Հայերեն   English   Русский  

​Արթուր Ավետիսյան. «Ցանկանում եմ մասնակցել օլիմպիական խաղերին»


  
դիտումներ: 7296

Հուլիսի 10-15-ը Բաթումիում անցկացվեց մարմնամարզության ԽՍՀՄ և աշխարհի չեմպիոն Ռուսուդան Սիխարուլիձեի անվան ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին մարզիկներ 12 երկրներից:

Գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացրին 7 մարզիկ և 2 մարզուհի: Մեր մարզիկները լիովին արդարացրին սպասելիքները և մրցանակների հարուստ ավարով վերադարձան հայրենիք՝ 7 ոսկե, 2-ական արծաթե և բրոնզե մեդալ:

Տղամարդկանց թիմային բազմամարտում Հայաստանի հավաքականը 153,665 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Մեծահասակների մրցապայքարին մասնակցեց միայն Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արթուր Ավետիսյանը՝ օղակներով վարժությունում նվաճելով ոսկե մեդալ: «Անկախի» հետ զրույցում երիտասարդ մարզիկը հայտնում է իր տպավորությունները՝ նշելով, որ միջազգային մրցափորձն օգնում է հաղթահարելու լարվածությունը և ավելի վստահ հանդես գալու մրցումների ընթացքում:

- Շնորհավորում ենք Ձեզ ոսկե մեդալին արժանանալու առիթով: Մեծահասակների օղակներով մրցումներում, վաստակելով 14,350 միավոր, 1-ին մրցանակը կիսեցիք ռուսաստանցի Իլյա Կիբարտասի հետ:

- Շատ շնորհակալ եմ: Լավ նախապատրաստված և բարձր տրամադրությամբ էի մեկնել մրցավայր: Ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ էի մրցմանը: Հրաշալի կազմակերպված մրցաշար էր: Բարձրակարգ մարզիկներ էին մասնակցում, մրցակցությունն այդ առումով լարված էր: Ուրախ եմ, որ կարողացա իմ առջև դրված առաջադրանքը կատարել, մարզիչների սպասումներն արդարացնել ու հաջող հանդես գալ՝ արժանանալով ոսկե մեդալի:

- Երտասարդ մարմնամարզիկները ևս շատ հաջող հանդես եկան: Տղամարդկանց թիմային բազմամարտում մեր հավաքականը 3-րդ տեղը զբաղեցրեց:

- Բավական մեծ թիմով մասնակցեցինք գավաթի խաղարկությանը: Միայն ես էի մեծահասակների մրցապայքարին մասնակցում: Այդ առումով շատ կարևոր էր լինել պատանիների կողքին, հոգեպես աջակցել և ճիշտ խորհուրդներ տալ նրանց: Ուրախ եմ, որ թիմակիցներս նույնպես հաջող ելույթներ ունեցան և թիմային հաշվարկով բրոնզե մեդալ նվաճեցինք:

- Ո՞ր տարիքից եք սկսել զբաղվել մարմնամարզությամբ: Օղակներով մրցաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- 7 տարեկանից հաճախել եմ մարզադպրոց: Այդ տարիքում ավելի հաճախ ծնողն է ընտրում երեխայի փոխարեն, սակայն ինձ դուր եկավ մարզաձևը: 5 ամիս անց մասնակցեցի առաջին մրցմանը և 3-րդ տեղը գրավեցի: Սկսնակի համար բավական լավ ցուցանիշ էր: Ընթացքում սկսեցի ավելի բարձր արդյունքներ գրանցել: Հասկացա, որ կարող եմ այդ մարզաձևում հաջողությունների հասնել:

Սկզբնական շրջանում մարզվում էի Արտակ Սարգսյանի, այնուհետև՝ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Նրանց կարծիքն ու խորհուրդներն ինձ համար շատ կարևոր են:

Գործիքի ընտրությունը միանգամից չի կատարվում: Մարզումների ընթացքում հասկացա, որ օղակներով ավելի լավ եմ աշխատում: Հաշվի են առնվում ֆիզիկական տվյալները, ցույց տված արդյունքներն ու մարզիչների որոշումը: Նշեմ, որ մյուս գործիքներով նույնպես աշխատում եմ:

- Մարմնամարզությունը բարդ մարզաձև է: Հաղթողները որոշվում են միավորների աննշան տարբերությամբ: Հոգեբանական լարվածությունն ինչպե՞ս եք հաղթահարում:

- Լարվածությունից լրիվ հնարավոր չէ ձերբազատվել: Սակայն շատ հաճախ ավելորդ լարվածությունը կարող է խանգարել: Տարիների ու ամիսների աշխատանքն այդ դեպքում ապարդյուն կլինի: Պարզապես պետք է կառավարել հույզերը՝ վարժությունը ճիշտ կատարելու և չսխալվելու համար: Արդեն 13 տարի է, ինչ այս ոլորտում եմ: Տարիների ընթացքում չլարվելու, կենտրոնանալու և վարժությունը հնարավորինս անսխալ կատարելու փորձ եմ ձեռք բերել: Կարևոր է, որ մարզիկները ավելի շատ մրցումների մասնակցեն, որպեսզի սեփական ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերեն: Երբ լավ արդյունք ես գրանցում, հաջորդ մրցումներին ավելի վստահ ու համարձակ ես մասնակցում:

- Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը, և ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

- Սպորտը կյանքիս անբաժանելի մասն է: Ամենօրյա մարզումները կյանքիս ամենակարևոր բաղկացուցիչն են: Սպորտն իմ ներկան է ու ապագան: Ունեմ նպատակներ, որոնք պետք է իրագործեմ՝ մեծ նվիրումով, քրտնաջան աշխատանքով և քայլ առ քայլ առաջ շարժվելով:

Հաջողության հասնելու համար հարկավոր է կամքի ուժ և համբերություն: Միանգամից ոչինչ չի տրվում: Եթե կա նպատակ՝ պետք է ամեն գնով առաջ շարժվել: Դժվարությունները շատ են: Անհրաժեշտ է մշտապես ուժ գտնել դրանք հաղթահարելու համար: Ինչ-որ բանի հասնելիս երբեմն հարկավոր է նաև հրաժարվել նախասիրություններից ու առօրյա հետաքրքրություններից:

Մի շարք մրցաշարերի եմ մասնակցել և հաղթողի կոչումը նվաճել: Սակայն յուրաքանչյուր մարզիկի, ինչպես նաև իմ երազանքն է մասնակցել օլիմպիական խաղերին և հաղթող ճանաչվել: Ցանկանում եմ ամեն գնով իրականացնել երազանքս:

- Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ ներկայացնում եք երկիրը միջազգային ասպարեզում: Կարծեմ միաժամանակ Ազգային բանակի սպորտային վաշտում զինվորական ծառայություն եք անցնում:

- Մեծ պատիվ, ինչպես նաև պատասխանատվություն է ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: Երբ հաղթում ես՝ գիտակցում ես, որ պիտանի ու կարևոր գործ ես կատարել երկրիդ համար: Ոգևորվում ես, երբ հաղթանակովդ ուրախանում են հայրենակիցներդ: Այդ պարագայում հաղթանակը ոչ միայն քոնն է, այլև ողջ ազգինը: Այդ ամենը թևեր է տալիս դժվարությունները հաղթահարելու, վստահ առաջ շարժվելու և նորանոր հաղթանակներ կերտելու համար:

Հպարտ եմ, որ ծառայելու և զինվորական համազգեստը կրելու պատիվ ունեմ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ միաժամանակ շարունակելու մարզումներս և երկրիս պատիվը բարձր պահելու միջազգային ասպարեզում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: