Հայերեն   English   Русский  

​Գյուղապահովագրությունը կարևոր է, բայց չկա ու չկա


  
դիտումներ: 13732

Վերջերս տարբեր գյուղերում տարբեր մարդկանց հետ զրույցները մի ընդհանուր եզր ունեին. բոլորն ինչ-որ կետում հանգում էին գյուղապահովագրության խնդրին:

Ամեն տարի կարկուտից, սելավներից, երաշտից ու այս կամ այն կարգի աղետներից տուժում են եթե չասենք հազարավոր, ապա գոնե հարյուրավոր գյուղացիական տնտեսություններ ու ֆերմերներ: Վերջերս էլ կարկուտից տուժեցին Արագածոտնի, Շիրակի ու Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր, մի քանիսում բերքը 100 տոկոսով փչացավ, գյուղացիների ամբողջ տարվա ապրուստը, չարչարանքն անդառնալիորեն ջուրն ընկավ:

Գյուղատնտեսության ապահովագրության անհրաժեշտությունն ակնհայտ է: Խոսում ենք ոչխարաբուծությունից ու այծաբուծությունից ու հասնում այն կետին, որ եթե, Աստված չանի, գայլը վրա տա հոտին, գյուղացին էլի մնում է դառը ճակատագրի անժամկետ պատանդը: Ազգականիս տղայի հետ զրուցում ենք կաշվի առևտրից, նա հետաքրքրվում է, թե Երևանում կաշին ինչ գներով են մթերում: Քանի որ վերջերս եմ անդրադարձել Երևանի կաշվի գործարանի վերագործարկմանն ու ոլորտից որոշ աղքատիկ տվյալներ ունեմ, խոսում ենք կաշվի որակից, թե ինչու է հայ գյուղացիների ունեցած կաշին` ունենալով աշխարհում լավագույն կաշիներից մեկը դառնալու բոլոր հնարավորությունները, այնուամենայնիվ, ցածր տեսակի կաշի դառնում:

Ասում եմ՝ կաշեգործները բողոքում են, որ գյուղացիները մորթը ճիշտ չեն կազմակերպում, կաշվի նախնական մշակման ժամանակ տեխնիկական աղ են ցանում կաշվի ու մորթու վրա և դրանով փչացնում այն, որ աշխարհում իր որակական հատկանիշներով միայն եթովպիականին զիջող հայկական կաշին (դա հավաստիացնում էին կաշեգործները) դրա հետևանքով դառնում է 4-5-րդ տեսակի կաշի, և այլն: Ու ազգականս մի հետաքրքիր փաստարկ է բերում. այդ դեպքում մորթը պետք է կատարվի բացառապես սպանդանոցներում: Ասում եմ` այսպես թե այնպես, համաձայն նոր կարգի, հենց այդպես էլ լինելու է, իսկ նա առարկում է` այդտեղ էլ է գյուղացին տուժում, քանի որ եթե հանկարծ իր անասունն ինչ-ինչ պատճառներով ենթակա լինի արագ մորթի, ու ինքը չկարողանա այն հասցնել սպանդանոց, այդ անասունը պարզապես կորչելու է: Ու այդ կետում դարձյալ անցնում ենք գյուղապահովագրության մասին խոսակցությանը:

Մի խոսքով, մասնագետները կարծում են, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման լավագույն խթանը կարող է լինել գյուղացիական ապահովագրությունը: Ի վերջո, բնության քմահաճույքները գյուղատնտեսությանն ամեն տարի միջինը 30-40 մլրդ դրամի վնաս են հասցնում: Մինչդեռ այս կամ այն աղետի կամ վնասի դեպքում պետությունը, լավագույն դեպքում, կփոխհատուցի տվյալ ֆերմերի կրած վնասների միայն աննշան, չնչին մասը, իսկ գյուղացին կշարունակի կանգնած մնալ կոտրած տաշտակի առաջ: Բայց ներկայիս գյուղատնտեսական ենթակառուցվածքների կամ ավելի ճիշտ` դրանց բացակայության, հավելյալ ռիսկերի նվազեցման համակարգերի բացակայության պայմաններում ոչ մի ապահովագրական ընկերություն ոտք չի դնի գյուղ: Այնինչ գյուղապահովագրության անհրաժեշտության մասին խոսել է վերջին 5-6 տարիների յուրաքանչյուր իրեն հարգող վարչապետ ու գյուղնախարար: ՀՀ կառավարության 2014-2017 թթ. ծրագրում էլ ընդգրկված էր գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման հայեցակարգը, անգամ տարբեր առիթներով նշվում էր, թե արդեն իսկ որոշակի քայլեր են կատարվել: Բայց դրանց արդյունքները ոչ ոք դեռ չի տեսել:

Անցյալ տարեվերջին տեղեկատվություն տարածվեց, թե գյուղատնտեսության նախարարությունը ծրագրում է 2017 թ. ներդնել փորձնական գյուղատնտեսական ապահովագրություն, որը պետք է տարածվի բնական հինգ աղետների և գյուղատնտեսական արտադրանքի վրա:

Այստեղ, սակայն, մի շատ նուրբ ու էական հանգամանք կա: Յուրաքանչյուր ապահովագրություն նաև պահանջում է ռիսկերի կառավարման համակարգ, հատկապես՝ ամենառիսկայինը համարվող գյուղոլորտում: Ու որքան բարձր է ապահովագրվող ոլորտի ռիսկը, այնքան խիստ են ռիսկերի կառավարման համակարգերն ու այնքան բարձր են ապահովագրավճարները: Պատահական չէ, որ ժամանակին, երբ խոսվում էր գյուղապահովագրության կարևորության մասին, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշում էր, որ պարտադիր գյուղատնտեսական ապահովագրությունն առայժմ շոշափելի օգուտներ չի խոստանում գյուղացիների համար, քանի որ ֆերմերային տնտեսությունների ներկայիս եկամտաբերության պայմաններում այդ մեխանիզմը միայն լրացուցիչ ծախս է դառնալու ֆերմերի համար: Եվ նրա ասածների մեջ ճշմարտություն կար: Որովհետև կարևոր է ոչ միայն ապահովագրական համակարգը, այլև ապահովադրության ինստիտուտներն ու մշակույթը, որոնք արդեն ո՛չ կառավարությունից են կախված, ո՛չ գյուղատնտեսության նախարարությունից: Հարց է` գյուղացին պատրա՞ստ է լրացուցիչ ծախս հանձն առնել: Փորձը ցույց է տալիս, որ քանի դեռ մարդ խնդիրների չի հանդիպել, նրան թվում է, թե խնդիրները պետք է շրջանցեն իրեն: Իսկ հայ գյուղացին, որի համար անգամ հարյուր դրամի լրացուցիչ ծախսը շատ սուր է ընկալվում, պատրա՞ստ է դառնալու ապահովադիր: Ըստ ամենայնի՝ ոչ:

Փորձենք հիմնավորել մեկ օրինակով: Այս տարի՝ ոռոգման սեզոնի բացվելու ժամանակ, Սյունիքի մարզի մի գյուղում շատ հետաքրքիր երևույթի ականատես եղանք: Ջրվարը մի թաղամասի բնակիչներին առաջարկում էր հավաքվել ու միասին մուծել 7 անգամվա ջրի գումար, և ոռոգման համակարգում միշտ ջուր կունենան, որպեսզի ով ինչքան ուզի՝ ջրի իր բանջարանոցը: Մեկ-երկու հոգի համաձայնեց, իսկ մնացածը հրաժարվեցին` դա ոչ ձեռնտու տարբերակ համարելով: Հիմա, եթե այդ նույն գյուղացուն ասեն, որ տարեկան այսքան գումար պետք է վճարի, որ հնարավոր կարկուտի կամ այլ աղետի դեպքում ապահովագրավճար ստանա, նա կհամաձայնի՞: Իսկ եթե պետությունը որոշի այդ ապահովագրությունն էլ դարձնել պարտադիր, ինչպես, օրինակ` ԱՊՊԱ-ն, ապա հավանական է, արձագանքը կլինի այնպես, ինչպես ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ:

Այնպես որ, գյուղապահովագրություն հանելուկի լուծումը եղել և մնում է գյուղոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: