Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 12022

Օգոստոսի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի կունենա համերգ` նվիրված հայ ազգային երգ ու պարին: Մասնակցում են «Նարե» և «Կոլիբրիս» պարային համույթները, Էդիկ Սեյրանյանը, «Սասուն» ազգային երգի-պարի համույթը:

Օգոստոսի 9-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» մոնոներկայացումը: Բեմադրությունը՝ Դավիթ Հակոբյանի: Բեմականացման հեղինակ և դերակատար ՝ Գրետա Մեջլումյան:

Օգոստոսի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Ծրագրում` համաշխարհային հոգևոր երաժշտության ընտրանի:

Օգոստոսի 10-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացվի Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» կատակերգությունը: Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Հակոբ Ղազանչյանի: Դերերում՝ Բորիս Պեպանյան, Մարիամ Ղազարյան, Անի Քոչարյան, Հասմիկ Վերդյան:

Օգոստոսի 11-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դաշնակահար Հարություն Թագվորյանի մենահամերգը: Միջոցառումը նվիրվում է Հարություն Թագվորյանի բեմական գործունեության 30-ամյակին: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից: Հարություն Թագվորյանը սովորել է Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ դաշնամուրի և երգեհոնի բաժիններում: Այժմ աշխատում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում ՝ զուգահեռ զբաղվելով երաժշտական տարբեր գործունեությամբ: Մուտքն ազատ է:

Օգոստոսի 12, 13-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա «EPIC» միջազգային բացօթյա ռոք փառատոնը: Երկօրյա ռոք փառատոնը կոչված է միավորելու հազարավոր մարդկանց։ Այն բնության գրկում ֆանտաստիկ ռոք երաժշտություն վայելելու, ինչպես նաև բաց երկնքի տակ, վրաններում գիշերելու հնարավորություն է տալիս բոլոր մեծերին, երիտասարդներին, բոլորին։ Այն մեծ տոն է լինելու ՝ DOGMA, Vostan Hayots, Vordan Karmir, EMPYRAY, Rozen Tal, Nemra, Vishup Ensemble, The Black Marrows և այլ հայտնի խմբերի մասնակցությամբ։

Օգոստոսի 17-ին «Բոհեմ» թատրոնում կներկայացվի «Մորաքույրը Փարիզից» կատակերգությունը: Գլխավոր դերերում՝ Նարեկ Դուրյան, Զավեն Աբրահամյան, Արա Դեղտրիկյան և ուրիշներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: