Հայերեն   English   Русский  

​Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 15 000-ով 2016 թվականի հուլիսի 1-ի համեմատ


  
դիտումներ: 13901

Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ի մշտական բնակչության թիվը կազմել է 2 979 900 մարդ, որը, ընթացիկ տարվա հունվարի 1-ի համեմատ, նվազել է 6200-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` 15 000-ով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ներկայացնելով 2017 թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշների նախնական տվյալները:

Այս թիվը գրանցվել է միգրացիայի բացասական մնացորդի և բնական հավելաճի ցուցանիշների հաշվին:

Ըստ Կույումջյանի` մշտական բնակչության թվաքանակի նվազման պատճառները մի քանիսն են` ծնելիության նվազում, մահացության ավելացում և երկրից մեկնողների թվի աճ:

«Միգրացիայի մնացորդըկազմել է 8 700 մարդ, այսինքն՝ այսքան քաղաքացիներ այս տարի ՀՀ-ից մեկնել և չեն վերադարձել»,- ասաց նա:

Այս տարվա վեց ամսում ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 6,5 տոկոսով: Կենդանի ծնունդների թիվը կազմել է 17 169 դեպք: Ծնելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում, ամենաբարձ ցուցանիշը՝ Երևանում: Վեց ամսում 100 աղջկա հաշվով ծնվել է 110 տղա:Ավելացել է մահացության դեպքերի քանակը` 2,1 տոկոսով. նախորդ տարվա 14 403 դեպքի համեմատ` այս տարի գրանցվել է մահվան 14 709 դեպք: Այս տարվա վեց ամսում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մահացության դեպքերն ավելացել են 306-ով կամ 2,1 տոկոսով: Մահացության 14 հազար 709 դեպքի 57,3 տոկոսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով, այնուհետև նորագոյացություններ, շնչական օրգանների, մարսողական օրգանների հիվանդություն, դժբախտ պատահարներ, թունավորումներ, վնասվածքներ:

Ինչ վերաբերում է ամուսնություններին, ապա դրանց թիվը առաջին կիսամյակոքւմ կազմել է 7234 դեպք: 2016 թվականի հունվարի-հունիս ժամանակաշրջանի համեմատ շուրջ 6,5 տոկոսով նվազել է, իսկ ամուսնալուծության դեպքերը շուրջ 11,2 տոկոսով ավելացել են՝ 1949 ամուսնալուծության դեպք 2016 թվականի առաջին կիսամյակի 1753 –ի դիմաց:

Ըստ Կույումջյանի ներկայացրած տվյալների՝ աղջիկներին ամենաշատը անվանել են Մարիա, Նարե, Մանե, Մարի, Մարիամ, Անի, Անահիտ, Անգելինա, Էլեն, Միլենա, տղաներին՝ Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Մարկ, Սամվել, Արամ, Արթուր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: