Հայերեն   English   Русский  

​Էրդողանի կուսակցությունն իր ներկայացուցչությունը կբացի Ադրբեջանում


  
դիտումներ: 644

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), որն իր առաջին օտարերկրյա ներկայացուցչությունը բացել է Բրյուսելում, մտադիր է նույն անել նաև ևս վեց երկրներում, այդ թվում` Ադրբեջանում:

Այս մասին հաղորդում է «Ահաբեր» լրատվական կայքը:

Նման որոշում կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված իշխող կուսակցության Կենտրոնական գործադիր խորհրդի հանդիպմանը: Այդ ներկայացուցչությունների բացման գործընթացն արդեն սկսվել է: Նախապես դրանք կբացվեն Ադրբեջանում, Արևմտյան Եվրոպայի և Բալկանների երկրներում, ինչպես նաև` Միացյալ Նահանգներում:

Իշխող կուսակցությունը հատկապես կարևորում է Գերմանիայում բացվելիք ներկայացուցչությունը, քանի որ այնտեղ մեծաքանակ թուրքական սփյուռք կա: AKP-ի ներկայացուցչությունները միտված են աջակցել թուրք տարագիրների և իրենց հայրենիքներից ներգաղթյալների կապերի ամրապնդմանը, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը հակաքարոզչությամբ հանդես գալուն:

Բացի այդ, դրանք կնպաստեն արտասահմանում տարբեր բնույթի թուրքամետ ակցիաներ կազմակերպելուն` «տհաճ միջադեպերից խուսափելու համար, ինչպես, օրինակ, Թուրքիայում անցկացված հանրաքվեի նախօրեին Նիդեռլանդներում քարոզչական հանրահավաքներ անցկացնել թույլ չտալն է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: