Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ազատազրկման են դատապարտել Չեխիայի երկու քաղաքացու


  
դիտումներ: 972

Թուրքական դատարանը Չեխիայի երկու քաղաքացիwu դատապարտել է վեց տարի և երեք ամիս ազատազրկման քրդական շարժմանն աջակցելու համար: Այս մասին գրում է «Hurriyet Daily News»-ը:

Մարկետա Վշելիխովան և Միրոսլավ Ֆարկասը թուրքական իշխանությունների կողմից ձերբակալվել էին 2016 թ-ի նոյեմբերին թուրքական Շընաք նահանգում: Նրանց մեղադրել են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորմանն անդամակցելու մեջ, որին Թուրքիան համարում է ահաբեկչական: Դատախազը որպես ապացույց բերել է այն փաստը, որ ձերբակալվածների հեռախոսներում հայտնաբերվել են քրդական երաժշտություն և YPG-ի խորհրդանշով լուսանկար:

Իրենց հերթին Չեխիայի քաղաքացիները պնդում են, որ Թուրքիայում գտնվել են հումանիտար նպատակներով: Ինչպես հաղորդում է «Radio Praha»-ն, Մարկետա Վշելիխովան և Միրոսլավ Ֆարկասը թուրքական սահմաններին զբաղվել են դաշտային հոսպիտալի կազմակերպման աշխատանքներով: Մինչև Թուրքիա մեկնելը իրենց ծրագրերի մասին նրանք պատմել են իրենց ընկերոջը: «Նրանց նպատակը եղել է դաշտային հոսպիտալ ստեղծելը, քանի որ նրանք եղել են սարսափելի բաների ականատես, շատ մարդիկ մահացել են, քանի որ չեն կարողացել բժշկական օգնություն ստանալ»,- հայտարարել է նա:

Թուրքիայի իշխանությունների գործողություները դատապարտել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը: Վերջինս դատարանի որոշումն անվանել է «մեծ անձնական հիասթափություն»` խոստանալով այն քննարկել իր թուրք գործընկերոջ հետ:

Օգոստոսի 2-ին Թուրքիայում YPG-ի հետ ենթադրյալ կապերի համար ձերբակալվել է նաև Ֆանսիայի քաղաքացի Ռենե Բյուրոն: Հուլիսին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպության տեղի մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչին: Նրան ներկայացվել է ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանք:

Պաշտոնական Անկարան Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող YPG-ն համարում է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) ճյուղավորում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: