Հայերեն   English   Русский  

​Սեղանի թենիսիստների ելույթները հուսադրող չեն


  
դիտումներ: 734

Պորտուգալիայում հուլիսի 14-23-ը կայացավ սեղանի թենիսի Եվրոպայի պատանեկան 60-րդ առաջնությունը՝ կադետների մինչև 16 տարեկանների և պատանիների ՝ մինչև 19 տարեկանների խմբերում:

Հայաստանն այս ստուգատեսին ներկայացնում էին մինչև 16 տարեկան տղաների և մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականները:

Թիմային պայքարում Ավետ Վասիլյան և Մելքոն Հովհաննիսյան զույգը խմբային փուլում, Հունաստանի ու Բելառուսի ընտրանիներին 1:3 հաշվով զիջելուց հետո, 0:3 հաշվով պարտվեց նաև Հոլանդիայի հավաքականին: Այնուհետև խմբերի անհաջողակների պայքարում հաղթեց նախ Սան Մարինոյի (3:2),ապա Մալթայի (3:0) ընտրանիներին: 2 հաղթանակից հետո մեր ընտրանին 2:3 հաշվով պարտվեց Բուլղարիայի հավաքականին: 32-34-րդ տեղերի համար պայքարում տղաներն անհաջող խաղացին և պարտվեցին Էստոնիայի (1:3) ու Սերբիայի (0:3) հավաքականներին: 39 թիմերի պայքարում մեր ընտրանին զբաղեցրեց 34-րդ հորիզոնականը:

Աղջիկների մինչև 19 տարեկանների հավաքականը (Դիանա Խոջագորյան, Մերի Հովհաննիսյան,Արմինե Պետրոսյան կազմով) 34 թիմերի պայքարում զբաղեցրեց 32-րդ հորիզոնականը: Մեր թենիսիստուհիներին հաջողվեց հաղթել և իրենցից ետ թողնել միայն Շոտլանդիայի (3:1) և Լատվիայի (3:0) հավաքականներին: 31-32-րդ տեղերի համար պայքարում աղջիկները 0:3 հաշվով պարտվեցին Կիպրոսի մարզուհիներին:

Անհատական մրցումներում մեր պատվիրակների ելույթները շատ ավելի համեստ էին:

Ռուսաստանի՝ մինչև 16 տարեկան աղջիկների ընտրանու կազմում հանդես եկող Էլիզաբեթ Աբրահամյանը թիմային և անհատական պայքարում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով 2 ոսկե մեդալ:

Հայուհին աղջիկների զուգախաղում, ընկերակցելով իր համերկրացի Եկատերինա Զիրոնովային, արժանացավ ևս մեկ պարգևի՝ բրոնզե մեդալի:

Նշենք, որ Էլիզաբեթն ն իր առաջին քայլերը Հայաստանում է կատարել՝ մարզիչ Արշակ Ղարիբյանի ղեկավարությամբ: Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք և սկսել հանդես գալ ՌԴ ընտրանու կազմում: Էլիզաբեթի հաջող ելույթներում իր ներդրումն ունի ՀՀ երբեմնի լավագույն թենիսիստներից մեկը՝ Դավիթ Սարգսյանը, ով այժմ կանանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է, և միաժամանակ համակարգում է բոլոր տարիքային խմբերի աղջիկների հավաքականների աշխատանքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: