Հայերեն   English   Русский  

​Անկեղծ սրտացավությունն ամենակարևորն է. բժիշկ բիզնեսմենի հաջողության բաղադրատոմսը


  
դիտումներ: 13056

Իհարկե, չի կարելի առողջապահության համակարգից բացառել սոցիալական բաղադրիչը, բայց բուժծառայությունները նաև բավականին լավ բիզնես տրամաբանություն ունեն:

Եվ որակյալ բուժսպասարկում, որակյալ ծառայություններ մատուցելը հաջողակ բիզնեսի գրավական են: Այս առումով ուսանելի է «Փայլ-դենտ» ստոմատոլոգիական կլինիկայի փորձը: Այս կլինիկայի հիմնադիր տնօրեն Արմեն Գալստյանն ակտիվորեն ուսումնասիրում ու կիրառում է մարքեթինգի, բիզնեսի վարման գործիքներ, ծառայություններ մատուցելու և այդ ամենը բիզնես հիմքերի վրա դնելու մոտեցումներ:

«Փայլ-դենտը» հիմնադրվել է 2005 թ.: Մինչ այդ՝ շուրջ 13 տարի, նրա հիմնադիր տնօրեն Արմեն Գալստյանը բնակվում և աշխատում էր Հունաստանում: «Բայց որոշեցի վերադառնալ Հայաստան և իմ սիրելի երկրում ինչ-որ լավ բան ստեղծել, ծառայել իմ ժողովրդին, ստեղծել աշխատատեղեր: 13 տարի Հունաստանում գտնվելով՝ չէի ուզում թեկուզ 13 օր ավելի մնալ, չնայած Հունաստանը սիրեցի մի այլ սիրով: Եկանք Երևան, ու որոշեցի հիմնադրել «Փայլ-դենտ» ատամնաբուժական կլինիկան: Չնայած Հայաստանում բիզնեսը շատ դժվար է առաջ գնում, բայց կամաց-կամաց, փառք Աստծո, հասանք որոշ հաջողությունների: Կլինիկան հիմնադրեցի, քանի որ ես էլ էի մասնագիտությամբ ատամնաբույժ, քույրս էլ, փեսաս էլ՝ նեղ ընտանեկան բիզնես էր: Որոշեցինք, որ եթե պետք է գնանք ուրիշների կլինիկաներում աշխատենք, ավելի լավ է՝ հիմնենք մերը որպես ընտանեկան բիզնես: Այդքան տարի օտարության մեջ գտնվելով՝ հասկացա, որ եթե խոսքը վերաբերում է բիզնեսին, ապա չպետք է եռանդ խնայես, ոչ էլ վախենաս ներդրումներից: Պետք է գիշեր-ցերեկ աշխատես, անկախ ամեն ինչից: Եթե լինես աշխատասեր, չվախենաս ներդրումներից՝ հաստատ կհասնես հաջողությունների»,- «Անկախի» հետ զրույցում պատմեց «Փայլ-դենտի» հիմնադիր տնօրեն Արմեն Գալստյանը:

Այդպես սկսեց գործել «Փայլ-դենտը», որտեղ սկզբում աշխատում էին 7 հոգի, իսկ հիմա արդեն այդ թիվը կրկնապատկվել է: Արմեն Գալստյանը նշում է, որ շատ, շատ դժվար էր այս գործը սկսելու որոշումը կայացնելը, քանի որ երբ դեռ Հունաստանում էր ու ասում էր, որ այդպիսի բան է մտածել, բոլորն ասում էին՝ չգիտես՝ ուր ես գնում, շատ կփոշմանես:

«Միանգամից ասեմ, որ ընդհանրապես չեմ փոշմանել, որովհետև գիտեմ՝ ուր եմ եկել, ու շատ ուրախ եմ, որ իմ երկրում եմ գտնվում, աշխատում, իմ ժողովրդին եմ ծառայում: Թեկուզ շատ չնչին ներդրումով, թեկուզ մի քանի լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելով, իմ ասպարեզում պիտանի լինելով՝ նպաստում եմ այս երկրի զարգացմանը»,- շեշտում է «Փայլ-դենտի» հիմնադիրը:

Նա ցանկացած բիզնեսում և հատկապես ծառայությունների ու բուժծառայությունների ոլորտում ամենից շատ կարևորում է սրտացավությունը՝ հախաճորդի հանդեպ սրտացավ վերաբերմունքը, ու այս առումով ցավով արձանագրում է, որ Հայաստանում անկեղծ սրտացավությունդ ցույց տալը շատ դժվար է: «Հայաստանում շատ էին խաբում, ուստի մարդիկ հաճախ մեզ չէին վստահում: Օրինակ, երբ հերթական զեղչն ենք անում, մարդիկ ասում են՝ այդքան անորա՞կ են ձեր ծառայությունները, որ այդքան զեղչ եք անում: Իհարկե ոչ, ես փորձել եմ ամենաթանկ, ամենաորակյալ նյութերը, գործիքները ձեռք բերել ու ձեռք եմ բերել, չնայած որակյալը գտնելը դժվար էր: Խնդիր է, որ հաճախորդը քո սրտացավությունը հասկանա, գիտակցի, որ ես նայում եմ ոչ թե իր գրպանին, այլ աչքերին, ինձ չի հետաքրքրում այլ բան: Բայց մեր ժողովուրդը փակ է, չի հավատում, չի վստահում, որ դիմացինը կարող է պարզապես սրտացավ լինել իր նկատմամբ: Ես միշտ մտածել եմ՝ այն սպասարկումը, որ կուզեի ստանալ, նույն ձևով պետք է ես սպասարկեմ: Դա կարևոր է: Կարևոր հատկանիշներից է աշխատասիրությունը, գործին նվիրվածությունը և ներդրումներից չվախենալը»,- նշում է Արմեն Գալստյանը ու հավելում, որ ինքն ամեն օր աշխատում է առավոտյան ժամը 6-ից մինչև գիշերվա ժամը 24-ն ու չի հոգնում, և երբ հարցնում են, թե ինչպես է այդքան աշխատում առանց հոգնելու, միշտ պատասխանում է՝ չի հոգնում, քանի որ ինչ անում է, սիրով է անում, իսկ ադ դեպքում չես հոգնում:

Բիզնեսում հաջողության հասնելու «բանաձևն» էլ ունի Արմեն Գալստյանը՝ լինել անկեղծ ու հավատալ այն ամենին, ինչ անում ես: Եթե չհավատաս, ինչպե՞ս կարող ես ուրիշներին համոզել, որ քեզ կամ քո գործին հավատան:

«Հայերս մի սխալ միտում ունենք՝ մտածում ենք, թե ինչպես ոչինչ չանենք, բայց հարստանանք: Այդպես չի լինում, եթե չանես, ինչպե՞ս կարող ես հարստանալ: Ռիսկի գործոններ, իհարկե, միշտ էլ կան: Բայց եթե գրագետ հաշվարկներ անես, ռիսկային գործոնները նվազագույնի կարող ես հասցնել: Ըստ իս, ցանկացած բիզնես ունի երեք կարևոր սկզբունք՝ առաջին՝ ոչ թե ինչ ես անում, այլ որտեղ ես անում, երկրորդ՝ ոչ թե ինչ ես անում, այլ որտեղ ես անում և երրորդ՝ ոչ թե ինչ ես անում, այլ որտեղ ես անում: Տարածքը շատ մեծ կապ ունի. 100 մետր աջ կամ ձախը կարող է օգնել կամ հակառակը՝ խանգարել քեզ հաջողության հասնելու հարցում»,- շեշտում է Արմեն Գալստյանը, իսկ այն դիտարկմանը, թե տարածված կարծիքի համաձայն՝ Հայաստանում առանց հովանավորի, ազդեցիկ բարեկամ-խնամի-ծանոթների, առանց մեծ փողերի հնարավոր չէ ինչ-որ բան սկսել ու հաջողել, պատասխանում է՝ ելնելով սեփական փորձից. «Ոչ մի քեռի չունեմ, ոչ մի բարեկամ չունեմ, որ ինձ հովանավորի: Օրենքները, ստանդարտները, պահանջները բավարարելով՝ սկսել ու մինչ օրս էլ նորմալ աշխատում եմ: Փառք Աստծո, մինչ օրս նման խնդիր չեմ ունեցել, ոչ մեկն էլ թարս չի նայել իմ ուղղությամբ կամ չի ասել, այսինչ հարցը պետք է այսպես լուծվի, որ այսպես լինի, կամ այնպես չլինի: Ես նման խնդիրներ չեմ ունեցել:

Հայաստանում բիզնեսները լավ էլ աշխատում են: Հենց հիմա նորից Հունաստան գնալ աշխատելու հնարավորություն կա, բայց ես չեմ ուզում գնալ, որովհետև Հայաստանում ոչ միայն լավ եմ զգում, այլև այստեղ աճելու, զարգանալու ավելի շատ հնարավորություններ կան: Ու բիզնեսի տեսանկյունից ինչքան հում, այնքան ավելի լավ, մենք առաջինը կարող ենք բացահայտել չբացահայտված հնարավորությունները: Հայաստանում առաջինը ես էի, որ ասացի՝ ես ատամնաբուժական ծառայությանը տալիս եմ 5 տարվա երաշխիք: Բոլորը զարմանում էին, ասում էին՝ ինչպե՞ս թե 5 տարվա, դու կսարքես, ես կգնամ դիտավորյալ կջարդեմ, ես էլ ասում եմ՝ համաձայն եմ, թող ես սարքեմ, դու գնա ջարդիր, այդ ո՞վ մուրճը կվերցնի ու իր ատամները կջարդի: Մի աղջկա ատամները սարքել էի, նա հետո վթարի էր ենթարկվել, ատամները ջարդվել էին, ես նրա ատամներն անվճար սարքեցի, բոլորը զարմանում էին, բայց այդ աղջիկը հետո ինձ այնքա՜ն հաճախորդներ է բերել: Բիզնեսմենը չպետք է խաբի, այլ մտածի այնպես, ինչպես հաճախորդն է ուզում: Հաջողության ամենամեծ «գաղտնիքը» սրտացավությունն է: Ես Հայաստանում միակ ատամնաբույժը չեմ, Հայաստանի ամենալավ ատամնաբույժը չեմ, բայց ես Հայաստանի ամենասրտացավ ատամնաբույժներից մեկն եմ ուզում լինել: Եթե ես մեկին ասեմ՝ արի ատամներդ սարքեմ, նա կվախենա, բայց երբ ասում եմ՝ դու այսինչ խնդիրն ունես, պետք է տեր կանգնես ու լուծես, ուր ուզում ես գնա, միայն թե բուժիր, խնդիրդ վերացրու, նրանք ասում են՝ դե եկել եմ, էլ ո՞ւր գնամ: Հայաստանում, իմ կարծիքով, հենց սա է պակասում, շատերը մտածում են, թե ինչ գողանան, ինչ փախցնեն, իրենց խոսքով՝ ինչ քերեն: Օրինակ՝ առաջին հաճախորդից ոչինչ չենք ստանում, դեռ մի բան էլ վնաս ենք կրում, ահագին բաներ ենք նվիրում՝ ատամների խնամքի պարագաներ և այլն: Մենք մեր սրտացավությունն ենք իրենց ցույց տալիս, իրենք էլ վստահում են մեզ ու հետո դառնում մեր հավատարիմ հաճախորդները: Ջերմությունը պետք է ցույց տաս»,- անկեղծանում է «Փայլ-դենտի» հիմնադիրը:

Որպես բիզնես՝ կլինիկան խոշոր շահույթներ, մեծ եկամտաբերություն չի ապահովում: Այս առումով այն կարող է հաջողակ բիզնես չհամարվել: Բայց իր ծախսերը լիովին փակում է, բժիշկներն էլ կարողանում են լավ աշխատել ու նորմալ ապրել: Եվ դա արդեն հաջողություն է: Նրանց, ովքեր մտմտում են սեփական գործ սկսելու մասին, Արմեն Գալստյանը կոչ է անում՝ առանց վարանելու սկսել, քանի որ Հայաստանում ավելի շատ հնարավորություններ կան, քան դրսում:

«Ամերիկա գնալով՝ չես կարող ամերիկացուն զարմացնել, այնտեղ արդեն բոլորը զարմացած են: Հայաստանում այդ առումով հնարավորություններ շատ կան, այնքան շատ, որ մենք էլ չգիտենք: Այստեղ կարող ես բիզնես սկսել, մեծ ներդրումներ անել, կարող ես հակառակը՝ փոքրից սկսել, ամեն ինչ հնարավոր է: Հնարավորություններ շատ կան, պարզապես մարդիկ պետք է լինեն ավելի ճկուն, շատ աշխատեն, սրտացավ լինեն իերնց գործի նկատմամբ, ու ամեն ինչ կհաջողվի»,- եզրափակում է Արմեն Գալստյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: