Հայերեն   English   Русский  

​«Այստեղ դու առաջին կարգի մարդ ես». սիրիահայ հայրենադարձ


  
դիտումներ: 20277

«Հայաստանը տարեցտարի փոխվում է: Դուք միգուցե չեք նկատում, բայց երբ դրսից ես գալիս՝ չես կարող չնկատել»,- ասում է Դամասկոսում ծնված, 2009-ին ՀՀ քաղաքացիություն ստացած, իսկ 2013-ին վերջնականապես Հայաստան տեղափոխված սիրիահայ Մարիանա Ճուլյանը:

Մարիանան ավարտել է Դամասկոսի պետական համալասարանը որպես ֆրանսերենի և ֆրանսիական գրականության մասնագետ: Վերջին աշխատավայրը Սիրիայում ՀՀ դեսպանատունն էր: Նա նաև 6 տարեկանից մինչ օրս «Հայ մարմնակրթական ընդհանուր միություն» սկաուտական կազմակերպության անդամ է, և 2002 թ. առաջին անգամ Հայաստան է եկել հենց այդ կազմակերպության կազմում:

Առաջին այցի տպավորություններն ու զգացողությունները խառն ու հակասական էին: Հիշում է՝ օպերայի շրջակայքում միայն «Մեղեդի» սրճարանն էր, որտեղ հերթ էին կանգնում ներս մտնելու համար: Երկրորդ այցը 2007-ին էր, և 5 տարում զգալի փոփոխություններ էին տեղի ունեցել. «Փողոցները, խանութները, ժամանցի վայրերը, մարդիկ, նույնիսկ մարդկանց արտաքինը, հագուկապը ավելի թարմ ու ժամանակակից էր: Հայաստանյան ամենացավոտ խնդիրներից մեկը՝ հաճախորդների սպասարկումը, նույնպես աստիճանաբար բարեփոխվում էր»:

Հաջորդ տարիներից սկսած՝ նա ամեն ամառ գալիս էր Հայաստան, իսկ 2010-ին վերջնական որոշում է կայացնում մեկընդմիշտ տեղափոխվել հայրենիք: «Ճիշտ է, ես Սիրիայում էի ծնվել, բայց այստեղ ինձ ամեն ինչ ավելի հարազատ է. այստեղ դու իրավունք ունես ամեն ինչի՝ սկսած նոր բիզնեսից և վերջացրած քաղաքական դաշտով»,- ասում է զրուցակիցս, որի խոսքերը թերևս շարքային հայաստանցու համար պարադոքսալ կարող են հնչել:

Երբ 2013 թվականին Մարիանան վերջնականապես տեղափոխվում է Հայաստան, առաջին իսկ օրվանից սկսում է աշխատանք փնտրել, այնպիսի աշխատանք, որտեղ ռուսերենի իմացություն չեն պահանջի (ֆրանսերենից բացի, նաև արաբերեն ու իտալերեն գիտի): Աշխատանքի համար դիմում է Հայաստանում գործող արտասահմանյան կամ միջազգային կազմակերպություններ: «Չգիտեմ, բոլորն ասում են, թե էստեղ գործ չկա, բայց 10 օր անց մի քանի տեղից ինձ հարցազրույցի կանչեցին»:

Image may contain: 1 person, smiling, sitting, shoes and outdoorԱշխատանքի է ընդունվում ամերիկյան National instruments ընկերությունում որպես արաբական և ֆրանսախոս երկրների հետ վաճառքի համակարգող: Շուրջ 3 տարի այդ կազմակերպությունում աշխատելուց հետո աշխատանքի է տեղափոխվում «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամ, որը լուրջ աշխատանք է կատարում հայրենադարձության խթանման և հայրենադարձներին հայաստանյան միջավայրին ինտեգրելու գործում: Այս կազմակերպությունում աշխատելը Մարիանայի համար կարևոր էր նաև նրանով, որ կարող էր սեփական փորձառությամբ օգնել նորեկներին:

Ասում է՝ առաջին խնդիրը, որ ունենում են հայրենադարձներն այստեղ, աշխատանք գտնելն է: «Ամեն մեկը ինչ երկրից որ գալիս է, կարծում է, թե նույն ձևով կարող է նաև այստեղ աշխատել: Բայց այդպես չի լինում. պիտի նախ հասկանաս երկրի շուկան, պայմանները, ծանոթանաս ընկերություններին: Մենք այդ ամենն իրենց հետ քննարկում ենք: Վերջին քննարկումը, օրինակ, մաքսազերծման հետ էր կապված, շատերը խնդիրներ են ունենում՝ չիմանալով ներքին օրենքները: Ասում են՝ էստեղ բոլորը փող են վերցնում, բայց էդպիսի բան չկա: Եթե օրենքներից հասկանում ես, հայերեն ես խոսում, բոլոր հարցերն էլ կկարողանաս լուծել: Ես ինքս մեր ապրանքը առանց որևէ իրավաբանի, առանց միջնորդի և առանց կաշառքի կարողացել եմ շատ հեշտությամբ բերել»:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը գործում է 2012 թվականից: Հիմնադրամի տվյալների շտեմարանում շուրջ 5 հազար հայրենադարձի անուն կա: Նրանցից շատ փոքր մասն է, որ եկել է, բայց չի հարմարվել ու հետ է գնացել: Հիմնական մասը մնացել է և չի պատրաստվում հեռանալ Հայաստանից: Հայրենադարձների մեծ մասը, իհարկե, սիրիահայեր են, սակայն նրանց մի մասին կարելի է համարել փախստական, ոչ թե հայրենադարձ: Ամենից շատ, ըստ Մարիանայի, ինքնակամ Հայաստան են տեղափոխվում Միացյալ Նահանգներից (և՛ դասական սփյուռքի ներկայացուցիչներ, և՛ 90-ականներին գնացածների զավակներ, որոնք ծնվել են այնտեղ կամ շատ փոքր են եղել, երբ ծնողները գնացել են), Ռուսաստանից (հիմնականում՝ 90-ականներին գնացածներ) և Իրանից ( բացառապես դասական սփյուռքի ներկայացուցիչներ):

Ի՞նչ է պետք անել հայրենադարձությունը խթանելու համար: Զրուցակցիս կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ սփյուռքահայերն ավելի մոտիկից ճանաչեն Հայաստանը. «Խոսքը հատկապես դասական սփյուռքի մասին է,- շեշտում է նա,- նրանք Հայաստանի մասին մի տեսակ երազային մոտեցում ունեն, կարծում են, թե այստեղ ամեն ինչ իրենց համար շատ հեշտ պետք է լինի, ավելի լավ պայմաններ պետք է ունենան, քան իրենց երկրներում է: Տեղյակ չեն ներքին կյանքի մանրամասներին: Եթե պատրաստ լինեն՝ չեն հիասթափվի: Վերջիվերջո 70 տարի եղել է սովետ, հետո երկրաշարժ, պատերազմ, փակ սահմաններ, կողքիդ երկու թշնամի, այսինքն՝ այստեղ դժվար է, հեշտ չէ»:

Մարիանա Ճուլյան

Մարիանայի համար տեղափոխությունը մեծ սթրես և դժվարություններ չի առաջացրել, քանի որ նա աստիճանաբար է հայրենադարձվել, շուրջ 10 տարի եկել-գնացել է, ինտեգրվել հայաստանյան միջավայրին, հասկացել լավ ու վատ կողմերը: «Դժվարությունները կապված են պարզ, առօրյա բաների հետ, ենթադրենք՝ խոսելու ձևը, շփման ձևը, աշխատաոճը: Ես Միջին Արևելքից եմ, այնտեղ ամեն ինչի նկատմամբ ավելի զգացական մոտեցում կա, ավելի շատ քաղաքավարություն կա: Օրինակ՝ 2007-ին ես Երևանում առաջին անգամ «մարշրուտկա» նստեցի և ապշեցի, երբ մեկը ասաց՝ կանգառում կանգնի՛: Ո՞նց կարելի է հրամայողական տոնով ասել՝ կանգնի և ոչ թե՝ խնդրում եմ, կանգնեք: Կամ տրանսպորտի մեջ տարիքով մեծերը վեր են կենում, տեղը զիջում երեխաներին: Դա ինձ ուղղակի «սպանում» է, չի կարելի, դա փչացնում է սերնդին»:

Մարիանան համոզված է, որ վաղ թե ուշ խորհրդային ժամանակաշրջանից մնացած մտածելակերպը դուրս կմղվի ու մարդիկ կսկսեն ապրել ոչ թե անցյալով, այլ ներկայով ու ներկա պահանջներին համապատասխան. «Սովետը 25 տարի է՝ չկա, բայց մարդիկ դեռ ասում են՝ մենք սովետի ժամանակ էսպես էինք ապրում, էնպես էինք աշխատում: Ինչքան էլ լավ լիներ՝ վերջ, սովետը չկա: Եթե անցյալով ապրես՝ չես կարող քո կյանքը փոխել: Նույնն էլ հիմա սիրիահայերն են՝ ապրում են անցյալով»:

Չհաշված վարքագծի և սովորույթների հետ կապված որոշ տարբերություններ՝ ընդհանուր առմամբ Մարիանայի համար Հայաստանն այն երկիրն է, որտեղ իրեն զգում է հարազատ միջավայրում, ապահով ու ջերմ: Ի տարբերություն շատերի՝ նրա ընտանիքը չի մտածում Սիրիա վերադառնալու մասին նույնիսկ պատերազմի ավարտից հետո: Սիրիայի հետ նրանց արդեն ոչինչ չի կապում, անգամ ունեցվածքն են վաճառել և նորը ստեղծել Հայաստանում: «Հայաստանը նոր երկիր է, նոր ձևավորվող, դու կարող ես շատ գործեր ձեռնարկել: Բոլորը երազում են գնալ Ամերիկա, Եվրոպա, բայց այնտեղ ամեն ինչ կա, կայացած է, դու ոչինչ չես կարող անել: Իսկ այստեղ դու առաջին կարգի մարդ ես: Հայաստանը դեռ երեխա է, պետք է խնամես, որ արդյունքը տեսնես»:






Մեկնաբանություններ - 1

Գուրգեն Վարդանյան     11.08.2017 Սիրյահայերը հայաստանում առաջի կարգից բարձրեն առաջի+ ով են առաջի կարգիեն որովհետեւ հայ են + ունեն որովհետեւ հայաստանցու պես հայաստանից չեն փախնում
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: