Հայերեն   English   Русский  

Տաշոն՝ Հովսեփ Արղությանը


  
դիտումներ: 14692

1863 թ. Լոռու գավառի Սանահին գյուղում, հայոց հնագույն Արղության-Երկայնաբազուկ ազնվական ընտանիքում ծնվել է հայ ազատագրական շարժման ակնառու ներկայացուցիչներից Իշխանը` Տաշոն՝ Հովսեփ Արղությանը:

Նրա նախնիները ծագում են Զաքարյան արքաներից, Արղության-Երկայնաբազուկները Ռուսական կայսրության գրանցված ազնվական գերդաստաններից էին:

Հովսեփ Արղությանը նախնական կրթությունը ստացել է Սանահինի ծխական դպրոցում, 1884 թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Որպես ուսուցիչ աշխատել է Ջալալօղլիի, Սուրամի, Թիֆլիսի հայկական դպրոցներում:

Դեռ 1889 թ. Իշխանն առաջին անգամ անցել է Արևմտյան Հայաստան, գործակցել Ներսես եպիսկոպոսի, Արաբոյի հետ: Սակայն նա համոզված էր, որ անջատ գործողությունները չեն կարող արդյունավետ լինել, հարկավոր է ստեղծել միասնական, համահայկական ուժ, որպեսզի հնարավոր լինի պայքարել թուրքական բռնապետության դեմ:

Եվ իր ծրագրերի իրականացումը կապելով նոր կազմավորվող ՀՅԴ կուսակցության հետ՝ Իշխանն ակտիվ մասնակցություն ունեցավ կուսակցության հիմնադրման, կազմավորման աշխատանքներում և մեծ ջանքեր գործադրեց նրա կայացման համար:

Նա Տաշո կուսակցական մականունով գործում էր Տրապիզոնում, որտեղ զբաղվում էր ուսուցչությամբ և հեղափոխական գործունեությամբ:

1890 թ. Արղությանը Տրապիզոնում մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին, աքսորվել Քիշնև: Ամիսներ անց, աքսորից վերադառնալով, անցել է Պարսկաստան, Թավրիզ և հսկել ՀՅԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել Արևմտյան Հայաստան զենքի տեղափոխման գործը, անձամբ զինատար խմբեր ուղեկցել Վան: Այս ընթացքում բազմաթիվ ընդհարումներ է ունեցել թուրքերի և քրդերի դեմ: Իշխանը քաջությամբ աչքի է ընկել հատկապես Դերիկի կռիվներում: Հովսեփ Արղությանը նաև հայ կամավորական խմբերի կարգադրիչ մարմնի անդամ էր:

Նա 1897 թ. Խանասորի պատժիչ արշավանքի նախաձեռնողներից և իրականացնողներից էր, արշավանքի ընդհանուր հրամանատարի՝ Վարդանի տեղակալը: Հենց 1897 թվականից նա հայտնի դարձավ Խանասորի Իշխան մականունով:

Նրա մասին երգ է հյուսվել.

Կոտուրից դեպի Վան անցնել շտապով

Աջից Վարդանը,

Ձախից Իշխանը...

Խանասորից հետո Իշխանը դարձյալ հաստատվեց Պարսկաստանում և անցավ նախկին գործին: Սակայն կարճ ժամանակ անց ձերբակալվեց պարսկական իշխանությունների կողմից և հանձնվեց ռուսական կառավարությանը: Բանտարկվել է Մետեխի բանտում, ապա աքսորվել Վոլոգդա: 1903 թ. Հովսեփ Արղությանն ազատվեց կալանքից և վերադարձավ Թիֆլիս:

Արղությանը մեծ դերակատարություն ունեցավ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ՝ կազմակերպելով հայության ինքնապաշտպանական կռիվներն ու թաթարական հարվածային ուժերի ոչնչացումը Կովկասի տարբեր վայրերում:

Երբ սկսվեց Առաջին աշխարհամարտը, Իշխանը կամավորական շարժման կազմակերպիչներից էր: Հետագայում նա նշանակվեց Հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար: Իշխանի հրամանատարությամբ է Առաջին աշխարհամարտին մասնակցել բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո՝ 1918 թ. ամռանը, Իշխանն իր խմբով մեկնել է Արցախ` տեղում զսպելու Ադրբեջանի Հանրապետության ոտնձգությունները:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Հովսեփ Արղությանը մնաց Թիֆլիսում: Նա վիրահայոց Ազգային խորհրդի նախագահն էր: Սակայն 1919 թ., ընտրվելով Հայաստանի խորհրդարանի անդամ, ժամանեց Երևան: Շատ չանցած՝ նա դարձել է ՀՀ դեսպանը Պարսկաստանում: Հովսեփ Արղությանի ուսերին շատ կարևոր առաքելություն էր դրված, քանզի Հայաստանի Հանրապետությունը հարևաններից միայն Պարսկաստանի հետ ուներ բարիդրացիական հարաբերություններ:

1918 թ. նոյեմբերին Երևանի «Օրիենտ» հյուրանոցում ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ընդունելով Երևան ժամանած Պարսկաստանի պատվիրակությանը, հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Պարսկաստանի հետ դիվանագիտական կայուն հարաբերություններ սկսել:

Բանակցություններն ամիսներ են տևում:

1919 թ. օգոստոսին Պարսկաստանի մայրաքաղաք է ժամանում Հովսեփ Արղությանը՝ իր ձեռքում ունենալով Հայաստանի կառավարության հավատարմագիրը. «Ի պատասխան Պարսկաստանի կառավարության բարյացակամ դիրքորոշմանը, Հայաստանի կառավարությունը Նորին կայսերական մեծության շահի կառավարությանը կից լիազոր ներկայացուցիչ է ուղարկում իշխան Արղությանին և նրան տալիս է մանդատ՝ լուծելու բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանին»:

Ըստ էության՝ վաղ միջնադարից ի վեր Հայաստանը հարավային հարևան երկրում դեսպան չէր ունեցել, և Իշխան Հովսեփ Արղությանը եղավ նորագույն շրջանում առաջին հայոց դեսպանը Պարսկաստանում: Նրա առջև երեք հիմնական խնդիր էր դրված՝ բարեկամական հարաբերությունների հաստատում, առևտրական սերտ կապերի ստեղծում, ճանապարհային հաղորդակցության բարելավում:

Նրա աշխատանքն արդյունավետ էր: Շատ չանցած՝ դեսպանատնից բացի, Թավրիզում նաև հյուպատոսարան է բացվում:

Առաջին Հանրապետության տապալումից հետո՝ 1922 թվականից Իշխանը հաստատվել է Փարիզում, որտեղ էլ մահացել է 1925 թ. հոկտեմբերի 15-ին, 62 տարեկան հասակում:

Վահէ Լոռենց





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: