Հայերեն   English   Русский  

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Թուրքիայի և Եվրամիության նախկին հարաբերությունների ավարտի մասին


  
դիտումներ: 1345

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի` մահապատժի վերականգնման մասին հայտարարությունները վերջ են դնում Անկարայի և Բրյուսելի նախկին հարաբերություններին:

Վերջինս կրկին անդրադարձել է Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների անհիմն ձերբակալմանը, ինչպես նաև արդարադատության, կառավարման և հասարակական կարգի ոլորտներում հազարավոր մարդկանց` աշխատանքից հեռացմանը: «Մեզ համար պարզ է` Թուրքիան, որը շարունակում է նույն ուղղությամբ շարժվել, երբեք չի անդամակցի Եվրոպական միությանը: Մահապատժի վերականգնման մասին բազմաթիվ հայտարարությունները վերջ են դնում Եվրոպայի և Թուրքիայի միջև հարաբերություններին»,- ասել է Գաբրիելը «Stern» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:

Ավելի վաղ Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը և իր վարկային ու ներդրումայի ծրագրերը Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորման պատճառով: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին այդ հայտարարություններն անընդունելի է անվանել` նշելով, որ դրանք խորացնում են երկու երկրների միջև ճգնաժամը:

Ընթացիկ տարվա ապրիլին Թուրքիայում կայացել է սահմանադրական հանրաքվե, որն ավարտվել է կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի անցման կողմնակիցների հաղթանակով: Ակնկալվում է, որ նոր լիազորություններով օժտված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավանաբար, երկրում մահապատիժը վերականգնելուն միտված հանրաքվե կանցկացնի:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ավելի վաղ հայտարարել է, որ եթե նույնիսկ Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, այն չի կարող կիրառվել ապստամբների նկատմամբ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի: Ապստամբներ ասելով` վարչապետ Յըլդըրըմը նկատի ունի 2016 թ-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին: Թուրքիան որպես դրա կազմակերպիչ համարում է Միացյալ Նահանգներում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: