Հայերեն   English   Русский  

​Այրվել է գյուղապետարանի շենքն ու գույքը


  
դիտումներ: 535

Օգոստոսի 1-ին՝ ժամը 00:29-ին, Շիրակի մարզի 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել:

Ինչպես Անկախի հետ զրույցում նշեց Մեծ Սարիարի գյուղապետ Բաբիկ Ավետիսյանը, հրդեհի պահին ինքը գյուղում չի եղել: Գիշերը ուժեղ կայծակ է եղել, նաև անձրև: Գյուղապետարանի հարևանությամբ ապրողները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է շենքն այրվում: Նշենք, որ գյուղապետարանի շենքը փայտյա շինություն է:

Գյուղացիներն ահազանգել են հրշեջներին, ապա փորձել իրենց ուժերով կրակը մարել: Հրշեջ-փրկարարներից մոտ 5 ժամ է պահանջվել 150 քմ մակերեսով շենքի կրակը հանգցնելու համար:

Ինչպես տեղեկացրեց Բ. Ավետիսյանը, նախնական տեղեկություններով՝ այրվել են համակարգիչները, տպիչները, ներսում գտնվող գույքն ու փաստաթղթերը:

Այս պահին գյուղապետարանի երկաթյա դուռը փակ է, սպասում են ոստիկանների ժամանմանը, որպեսզի տեսնեն, թե ներսում ինչ է կատարվել:

Գյուղապետը դժվարացավ նշել՝ հրդեհը կայծաքի հետևանքով է բռնկվել, թե էլեկտրական լարերի կարճ միացում է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: