Հայերեն   English   Русский  

​Հասմիկ Ստեփանյան. թուրքագետի հաջողության պատմությունը


  
դիտումներ: 23078

​Հասմիկ Ստեփանյանը եղբոր՝ Արմեն Տեր-Ստեփանյանի հետ

Թուրքագետ դառնալու մասին չէր երազում, սակայն մասնագիտությունն ընտրելուց հետո հաջողությունն այլընտրանք չուներ։

Կյանքիդ յուրաքանչյուր օրը պետք է այնպես ապրես, որ երեկոյան գլուխդ հանգիստ, առանց խղճի խայթի կարողանաս բարձին դնել. այս կարգախոսով է առաջնորդվում պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Հասմիկ Ստեփանյանը։

Մտավորականների ընտանիքում ծնված աղջնակի մասնագիտական ուղին ի սկզբանե կանխորոշված էր. նրա հորեղբայրը՝ հայտնի թատերագետ Գառնիկ Ստեփանյանը, հաճախ էր կրկնում, որ իրենց ողջ ընտանիքը պետք է ծառայի արևմտահայ մշակույթին։

«Ես երազում էի դիվանագետ դառնալու մասին։ Այն ժամանակ առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրում էին «Սովետական Միության դեսպանը» ֆիլմը։ Նաև ուզում էի միջազգային իրավունքով զբաղվել։ Բայց այդ մասնագիտություններով բուհ ընդունվել չէի կարող, որովհետև պահանջվող մասնագիտական ստաժը չունեի և առանձին ֆակուլտետ էլ չկար»,- պատմում է Ստեփանյանը։

Եվ երբ գալիս է մասնագիտություն ընտրելու պահը, հորեղբայրն ասում է. «Մեր ընտանիքի դրվածքն այնպիսին է, որ մենք պետք է ծառայենք արևմտահայ մշակույթին։ Դու պետք է զբաղվես հայատառ թուրքերենով»։

«Եթե ես լինեի իմ հորեղբայրը, շատ կխղճայի այդ փոքր աղջկան ու նման ծանր բեռ նրա ուսերին չէի դնի, որովհետև դա գրեթե չուսումնասիրված բնագավառ էր, կորստյան մատնված հսկա ասպարեզ, որը պետք էր փրկել։ Դա մեկ մարդու գործ չէր ու հիմա էլ չէ»,- ասում է Ստեփանյանը։

Հաջողության գրավականը

Չնայած թուրքագետ դառնալու մասին չէր երազել, մասնագիտության ընտրությանը և իր ուսերին դրված պատասխանատվությանը լուրջ է մոտենում: Գերազանց գնահատականներով ընդունվում է ԵՊՀ և ավարտում։ Ավարտելուց անմիջապես հետո ընդունվում է աշխատանքի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում։ Եվ քանի որ, իր իսկ բնորոշմամբ, ազնիվ ու պատասխանատու էր աշխատանքում՝ հաջողության հասնելն այլընտրանք չուներ։

Ստեփանյանը պատմում է, որ Արևելագիտության ինստիտուտի բացառիկ գիտական միջավայրը մեծ ազդեցություն է ունենում իր՝ երիտասարդ մասնագետի՝ որպես գիտնական կայանալու հարցում։ «Երիտասարդ գիտնականների կոնֆերանսներ շատ էինք ունենում։ Համաշխարհային մասշտաբի հեղինակավոր հյուր գիտնականները համբերատար նստում ու մեզ էին լսում»,- պատմում է նա։ Ստեփանյանը նաև հիշում է, որ Մոսկվայում՝ երիտասարդ գիտնականների համամիութենական կոնֆերանսներում, թուրքագիտության ոլորտի մասնագետները մեծ մասամբ ադրբեջանցիներ էին, որոնք հայերին տանել չէին կարողանում։ «Ձեռքներին դանակ ունենային՝ մեզ կսպանեին։ Այ այդպիսի տրամադրվածություն էր։ Եվ նման մթնոլորտում մեր ամեն խոսքը վեճերի տեղիք էր տալիս»,- ասում է Ստեփանյանը՝ հիշելով, թե ինչպիսի մեծ վեճ ու իրարանցում է առաջացրել իր պնդումն այն մասին, որ Օսմանյան կայսրությունում թատրոնի հիմքը դրել են հայկական թատերախմբերը։ Նման մթնոլորտում հայ թուրքագետները մանրակրկիտ պատրաստվում էին ու իրենց ամեն պնդման համար բազմաթիվ հիմնավորումներ պատրաստում, ինչն էլ իր հերթին նպաստում է մասնագիտական որակների ձևավորմանը։

Սկզբում թեկնածուական թեզի համար Ստեփանյանին տրվում է հայատառ թուրքերենով տպագրված պարբերականներից մեկը՝ «Մանզումէի Էֆքեարը»։ «Մատենադարանում, Ազգային գրադարանում նստած՝ օրերով կարդում էի հին թերթերը։ Անգամ ձեռքերս այդ բակտերիաներից հիվանդացել էին, ոչինչ չէր օգնում»,- հիշում է նա։ Գիտական ղեկավարի ուղղորդմամբ 120 էջ ատենախոսությունը գրելուց հետո հանկարծ հասկանում է, որ ընտրված թեման չափազանց նեղ է։ «Հիմա ավելի նեղ թեմաներով էլ են պաշտպանում։ Բայց այն ժամանակ մտածում էի, որ իմ ատենախոսությունը մի մեծ թեմայի փոքր գլուխը կարող է լինի՝ հիմք ծառայելով հետագա ուսումնասիրությունների համար»,- ասում է նա՝ ներկայացնելով, թե ինչպես է իր ատենախոսության համար որպես թեմա ընտրել հայատառ թուրքերենով հսկայածավալ գրականությունը։

Հորեղբայրը, որ մինչ այդ խրախուսում էր հայատառ թուրքերենի ուսումնասիրությունը, ատենախոսության թեմային տեղեկանալիս զարմուհուն համոզում է հետ կանգնել։ «Ասում էր, որ դա դոկտորականի աշխատանք է՝ դժվար ու ծավալուն՝ անհարիր նազուկ մի աղջնակի համար։ Ինչ-որ առումով ճիշտ էր։ Բայց ես անդրդվելի էի»,- պատմում է Ստեփանյանը։ Երբ ատենախոսությունն, ըստ կարգի, մինչ պաշտպանությունն ուղարկում են խորհրդային մյուս հանրապետություններ գրախոսություններ, կարծիքներ ստանալու համար, ամեն տեղից դրական արձագանք է գալիս։ Մոսկվայի հայտնի գիտնականներից մեկն անգամ իր ուղարկած կարծիքում առաջարկում էր միանգամից դոկտորի գիտական աստիճան շնորհել դիսերտանտին։

Մոսկվայից եկած գայթակղիչ կարծիքի մասին Ստեփանյանը համեստորեն լռում է՝ այդ մասին չիրազեկելով անգամ գիտական խորհրդին։ Դոկտորական ատենախոսությունը նա պաշտպանում է հետագայում։

Երազանքի իրականացումը

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Ստեփանյանն իր վաղեմի երազանքը կյանքի կոչելու հնարավորություն է ստանում։ Նա նախ աշխատում է ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում, ապա աշխատանքի անցնում ՄԱԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչությունում, Շվեյցարիայում ՀՀ դեսպանատանը, ինչպես նաև կատարում է հյուպատոսի պարտականությունները Շվեյցարիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ «Տաժանակիր աշխատանք էր, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մեր դեսպանը հայերեն գրել-կարդալ չգիտեր»,- հիշում է նա։

«Հետաքրքիր էր ջանք ու եռանդ չխնայել ու բոլորին ուղղորդել դեպի Հայաստան»,- ասում է Ստեփանյանը։ Հիշում է, թե ինչպես էր Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալել ցանկացողների համար կանգառում, աշխատանքից հետո թարգմանում մաքսային գրագրությունները։

«Մեծագույն հոգեկան բավարարվածություն էիր ունենում, որ երկրիդ համար ինչ-որ բան կարողացար անել»,- ասում է նա։

Պատմում է, որ Ժնևի հայկական եկեղեցու ներքնահարկում գտնվող ներկայացուցչություն հասնելը բարդ էր. մի քանի տրանսպորտ էր փոխում։ Երբեմն պատահում էր, որ եկեղեցու ուղղությամբ ընթացող մասնավոր մեքենաներով էր տեղ հասնում՝ արդյունքում նոր ծանոթություններ հաստատելով, դարձնելով այդ մարդկանց Հայաստանի բարեկամներ։

Պատմում է, որ ՄԱԿ-ում շատերի հետ այնքան ջերմ հարաբերություններ կային, որ օրինակ՝ Սիրիայի, Հունաստանի և այլ երկրների ներկայացուցիչները պարբերաբար մոտենում ու հարցնում էին, թե կան արդյոք Հայաստանին հուզող խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել։

Ստեփանյանը, անդրադառնալով վերջերս ԵԽԽՎ-ում Հայաստանին հուզող թեմաներով հայ պատվիրակների ելույթներին, ասում է, որ դա դիվանագիտական ձախողում է։ «Դա նշանակում է՝ ինչքան շրջապատ ու հարգանք չունենք, որ չենք կարողացել մի երկու հոգու համոզել, որ ասեն այն, ինչ պետք է։ Մեզանից մեկ մարդ պետք է ելույթ ունենար, մնացածը պետք է ասեին այլ երկրների մեր գործընկերները։ Սա խեղճություն է, որն աններելի է ու դուրս է դիվանագիտական մշակույթից»,- ասում է նա։

Ստեփանյանը հիշեցնում է, որ դիվանագետի աշխատանքը չի սկսվում ու ավարտվում աշխատանքային օրվա հետ. օրնիբուն պետք է աշխատես ու երկրիդ համար օգտակար հարաբերություններ կառուցես։

Ոլորտի միակ մասնագետը

Այնպես է ստացվել, որ Հասմիկ Ստեփանյանը թե՛ այն ժամանակ, և թե՛ ներկայում հայատառ թուրքերենով զբաղվող միակ մասնագետն է։ Ասում է, որ մեր մշակույթի մի մեծ շերտ կորստյան է մատնված ու առնվազն մեկ տասնյակ մասնագետներ են հարկավոր ողջ մշակութային հարստությունն ուսումնասիրելու և հանրայնացնելու համար։ Պատմում է, որ ԵՊՀ-ում և Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում դասավանդելու տարիներին հույս ուներ, որ իր ուսանողներից մի քանիսն իր ուղին կընտրեն, կդառնան իր գործի շարունակողը։ Անգամ այլ բաժիններից էին գալիս Ստեփանյանի դասախոսությունները լսելու, սակայն ուսանողներից ոչ ոք գիտության ոլորտում չի մնում. չնայած հետաքրքրվածությանը, ընտանիքի առօրյա ֆինանսական կարիքները հոգալու համար ստիպված են այլ ոլորտում աշխատանքի անցնել։

Ստեփանյանը կարծում է, որ ինստիտուտի ղեկավարությանն էլ չի հաջողվում շարունակել մշակութային այդ շերտի ուսումնասիրությունը և պահպանությունը, ինչի պատճառով էլ այդ ոլորտից ասպիրանտական թեմաներ չեն հաստատվում։

«Ներկայում մեծ մասամբ այնպիսի մարդիկ են պաշտպանում, որոնց այդ աստիճանը պետք է ընդամենը պաշտոնի նշանակվելու համար։ Իհարկե, թուրքագիտության բաժնում լավ մասնագետներ կան, բայց նրանք էլ ավելի շատ նորագույն շրջանով, քաղաքական հարցերով են զբաղվում։ Գրականության, պատմության խնդիրներով զբաղվողներ չկան։ Դա նաև ինստիտուտի ղեկավարության վարած քաղաքականության հետևանք է»,- ասում է նա։

Նշում է, որ շատ է ուրախացել, երբ տեղեկացել է, որ Մատենադարանում մի երիտասարդ գիտաշխատող զբաղվում է հայատառ ղպչաղերենով, որը հայատառ թուրքերենին նախորդած փուլն է։ «Իհարկե, այդ ոլորտում էլ շատ մեծ անելիք կա։ Այդ մի մասնագետն ամեն ինչ անել չի կարող։ Բայց էլի լավ է, որ գոնե այդ հարցերով զբաղվող կա»,- ասում է Ստեփանյանը։ Նա նշում է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ հետաքրքրություն չկա հայատառ թուրքերենի նկատմամբ, Թուրքիայում ճիշտ հակառակ պատկերն է. տասնյակ մասնագետներ են պատրաստում։ Նրանց նպատակը, սակայն, ուսումնասիրելուց բացի, այդ մշակույթը յուրացնելը՝ թուրքացնելն է։

Ասում է, որ թուրքերի կողմից հայկական մշակութային այդ հսկայական շերտի յուրացումը կանխելու միակ տարբերակը նրանցից ավելի շուտ ուսումնասիրելն ու հանրայնացնելն է։ Սակայն դրա համար ո՛չ բավարար թվով մասնագետներ ունենք, ո՛չ էլ միջոցներ։

Որպես օրինակ նշում է, որ ավարտել է պոլսահայ հայտնի մատենագետ Գևորգ Փամբուկչյանի մասին աշխատությունը։ Թեև նրա մասին Հայաստանում քչերը գիտեն, սակայն նա հայտնի գիտնական է եղել, լատինատառ թուքերենի է վերածել հայատառ թուքերենով առկա մատենագիտական շատ աշխատությունները։ Նրա մահից հետո թուրքերը Փամբուկչյանի աշխատությունների քառահատորյակ են հրատարակել։ Սակայն Փամբուկչյանի մասին առաջին հայերեն գիրքը դեռ չի տպագրվել և տպագրության հարցն էլ հարցական է, ֆինանսական միջոցներ չկան։

Հասմիկ Ստեփանյանը հեղինակ է տասնյակ մենագրությունների, բազմաթիվ հոդվածների։ Իր աշխատություններից նա առավել կարևորում է Ստամբուլում տպագրված քառալեզու Հայատառ թուրքերեն գրքերի և պարբերական մամուլի, ապա նաև՝ Մատենադարանի և Ս. Էջմիածնի հայատառ թուրքերեն ձեռագրերի մատենագիտական ցուցակները, հայատառ թուրքերեն գրականության մասին հայերենով ու ֆրանսերենով գրքերը, 2011թ. ՀՀ նախագահի մրցանակի արժանացած «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» հսկայածավալ ուսումնասիրությունը, որը թարգմանվել է ռուսերեն, թուրքերեն, իսկ անգլերենի համար հովանավոր այդպես էլ չի գտնվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: