Հայերեն   English   Русский  

​Առուվաճառք և մատակարարում, ո՞րն է սրանց տարբերությունը


  
դիտումներ: 12804

Հաճախ կարելի է շփոթել այս երկու երևույթները: Հենց այդ պատճառով էլ որոշեցինք այս համարում բացահայտել առուվաճառքի և մատակարարման պայմանագրերի էությունը և վեր հանել դրանց հիմնական տարբերությունները:

Ի՞նչ է առուվաճառքի պայմանագիրը: Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

Ի՞նչ է մատակարարման պայմանագիրը: Մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

Բացահայտելով այս երկու պայմանագրերի էությունը՝ պարզ տեսնում ենք դրանց երկու հիմնական տարբերությունները, որոնք պայմանավորված են այս պայմանագրերի առանձնահատկություններով: Առաջինը՝ պայմանագրերի նպատակն է: Եթե առուվաճառքի պայմանագրի դեպքում էական չէ, թե ինչ նպատակով է ձեռք բերվում առուվաճառքի առարկա գույքը, ապա մատակարարման պայմանագրի դեպքում նպատակը հստակ է՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար: Երկրորդ տարբերությունը սուբյեկտներին է վերաբերում: Եթե առուվաճառքի պայմանագրով վաճառող կարող է հանդիսանալ ցանկացած անձ, ապա մատակարարման պայմանագրի դեպքում վաճառող կարող է լինել միայն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը:

Այս երկու պայմանագրերի օրենսդրական մեկնաբանություններից պարզ է դառնում, որ այս երկուսի միջև տարբերություն կա նաև՝ կապված ապրանքի հանձնման ժամկետների հետ: Եթե առուվաճառքի պայմանագրով ապրանքի հանձնումը, որպես կանոն, տեղի է ունենում պայմանագրի կնքման պահին, ապա մատակարարման պայմանագրի դեպքում գործնականում այլ իրավիճակ է: Հենց սահմանումից է բխում (ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին), որ գնված ապրանքները պետք է հանձնվեն ապագայում, և հիմնականում հենց այդպես էլ լինում է. պայմանագրի կնքման և ապրանքի փաստացի հանձնման միջև ընկած է լինում որոշակի ժամանակահատված:

Մեկ այլ տարբերություն էլ կա՝ կապված պայմանագրի ձևի հետ: Եթե առուվաճառքի պայմանագիրը միշտ չէ, որ կնքվում է գրավոր, ապա մատակարարման պայմանագիրը միշտ պետք է կնքվի գրավոր:

Սրանք էին առուվաճառքի և մատակարարման պայմանագրերի հիմնական տարբերությունները: Հուսով ենք, որ այս հոդվածը ձեզ կօգնի հեշտորեն տարանջատելու այս երկու պայմանագրերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: