկու շաբաթ էլ չդիմացան Հայաստանում, ասում էին՝ էստեղ կյանք ու ապագա չկա:

Հակադարձում եմ.

- Գիտե՞ս, շատ ծանոթներ ունեմ, որ գնացել են Ամերիկա, Եվրոպա, բայց էնտեղ էլ ոչինչ չեն կարողացել անել, կա՛մ քոռուփոշման հետ են եկել, կա՛մ էլ հնար չեն գտնում, որ հետ գան:

- Գիտեմ, հարազատներս, որ եկել էին, 80-90-ականներից են ԱՄՆ-ում, նոր-նոր են կարգավորել իրենց կյանքը, գիտեմ, որ էնտեղ էլ է դժվար, բայց հաստատ էստեղից դժվար չէ:

Երբ զրուցակիցս հեռացավ, մանկության ընկերս, որ այդ ամբողջ ընթացքում կողքից լուռ հետևում էր մեր զրույցին, թեքվեց դեպի ինձ.

- Գիտե՞ս, որ Արամը գնա, ինչ-որ բան միգուցե ստացվի. նա էստեղ էլ պարապ չի մնում, անընդհատ աշխատում է, ինչ-որ բան է փորձում: Բայց այ շատերը, որ մայթերի քարերին թառած ախորժակով արևածաղիկ են չրթում,- գլխով ցույց է տալիս մայթին պպզած 3-4 երիտասարդի,- ախր ոչ մի գործ չեն անում: Էն օրն էլ մոտեցա, ասացի` շինարարության գործ կա՝ 5000 դրամ օրավարձով: Գործն էլ շատ ծանր չի՝ վարպետին պիտի ցեխ ու քար հասցնեք: Ոչ մեկը տեղից չշարժվեց. Ասում էին` շոգ է, էս շոգին շինարարություն անել կլինի՞... Բայց հետո էլ ինձնից սիգարետ էին ուզում: Ուրեմն սիգարետ խնդրելն ամոթ չի, էս արևի տակ մայթին թառելուց շոգ չի, բայց երբ պիտի աշխատեն, շոգ է: Իսկ երբ գնում են Ռուսաստան, դրանից շատ ավելի վատ ու ծանր գործեր են անում:

Մի քանի օր հետո հանդիպեցի մեկ այլ բարեկամի: Գործերը կարծես վատ չէին, բայց հաստատ որոշել է, որ պետք է գոնե մի կարճ ժամանակով Հայաստանից գնա ու Ռուսաստանում բախտը փորձի: Ասում եմ` ախր դու էլ հո նորմալ աշխատում ես, դո՞ւ ինչու ես որոշել գնալ: Ցույց է տալիս ճանապարհին կանգնած նոր «Նիվան»` ՌԴ պետհամարանիշով, ու ասում.

- Հարևանս է, սոված զկռտում էր, 3-4 տարի առաջ գնաց Ռուսաստան, դրանից հետո Սիսիանում տուն առավ, Երևանում տուն առավ, էս ավտոն էլ բերել է, որ թողնի հորն ու գնա: Ես քանի՞ տարում կկարողանամ էդքան բան հասցնել իմ էստեղի գործով:

Նրա այդ փաստարկին հակադրելու բան չգտա:

Մյուս զրուցակիցս, պարզվեց, աշխատում է, հող է մշակում, ձեռքի հետ պատահած գործեր անում, ընտանիքը կարողանում է պահել ու դժգոհ էլ չէ: Հարցրեց, թե ամսական ինչքան աշխատավարձ եմ ստանում: Ասացի, որ չեմ սիրում նման հարցերի պատասխանել: Ասում է.

- Ախպե՛ր, թող արի էստեղ, ես, մի հեկտար հող մշակելով՝ քեզանից ավելի շատ փող եմ աշխատում, չհաշված որ տարվա մի մասն էլ ազատ եմ, ինչ ուզեմ` կանեմ, ինչով ուզեմ` կզբաղվեմ:

Հարցնում եմ` իսկ ինքն ինչու չի ուզում գնալ ուրիշ երկիր: Մի քանի վայրկյան մտածելուց հետո ասում է` միգուցե ուրիշ տեղ ավելի շատ վաստակի ու միգուցե նաև ավելի լավ ապրի, բայց նաև ներկայացրեց իր հաշվարկները, թե որտեղից ինչքան գումար է վաստակում, ինչպես է ինքն իր գլխի տերը: Հարցնում եմ` իսկ որ հնարավոր է, ինչո՞ւ մնացածն էլ իր պես չեն աշխատում: Ուսերը թոթվում է.

- Չգիտեմ, բայց մի բան հաստատ գիտեմ` իմ էստեղ աշխատած 1000 դրամով կարողանում եմ ապրել էնպես, ինչպես ուրիշները ռուսաստաններում աշխատած 10 հազարով, կյանքը ռուսաստաններում, եվրոպաներում, ամերիկաներում թանկ է:

Փաստորեն, ճնշող մեծամասնությունը բացահայտ կամ թաքուն երազում է մեկնել մի որևէ լավ երկիր, որտեղ նորմալ կաշխատի ու կապրի: Ձեռքի հետ էլ անընդհատ կրկնում է, թե էս երկրում ապագա չկա, էստեղից հեռանալ է պետք: Բայց կրկնենք՝ այնպես չէ, որ ապագա չկա, ուղղակի մենք այստեղ մեր ապագան չենք տեսնում: Արդարության համար էլ ասենք՝ իհարկե, այնպես չէ, որ պայծառ ու վարդագույն ապագան շողշողում է, մենք էլ համառորեն չենք ուզում տեսնել: Բայց և այնպես սա սուբյեկտիվ երևույթ է. ուզես` կտեսնես, չուզես` աչքդ էլ խոթեն՝ չես տեսնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: